Նախարարը տարեցների տոնին տուն-ինտերնատի բնակիչների կողքին էր

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ հոկտեմբերի 1-ին այցելել է  Նորքի տուն-ինտերնատ:

Շնորհավորելով տատիկներին և պապիկներին տոնի կապակցությամբ՝  նախարար Արտեմ Ասատրյանը նրանց մաղթել է  առողջ և երկար տարիների կյանք, միաժամանակ նշել, որ ՀՀ կառավարությունը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում տարեցների սոցիալական խնդիրները և փորձում է  ապահովել արժանապատիվ կենսապայմաններ և ապահով ծերություն:

«Կարծում եմ, յուրանչյուր ոք պետք է գնահատի մեր ավագ սերնդի ներկայացուցիչների  ներդրումը մեր երկրի կայացման, մեր հասարակության զարգացման գործում: Այս օրը  առիթ է ևս մեկ անգամ մեծարելու, երախտիքի խոսք ասելու  և պարզապես ուրախանալու,  որ դուք  այսօր մեր կողքին եք և այս տոնական օրը գեղեցկացնում եք Ձեր բարի ժպիտներով»,– ասել է նախարարը:

Նախարարը նաև նշել է, որ  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության տակ գտնվող տուն ինտերնատներում խնամվում են  1200 տարեցներ և հաշմանդամություն ունեցող անձինք և այդ թիվը վերջին տարիներին չի փոփոխվել.   «Մենք մեր առջև նաև խնդիր ենք դրել  սոցիալական աշխատողների միջոցով վերականգնել ընտանեկան կապերը, որպեսզի տուն ինտերնատներում շուրջօրյա խնամք ապահովենք  ժառանգ չունեցող անօգնական վիճակում գտնվող տարեցներին»:

Այնուհետև նախարար Արտեմ Ասատրյանը ջերմ զրուցել է տատիկների և պապիկների հետ, հետաքրքվել է նրանց խնդիրներով,  լսել նրանց  ցանկությունները:

Տոնական օրը  Նորքի  տուն-ինտերնատ ավարտվել է տարեցների երգ ու պարով, տոնական սեղաններով և  գեղեցիկ մաղթանքների ուղեկցությամբ:

Միջոցառմանը ներկա էին նաև  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ջեմմա Բաղդասարյանը, նախարարի խորհրդական Նարինե Բալայանը, նախարարության այլ պաշտոնյաներ  և տուն-ինտերնատի բարեկամներ:

Հոկտեմբերի 1-ին տոնական միջոցառումներ են տեղի ունեցել նաև  Երևանի թիվ 1 տուն-ինտերնատում, «Տնային պայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկաման կենտրոնում», Գյումրու տուն-ինտերնատում: Բոլոր հաստատություններում ևս կազմակերպվել էր  տոնական համերգային ծրագրեր՝ տարբեր երգի և պարի համույթների մասնակցությամբ:

 

ԿԻՍՎԵԼ