Զինծառայողների և ազատամարտիկների սոցիալական հարցերը՝ Կառավարության ուշադրության կենտրոնում. զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին տրվող կենսաթոշակներն ու պարգևավճարներն էապես ավելացել են

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Արմեն Աբրահամյանի ուղեկցությամբ դեկտեմբերի 30-ին այցելեց հանրապետության հյուսիս-արևելյան սահմանին տեղակայված N զորամաս:

Նախարար Ասատրյանն իր ողջյունի խոսքում զինծառայողներին շնորհակալություն հայտնեց ծառայության համար և կարևորեց բանակ-հասարակություն օրեցօր ամրապնդվող կապը: Ըստ նրա անցնող տարին մեկ անգամ ևս ցույց տվեց, որ Հայոց բանակն ի զորու է ապահովել հայոց սահմանների անառիկությունը:

Հայոց բանակին Ամանորի և Սուրբ Ծննդյան կապակցությամբ շնորհավորանքներ հղելուց հետո, նախարարը զինվորներին մաղթեց ուժ և կորով իրենց առջև դրված խնդիրը կատարելու գործում, որը խաղաղության պահպանման կարևոր գրավականն է:

Նախարար Ասատրյանը շրջեց զորամասում, ծանոթացավ զինծառայողների կենցաղային պայմաններին, զորանոցներում զրուցեց զինվորների և սպայական անձնակազմի հետ, հետաքրքրվեց զինծառայողների առօրյայից և նրանց հուզող խնդիրներից:

Զինծառայողների հետ զրույցում նախարարը նշեց, որ նրանց և նրանց ընտանիքների անդամների սոցիալական պաշտպանվածության խնդիրը մշտապես գտնվում է ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում:

Վերջին 4 տարիներին իրականացված արմատական բարեփոխումների արդյունքում էապես ավելացել են առանձին կատեգորիայի զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին տրվող կենսաթոշակներն ո ւպարգևավճարները:

Զբաղվածության ազգային քաղաքականության նոր մոդելի շրջանակներում, որպես առաջնահերթություն, ամրագրված Է պարտադիր ժամկետային զինվորական ծառայության զորակոչված երիտասարդների զբաղվածության ապահովումը զորացրվելուց հետո:

ՀՀ օրենսդրեությամբ սահմանված են որոշակի երաշխիքներ ժամկետային զինվորական ծառայության զորակոչված երիտասարդների համար:

Նախարարը նաև նշեց, որ առաջիկայում նախատեսվում է ընդլայնել այս ուղղությամբ իրականացվող ծրագրերը՝ նպատակ ունենալով համապատասխան պետական աջակցություն տրամադրելու միջոցով խթանել զբաղվածությունը զորացրված երիտասարդների շրջանում:

Այցելության ավարտին նախարարը կրկին անգամ քաջալերեց Հայոց բանակի զինվորներին՝  մաղթելով նրանց հաջողություններ և անկոտրում ոգի:

Զորամասի հրամանատարական կազմը շնորհակալություն հայտնեց այցելության համար` բարձր գնահատելով հանրապետության ղեկավարության այս նախաձեռնությունը:

ԿԻՍՎԵԼ