2006թ. նախարարությունը շարունակել է աշխատանքի և սոցիալական ոլորտի քաղաքականության հիմնական գերակայություններն ավարտական տեսքի բերելու աշխատանքները` առավել համահունչ դարձնելով կառավարության սոցիալ-տնտեսական քաղաքականությանը և եվրակառույցների հիմնարար սկզբունքների վրա խարսխված չափորոշիչներին, դրանցից բխող պարտավորություններին:
Լուրջ քայլեր են ձեռնարկվել սոցիալական պաշտպանության համակարգի զարգացման ու կատարելագործման, այդ համակարգը կանոնակարգող իրավական ակտերի ստեղծման ուղղությամբ: Կարևորվել է բնակչության արդյունավետ զբաղվածության ապահովումը, աշխատանքով պայմանավորված` եկամուտների ավելացումը, սոցիալական իրավունքի լիարժեք իրացման պայմանների ստեղծումը, սոցիալական աջակցության հասցեականության մեծացումը, կենսաթոշակների ու նպաստների շարունակական աճը: Մշտական ուշադրության կենտրոնում են եղել հաշմանդամների, տարեցների, կանանց ու երեխաների հիմնահարցերը: Ակտիվացել են շփումները միջազգային կազմակերպությունների հետ, սոցգործընկերության կողմերի միջև ծավալվել է փոխշահավետ երկխոսություն:
2006թ. նախարարության մշակած և ՀՀ կառավարություն ներկայացրած 17 օրենքի նախագծից 10 ն արդեն իսկ ընդունել է ՀՀ ԱԺ, ընդունվել է ՀՀ կառավարության և ՀՀ վարչապետի 48 որոշում: Պետական գրանցում է ստացել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 14 նորմատիվ հրաման: Քննարկման փուլում են օրենքի 7 և ՀՀ կառավարության որոշման 10 նախագծեր:
Մշակվել է ՀՀ ժողովրդագրական քաղաքականության հայեցակարգը:
Նախարարության միջոցով ֆինանսավորվող պետական բյուջեի 40 ծախսային ծրագրերով նախատեսվել է շուրջ 32,478,7 մլն դրամ: Նախնական տվյալներով` փաստացի ֆինանսավորումը կազմել է 32,384,6 մլն դրամ կամ նախատեսվածի 99,71%-ը:
Մարդասիրական օգնության և բարեգործական նվիրատվությունների միջոցով ստացվել է 193,7 մլն դրամի ինչպես բնաիրային, այնպես էլ դրամական օգնություն:
Աշխատանք և զբաղվածություն: Այս բնագավառում վարվող քաղաքականության նպատակն է նպաստել տնտեսության զարգացմանը, աշխատաշուկայում աշխատանք փնտրողների մրցունակության բարձրացմանը, գործատուների կողմից նոր աշխատատեղերի ստեղծմանը, դրանք համապատասխան մասնագետներով համալրմանը:
2007թ. հունվարի 1-ի դրությամբ զբաղվածության տարածքային կենտրոններում հաշվառված է աշխատանք փնտրող 102172 քաղաքացի, որից գործազուրկ է 84574-ը: Տարվա ընթացքում աշխատանքի է տեղավորվել 8268 մարդ, ժամանակավոր աշխատանքով ապահովվել է շուրջ 10250-ը: Գործազրկության մակարդակը կազմել է 7,2%` տարեսկզբի 7,7%-ի փոխարեն: Տարեսկզբից գործազրկության նպաստ ստանալու իրավունք է ձեռք բերել շուրջ 12500 գործազուրկ` նախորդ տարվա 8645-ի փոխարեն:
2006թ. ուսուցման ծրագրերում ընդգրկվել է 948 գործազուրկ, 98 հաշմանդամ: Մոտ 100 անձ ուսուցումն ավարտելուց անմիջապես հետո տեղավորվել է աշխատանքի: 2006թ. աշխատանքի է տեղավորվել 2005թ. ուսուցում անցածների մոտ 70%-ը:
Ավելացել է ՙՎարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպում՚ ծրագրում ընդգրկված անձանց թիվը` 10254 մարդ:
ՄԱԿ-ի Համաշխարհային պարենի ծրագրի «Սնունդ ուսուցման դիմաց» ծրագրում ընդգրկվել է աշխատանք փնտրող 1300 անձ:
Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Դպրոցական աշխատակազմի օպտիմալացման և սոցիալական աջակցության» ծրագրի շրջանակներում 1705 ուսուցիչ տեղավորվել է աշխատանքի, 1500-ն ընդգրկվել են տարբեր ենթածրագրերում:
