Հանդիպում ՉԺՀ դեսպանի հետ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Աղվան Վարդանյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Խուն Ցզյուինին: Նախարարը, շնորհավորելով հյուրին նշանակման կապակցությամբ, վստահություն հայտնեց, որ հայ-չինական հարաբերություններն էլ ավելի կզարգանան: Պարոն Վարդանյանը նշեց, որ ՉԺՀ նվաճումները տնտեսության և սոցիալական ոլորտում տպավորիչ են: Նա հատկապես կարևորեց աղքատության հաղթահարման գործում Չինաստանի փորձը: Սոցիալական ոլորտում կոնկրետ ծրագրեր դեռևս չեն իրականացվում, սակայն ժամանակն է համագործակցություն հաստատել երկու երկրների սոցիալական ապահովության ոլորտի պատասխանատու պետական կառույցների միջև:

Համակարգված աշխատելու նպատակով նախարարն առաջարկեց մշակել փոխըմբռնման հուշագիր: Դեսպանը պատրաստակամություն հայտնեց համապատասխան քայլեր ձեռնարկել` աշխատանքի և սոցիալական ապահովության ոլորտում երկու երկրների միջև համագործակցությունն ակտիվացնելու ուղղությամբ: Նախարարությունը մոտ ժամանակներս կներկայացնի իր մոտեցումներն ու ծրագրերը: Դեսպանի օժանդակությամբ համագործակցության առաջարկներ կներկայացնի նաև չինական կողմը:

ԿԻՍՎԵԼ