Նախարարը ներկա է գտնվել սոցիալական բնակարանների հանձնման արարողությանը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը  ՀՀ  վարչապետ Հովիկ Աբրահամյանի և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ միասին դեկտեմբերի 27-ին ներկա է գտնվել  Թբիլիսյան խճուղի 3/14 հասցեում գտնվող Սոցիալական բնակարանային ֆոնդի հերթական շենքի բնակարանների հանձնմանը:

Նախարարը, ՀՀ վարչապետի և քաղաքապետի հետ միասին շրջել է շենքում, ծանոթացել շենքային պայմաններին, կատարված աշխատանքներին:

Շենքի 45 բնակարանից 21-ը հանձնվել է մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին և առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին, 8-ը՝ մանկական խնամակալական կազմակերպությունների նախկին շրջանավարտներին և 16-ը՝ սոցիալապես անապահով և հատուկ խմբերին (3-ը՝ միածնող ընտանիքի, 9-ը՝ միայնակ կենսաթոշակառուի և 4-ը՝ սատարող ընտանիքի):
«Պետք  է ստեղծենք մի միջավայր, որտեղ  սովորական բազմաբնակարանային շենքերի նման կբնակվեն տարբեր տիպի ընտանիքներ, այդ թվում նաև սատարող ընտանիքներ, ովքեր ունեն երեխաներ, սակայն ունեն կացարանի խնդիր: Այս մոդելը վաղուց արդեն արդյունավետ իրականացվում  է»,- իր խոսքում նշել է նախարար Արտեմ Ասատրյանը:

Շենքի բացումը լուծել  է  նաև առ այսօր լամպերի գործարանի հանրակացարանում, անմխիթար պայմաններում բնակվող 1988-1990թթ. մանկատան շրջանավարտների բնակարանային խնդիրը:
ՀՀ կառավարության սոցիալական բնակֆոնդի ծրագրի շնորհիվ բնակարան են ստացել  250 շահառու, ևս 244-ը սպասում են իրենց հերթին:

Սոցիալական բնակարաններ  տրամադրվել  են նաև  Մարալիկում  և Սպիտակում:

ԿԻՍՎԵԼ