Շարունակվել են աշխատանքային իրավահարաբերությունները կարգավորող օրենսդրության կատարելագործման աշխատանքները: «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությամբ նվազագույն ամսական աշխատավարձը 15000 դրամի փոխարեն 2007թ. սահմանվել է 20000 դրամ, քաղաքացիական ծառայողների բազային աշխատավարձը 30000 դրամի փոխարեն սահմանվել է 35500 դրամ: «Հանրային ծառայողների վարձատրության ռազմավարությունը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով առաջարկվել են հանրային ծառայողների վարձատրության միասնական մեխանիզմներ: Ներկայացվել են զեկուցներ ԱՄԿ-ի կոնվենցիաներով և Վերանայված եվրոպաական սոցիալական խարտիայով ՀՀ ստանձնած պարտավորությունների մասին:
Աշխատանքի պետական տեսչություն: Կատարվել են 4950 ծրագրային և ըստ անհրաժեշտության ստուգումներ, արձանագրվել է թերությունների և խախտումների ավելի քան 11120 դեպք, կազմվել է շուրջ 4890 ակտ, գործատուների կողմից աշխատողներին վճարվել է ավելի քան 51 մլն դրամ չհաշվարկված և չվճարված աշխատավարձ, իսկ վարչական տուգանքի տեսքով հաշվարկվել է պետբյուջե վճարման ենթակա ավելի քան 304 մլն դրամ: Հայտանաբերվել է անօրինական աշխատանքի 2300 դեպք:
Սոցիալական ապահովագրություն և կենսաթոշակային ապահովություն: Մշակվել է «Պետական ծառայողների կենսաթոշակային ապահովության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով փորձ է արվում ստեղծել պետական ծառայողների կենսաթոշակային ապահովության միասնական համակարգ:
Շարունակվել են կենսաթոշակային համակարգը բարեփոխելու և այն առավել արդյունավետ ու կայուն դարձնելու ուղղությամբ տարվող աշխատանքները, ինչը ՀՀ կառավարությունը սահմանել է որպես գերակա խնդիր: Կենսաթոշակային բարեփոխումների շրջանակներում շարունակվում են կենսաթոշակային համակարգի բարեփոխումների ռազմավարության քննարկումները:
Գործունեության մյուս կարևոր ուղղությունը եղել է սոցիալական ապահովության քարտերի համակարգի ներդրման աշխատանքները: 2007թ. հունվարի 1-ի դրությամբ սոցիալական քարտ է հատկացվել շուրջ 2,7 մլն անձի:
ՀՀ սահմանադրական դատարանի 2006թ. հոկտեմբերի 4-ի թիվ ՍԴՈ-649 որոշումից հետո նախարարությունը մշակել և շրջանառության մեջ է դրել համապատասխան իրավական ակտերի նախագծեր, որոնք ապահովում են, մի կողմից` ՀՀ սահմանադրական դատարանի որոշման կատարումը և սոցիալական քարտից հրաժարվող քաղաքացիների իրավունքների իրացումը, մյուս կողմից` սոցիալական քարտերի համակարգի բնականոն գործունեությունը:
Սոցիալական աջակցություն: 1999-2005թթ. աղքատությունը հանրապետությունում նվազել է` 55.05%-ից 29.8%, ծայրահեղ աղքատությունը` 22.91%-ից 4.6%: 2006թ. ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված 181907 ընտանիքից ընտանեկան նպաստ է ստացել ամսական, միջին հաշվով, 130170-ը կամ հաշվառվածների շուրջ 71,56 %-ը, իսկ հրատապ օգնություն` շուրջ 9561 ընտանիք կամ հաշվառվածների 5,2%-ը: Ընտանեկան նպաստի միջին ամսական չափը կազմել է 15 հազար դրամ` նախորդ տարվա համեմատությամբ 20%-ով ավելի: Ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքներին միանվագ դրամական օգնություն է տրվել երեխայի ծննդյան կապակցությամբ` 4200 ընտանիքի, երեխայի առաջին դասարան ընդունվելու կապակցությամբ` 14220 ընտանիքի, ընտանիքի անդամի մահվան դեպքում` 121 ընտանիքի: Երեխաների ծննդյան նպաստ է տրվել շուրջ 29 հազար, մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ` 5145 ընտանիքի:
