Ավանդը ժառանգվող գումար է. Ավանդների դիմաց փոխհատուցումը անձի անխզելի իրավունքն է

ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993 թ. հունիսի 10–ը ներդրված ավանդների վերադարձման` տարիներով չարչրկված խնդրին շուրջ երկու տարի առաջ պետությունը մասնակի լուծում առաջարկեց` ավանդների դիմաց փոխհատուցման տեսքով: 2006 թ. բյուջեի մասին օրենքը սահմանեց փոխհատուցման ամենակարեւոր հատկանիշը` հասցեականությունը: Դա նշանակում է, որ այն պետք է ուղղված լինի սոցիալապես խոցելի խմբերին` ընտանեկան նպաստի համակարգում 2005թ. հուլիսի 1–ից մինչեւ 2006թ. ապրիլի 1–ն անընդմեջ հաշվառված ընտանիքների այն անդամներին, ովքեր նույն օրենքով սահմանված կարգով որոշակի առաջնահերթության իրավունքից են օգտվում: Ինչպես հայտնի է, դրանք կենսաթոշակառուներն են, նախ` 70–ն անց, ապա` մինչե 70 տարեկան, հետո` միայնակ կենսաթոշակառուները, որոնց վճարումը կատարվում է յուրաքանչյուր ամիս, օրենքի սահմանած հերթականությամբ: Ավելի ուշ ՀՀ կառավարության որոշումը մանրամասնեց վճարման հերթականությունը, եւ արդեն երկրորդ տարին է, ինչ բյուջեից տրամադրվող 1 մլրդ դրամը յուրաքանչյուր ամիս բաշխվում է ցուցակում ընդգրկված անձանց` ըստ հերթականության:
Առաջնահերթության իրենց իրավունքից արդեն օգտվել են 70–ն անց միայնակ, անժառանգ կենսաթոշակառուները: Աղետի գոտու եւ սահմանամերձ բնակավայրերի 70–ն անց կենսաթոշակառուներից հետո փոխհատուցում կտրվի չորս եւ ավելի երեխա ունեցող ընտանիքների դարձյալ 70–ն անց կենսաթոշակառուներին: Ավելի ուշ կհասնի 70 տարեկանից բարձր այն կենսաթոշակառուների հերթը, ովքեր որեւէ այլ սոցիալական խմբի չեն պատկանում:
2006 թվականին շուրջ 6500 ավանդատու է օգտվել փոխհատուցման իրավունքից: Հատկացված 1 մլրդ–ի 110 մլն դրամը ծախսվել է համակարգի ներդրման եւ պահպանման նպատակով: Ավանդատուներին է վճարվել 890 մլն դրամ:
2007–ին որպես փոխհատուցում կտրվի 974 մլն դրամ, որից 650 միլիոնը, համաձայն ներկայացված հայտերի, պետք է վճարվեր առաջին 8 ամիսներին: Մինչեւ տարեվերջ ամիսը շուրջ 81 մլն դրամ կտրամադրվի: Թե քանի ավանդատու կօգտվեն փոխհատուցումից, այժմ հնարավոր չէ ասել, քանի որ ավանդների չափերը տարբեր են, եւ կվճարվի այնքան, որքան գումար կհատկացվի: Համակարգի պահպանման ծախսերի համար 2007–ին նախատեսված է ընդամենը 26 մլն դրամ:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության նպաստների եւ սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանը տեղեկացրեց, որ արդեն 8547 վճարում է կատարվել: Դա չի նշանակում, թե այդքան ավանդատու փոխհատուցում է ստացել, քանի որ երբեմն անձը մեկից ավելի գրքույկ է ունենում, որոնց մեջ լինում են նաեւ վիճահարույց գումարներ: Դրանք ճշգրտելուց հետո ավանդատուն մեկ անգամ եւս ընդգրկվում է ցուցակում, իր սոցիալական խմբին համապատասխան հերթում:
ՙԱվանդների վերաբերյալ հարցումներով ավելի շատ դիմում ենք ստանում, քան նպաստների,–ասաց վարչության պետը: –Դիմումատուների հիմնական մասի խնդրանքը մեկն է` հերթը առաջ բերել: Ուզում եմ տեղեկացնել, որ հերթի սահմանման հարցում որեւէ փոփոխություն նախատեսված չէ, եւ ոչ նախարարությունը, ոչ էլ որեւէ այլ մեկը նման բան չի կարող անել: Այդ է պատճառը, որ մեր պատասխանը միշտ բացասական է լինում՚:
Այսուհանդերձ, կա մեկ հանգամանք, որը կարող է առաջ բերել ավանդատուի հերթը. եթե նրա տվյալներում այնպիսի ճշգրտում կատարվի, որը կբերի կարգավիճակի փոփոխության:
Ավանդատուներին անհանգստացնող եւս մեկ հարց կա, որը նույնպես իր հստակ պատասխանն ունի. ավանդատուի մահից հետո նրա ժառանգներն իրավունք ունե±ն ստանալ փոխհատուցվող գումարը:
ՙԿառավարության որոշումը սահմանում է, որ փոխհատուցման իրավունքը անխզելի իրավունք է եւ չի ժառանգվում, փոխհատուցում ստացողի մահվամբ այդ իրավունքը դադարում է,– մեկնաբանում է Ա. Մինասյանը: –Եթե անձը մահացել է ավելի վաղ, քան նրա անունը կհայտնվի ցուցակում, ապա նրա ժառանգները որպես փոխհատուցում տրվող գումարը չեն կարող ստանալ: Միայն այն դեպքում, երբ փոխհատուցում ստացողն ընդգրկված է ցուցակում, գումարը փոխանցվել է, եւ ավանդատուն այդ ընթացքում է մահացել` չհասցնելով ստանալ գումարը, ապա ժառանգության ձեւակերպումից հետո այն կվճարվի ժառանգներին՚:
Հիշեցնենք, որ սա ոչ թե ավանդների վերադարձ է, այլ փոխհատուցում: Փոխհատուցում ստացողների ավանդների գրքույկների վրա դրոշմակնիք է դրվում, ինչը վկայում է արդեն փոխհատուցում ստացած լինելու մասին: Գրքույկը վերադարձվում է տիրոջը, եւ վերջինս պահպանում է իրավունքը իր ներդրած ավանդի նկատմամբ: Այդ իրավունքն արդեն ժառանգաբար փոխանցվող իրավունք է, եւ եթե պետությունը երբեւէ հնարավորություն ունենա ոչ թե փոխհատուցել, այլ վերադարձնել ավանդները, ապա ավանդատուի մահվան դեպքում նրա ժառանգները իրավունք կունենան ստանալ այն:

Անուշ ՍԱՄՎԵԼՅԱՆ
ՙՀայաստանի Հանրապետություն՚ օրաթերթ
05.09.2007

ԿԻՍՎԵԼ