Արտաշատ քաղաքում հանդիպել են գործատուն և աշխատանք փնտրողը

Աշխատանքի հերթական տոնավաճառն այս անգամ համախմբել էր Արտաշատի աշխատանք փնտրողներին և գործատուներին: Հոկտեմբերի 6-ին, Արարատի մարզի Արտաշատ քաղաքում, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական  գործակալության նախաձեռնությամբ կազմակերպվել է հերթական աշխատանքի տոնավաճառ, որին մասնակցել են  26 գործատու՝ ներկայացնելով շուրջ 75 թափուր աշխատատեղ:

Տոնավաճառի ընթացքում աշխատանք փնտրողները հնարավորություն են  ունեցել հանդիպել գործատուներին, ծանոթանալ նրանց կողմից ներկայացված աշխատատեղերին և պահանջներին, մարզի աշխատաշուկային, առաջարկվող զբաղվածության պետական աջակցության ծրագրերին: Իսկ գործատուներին հնարավորություն է տրվել  իրենց կազմակերպությունները համալրել անհրաժեշտ և կադրերով:

Արարատի մարզում 2015թ.-ի սեպտեմբերի 1-ի դրությամբ գրանցված աշխատանք փնտրողների թիվը կազմում է 6177, իսկ Արտաշատի տարածաշրջանում` 1754 մարդ, որը մարզում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 45.6%-ով (4243մարդ), Արտաշատում` 49.4%-ով (1174 մարդ):  Մարզում գործազուրկների թվաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 84.7%-ը կամ 5232 մարդ, Արտաշատում` 88.7% կամ 1557 մարդ: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մարզում աճել է 32.4%-ով (3953 մարդ), իսկ Արտաշատում՝ 47.0% ով (1059 մարդ):

Շարունակում է մարզում բարձր մնալ գործազուրկ կանանց թիվը, որը կազմում է գործազուրկների թվի 66.0%-ը կամ 3453 մարդ, Արտաշատում` 64.8%-ը կամ 1007 մարդ: Գործազուրկների թվաքանակում մեծ թիվ են կազմում, մանկավարժները, տնտեսագետները, հաշվապահները, բուժքույրերը, վարորդները, վաճառողները, սննդի տեխնոլոգները և այլն:

Աշխատաշուկայում անմրցունակ անձանց թվաքանակը մարզում կազմում է գործազուրկների 58.1%-ը կամ 3038 մարդ, Արտաշատում` 99.1%-ը կամ 1543 մարդ:

Տարեսկզբից մարզում աշխատանքի է տեղավորվել 342 աշխատանք փնտրող, որից 189-ը աշխատաշուկայում անմրցունակ անձ է, Արտաշատում` 124 աշխատանք փնտրող, որից 101-ը՝ անմրցունակ անձ:

ԿԻՍՎԵԼ