Սկսվել է նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993թ. հունիսի 10-ը դրամական ավանդ ներդրած անձանց փոխհատուցում տրամադրելու ծրագիրը: Օգոստոս ամսից ավանդի փոխհատուցում է ստացել շուրջ 6700 անձ:
2006թ. մայիսի 3-ի ավիավթարից զոհված անձանց ընտանիքներին (87 զոհվածներ) տրամադրվել է դրամական աջակցություն. պետական բյուջեից` յուրաքանչյուր զոհվածի հաշվով 1,5 մլն դրամ, բնակչության հանգանակած գումարներից` 1 մլն դրամ:
Մարդասիրական օգնություն: ՄԱԿ-ի Համաշխարհային պարենի «Օգնության սննդի բաշխում» ծրագրի շրջանակներում Երևան քաղաքում, Շիրակի, Լոռու մարզերի քաղաքային բնակավայրերում իրականացվել է 5 փուլ, յուրաքանչյուր փուլում շուրջ 35000 ընտանիքի բաշխվել է սնունդ` ընդամենը 4 175 տոննա ալյուր, 184240լ բուսական յուղ, 167,2 տոննա ոսպ, Երևան քաղաքի 3000 և Գյումրի քաղաքի 700 միայնակ տարեցների հատկացվել է պարենի օգնություն:
Բարեգործական կազմակերպությունների համագործակցությամբ սոցիալական աջակցություն է ցուցաբերվել պատերազմի մասնակիցներին, հաշմանդամներին, զոհված զինծառայողների, անապահով, բազմազավակ և կարիքավոր այլ ընտանիքների:
Հաշմանդամների և տարեցների հիմնահարցեր: 2006թ. հաշմանդամներին տրամադրվել է 15030 պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագա, այդ թվում` վերանորոգվել է 1267 ը, ձեռք է բերվել հաշմանդամի 200 սայլակ, լսողական 500 սարք, բաշխվել են հաշմանդամի 336 սայլակ և 1033 լսողական սարք: Տպագրվել և տրամադրվել է հատուկ տառատեսակներով (Բրայլյան) 5000 տետր, 74400 բյուլետեն, 35000 թերթ բրայլյան գիրք և 1000 ժամ ՙԽոսող գիրք՚: ՙԱՐԹՄԵԴ՚ բժշկական վերականգնողական և «Սթրես» կենտրոններում, պետական պատվերի շրջանակներում, վերականգնողական բուժում է ստացել 955 մարդ:
Տարվա ընթացքում փորձաքննվել է 60719 անձ, առաջին անգամ` 18404 անձ, հաշմանդամ է ճանաչվել 17650 անձ, վերափորձաքննվել է 42315 անձ, հաշմանդամ է ճանաչվել 41550 անձ: Համակարգի 4 տուն-ինտերնատներում խնամվել է 1000 տարեց: Թիվ 1 տուն-ինտերնատին կից 2006թ. հունվարից գործում է անօթևան մարդկանց ժամանակավոր կացարանը` 30 տեղով, սպասարկվել է շուրջ 220 մարդ: Միայնակ տարեցների և հաշմանդամների տնային պայմաններում սոցիալական սպասարկման կենտրոնն սպասարկել է 1200 կենսաթոշակառուի:
2006թ. բնակարանային պայմանների բարելավման նպատակով, վարկ ստանալու համար, հայտ է ներկայացվել 39 բռնադատվածի համար, 294 բռնադատված ստացել է միանվագ դրամական փոխհատուցում:
Ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցեր: «Պետական աջակցություն Հայաստանի Հանրապետությունում մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագրի շրջանակներում 2006թ. 56 շահառուների համար գնվել են գույք և կենցաղային ապրանքներ:
Համակարգում գործող 8 մանկատներում խնամվում է 934 երեխա, որոնցից 354-ը` մասնագիտացված մանկատներում:
Կատարվել է որդեգրման ենթակա երեխաների, որդեգրողի թեկնածուների և որդեգրողների կենտրոնացված հաշվառում: Հաշվառվել է որդեգրողի 330 թեկնածու, որդեգրման ենթակա 203 երեխա, որդեգրվել է 87-ը (35-ը` օտարերկրյա որդեգրողների կողմից):
Իրականացվել են «Երեխայի իրավունքների պաշտպանության», ինչպես նաև «Գենդերը և քաղաքականությունը Հարավային Կովկասում» ՄԱԿԶԾ-ի հետ համատեղ ծրագրերով, ՄԱԿ-ի Կանանց զարգացման հիմնադրամի հետ փոխըմբռնման հուշագրով, «Կանանց վիճակի բարելավման և հասարակության մեջ նրանց դերի բարձրացման 2004-2010թթ. ազգային ծրագրով» նախատեսված տարեկան միջոցառումները:
Վերահսկողություն և սոցիալական մոնիթորինգ: Արձանագրվել է ընտանեկան նպաստի սխալ նշանակված և վճարված 8.891.000 դրամ, կենսաթոշակի` 2.581.523 դրամ, ետգանձման ենթակա գործազրկության նպաստի գումարը կազմել է 1.042.806 դրամ: Պետական բյուջեին հասցված վնասի վերականգնումն ընթացքի մեջ է:
Տեղեկատվական հոսքերի կառավարում: «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոնը շարունակել է Անապահովության գնահատման «Նպաստ», զբաղվածության «Գործ», հաշմանդամների «Փյունիկ», մանկատան երեխաների և որդեգրումների հաշվառման «Մանուկ», «Սոցիալական քարտ» և այլ տեղեկատվական համակարգերի շահագործման աշխատանքները:
Անձնակազմի կառավարում: Նախարարության համակարգում աշխատում է 888 աշխատակից, որից 537-ը քաղաքացիական ծառայող է: 2006թ. համալրվել է նախարարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության 149 թափուր պաշտոն: Արտամրցութային կարգով ավելի բարձր պաշտոնների է նշանակվել 10 քաղաքացիական ծառայող: Վերապատրաստվել է 147 քաղաքացիական ծառայող, որոնցից 110-ն ատեստավորվել է:
Գիտահետազոտական աշխատանքներ և վերապատրաստում: Կարևորվել են «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի» հզորացումը և նրա դերի ու գործունեության արդյունավետության բարձրացումը:
Մշակվում է հանրապետության աշխատանքի, զբաղվածության և աշխատավարձի համակարգերի գործունեության արդյունավետության բարձրացման առումով կարևոր նշանակություն ունեցող` զբաղմունքների, աշխատողների մասնագիտությունների և ծառայողների պաշտոնների ազգային դասակարգիչը: Դասակարգիչը նախատեսվում է հաստատել 2007թ.:
Ինստիտուտում վերապատրաստվել է սոցիալական ոլորտի 811 մասնագետ: Աշխատանքներ են տարվել մեծ պահանջարկ վայելող մասնագիտությունների համար ուսուցման հայրենական մոդուլային փաթեթներ մշակելու ուղղությամբ:
Համագործակցություն ոչ պետական և միջազգային կազմակերպությունների հետ: Շարունակվել է սերտ համագործակցությունը ոչ պետական և միջազգային կազմակերպությունների հետ:
Համագործակցություն ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարության հետ: ՀՀ և ԼՂՀ կառավարությունների համագործակցության ծրագրից բխող միջոցառումների իրականացման ենթածրագրի շրջանակներում մեթոդական և գործնական օգնություն է ցուցաբերվել սոցիալական ապահովագրության և կենսաթոշակային ապահովության, աշխատանքի, աշխատավարձի, զբաղվածության, հաշմանդամների, կանանց և երեխաների հիմնահարցերի լուծման ուղղությամբ վարվող քաղաքականության առումով: Աշխատանքներ են կատարվել ԼՂՀ աշխատանքի պետական տեսչության կայացման, դրա վերահսկողական և սոցիալական մոնիթորինգի գործառույթների կազմակերպման և իրականացման ուղղությամբ:
Փաստաթղթաշրջանառություն: Նախարարությունը 2006թ. ստացել է 722 իրավական ակտ, 6422 պաշտոնական գրություն, քաղաքացիների 7890 դիմում, քաղաքացիների ընդունելության բաժին է դիմել 17226 քաղաքացի:
Քարոզչություն, հասարակության իրազեկում: Կարևորելով հասարակության իրազեկվածության մակարդակի բարձրացումը` նախարարությունն իր գործունեությունը դարձրել է առավել թափանցիկ: Զանգվածային լրատվամիջոցներով եղել է ավելի քան 650 հրապարակում. տարածվել է 40-ից ավելի մամլո հաղորդագրություն, անցկացվել է մամուլի 11 ասուլիս, պատրաստվել և հեռարձակվել են տեսահոլովակներ, տպագրվել են տեղեկատվական գրքույկներ, կազմակերպվել են ֆոկուս-խմբային քննարկումներ, կլոր սեղաններ, սեմինարներ:
Գործարկվում են նախարարության ինտերնետային և ներքին հաղորդակցման կայքերը: