2014 թվականը՝ ձեռքբերումների, համակարգաստեղծ և սոցիալական երկխոսության տարի

Դեկտեմբերի 23-ին  ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը մամուլի ասուլիսով ամփոփեց 2014 թվականին սոցիալական ոլորտում տեղի ունեցած իրադարձությունները, բարեփոխումների ընթացքը, ներկայացրեց անցնող տարվա ընթացքում նախարարության գործունեության գերակա ուղղությունները, ինչպես նաև՝ 2015 թվականի համար նախատեսված ծրագրերը:

Նախարարի խոսքերով, 2014 թվականը կարելի է համարել ամենաբեկումնային տարին արդյունավետ սոցիալական համակարգերի ստեղծման, և ամենաբարդ տարին՝ բարեփոխումների իրականացման առումով:

2014-ը սոցիալական ոլորտի տարբեր ճյուղերում բարեփոխումների մեկնարկի տարի էր, որոնք անխուսափելիորեն ուղեկցվեցին լարված բանավեճերով, բազմաբնույթ առաջարկներով և անհրաժեշտ հրատապ փոփոխություններով: Կարևորագույն ձեռքբերումն այն է, որ բոլոր դեպքերում հանրային պահանջը հաշվի առնելու և բաց քննարկումների արդյունքում հնարավոր եղավ գտնել համապատասխան լուծումներ, որոնք պահպանելով նախանշված քաղաքականության սկզբունքային ուղղությունները, միևնույն ժամանակ, ներառեցին բարեփոխումների ընդդիմախոսների հիմնական պահանջները (այս առումով 2014-ը նաև սոցիալական երկխոսության տարի էր):

2014 թվականին բաժին էր ընկել ոչ միայն մեկ տասնամյակ շարունակ մշակված կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման մեկնարկը, այլ նաև նախորդ տարիներին սկսված մի շարք կարևորագույն փոփոխությունների վերջնական փորձարկման և գնահատման պատասխանատվությունը: Անցնող տարի ամբողջական ծանրաբեռնվածությամբ գործեց նորաստեղծ «Էլեկտրոնային կենսաթոշակ համակարգը», որն իր հետ բերեց ահռելի փոփոխություն կենսաթոշակների վճարման ամենամսյա գործընթացում՝ նպաստելով կենսաթոշակային ցուցակների մաքրմանն ու անճշտությունների վերացմանը: Հիմա արդեն` եռամյա լարված աշխատանքից հետո, կարող ենք խոսել սկզբունքորեն նոր իրավիճակի մասին, երբ շտեմարանների որոշակիությունը հնարավորություն է տվել բեռնաթափել տվյալների բազաները սխալներից ու նվազագույնի հասցնել առաջիկայում հնարավոր սխալ մուտքագրումները: Արդյունքը գերազանցեց նախնական կանխատեսումները ու ակնկալիքները՝ միլիարդների հասնող խնայողությունների առումով, որոնք օգտագործվում են քաղաքացիների համար պետական սոցիալական աջակցության մասնաբաժինը մեծացնելու նպատակով:

Ծրագրային ապահովման և խնայողությունների դրական արդյունքներից մեկն է մայրության միանվագ նպաստի նոր կարգը, ըստ որի երեխային ծննդյան միանվագ նպաստի չափն ավելացվեց՝ 3-րդ երեխայի դեպքում այն հասցնելով 1 միլիոն դրամի, ընդ որում  կիրառվեց  լիովին նոր մոտեցում՝ ներդնելով ընտանեկան դրամագլխի գաղափարը: 2014 թվականից սկսած երրորդ և չորրորդ երեխայի ծննդյան համար պետության կողմից տրմադրվող 1 մլն դրամից 500 հազար դրամը ընտանիքը ստանում է միանվագ, իսկ մնացած 500 հազար դրամով ձևավորվում է ընտանեկան դրամագլուխ: Հինգերորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան դեպքում ընտանիքը ստանում է 1մլն 500 հազար դրամ, որից միանվագ՝ 500 հազար դրամ, իսկ մնացած 1 մլն դրամով ձևավորվում է ընտանեկան դրամագլուխ: Ընդ որում` ընտանեկան դրամագլուխը կարող է տնօրինվել ոչ միայն այն երեխայի համար, որի ծնունդով պայմանավորված ծագել է պետական աջակցության իրավունքը, այլև նաև՝ ընտանիքի մյուս անդամների համար: Բացի այդ, դրամագլուխը բանկում ներդնելով՝ ընտանիքները ստանում են տարեկան մինչև 12% եկամուտ: Սա պետական նպաստի տրամադրման աննախադեպ, խիստ արդյունավետ եղանակ է, որը ևս ուղղված է աղքատության նվազմանը:

«Գումարային աջակցությունից անցում դեպի աղքատության հաղթահարում՝ ակտիվ ծրագրերի միջոցով» ձևաչափին էր պատկանում նաև զբաղվածության նոր քաղաքականությունը, որը նույնպես գործարկվեց 2014 թվականի ընթացքում: Այս փոփոխությունը ևս ուղեկցվել էր որոշակի հասարակական դժգոհությամբ, որը, սակայն, տարվա ընթացքում կիրառելով՝ շահառուների կողմից գնահատվեց խիստ արդիական և առավել արդյունավետ, քան սոսկ նպաստի տրամադրումը: Այստեղ հատկապես կարևորվում է ակտիվ աշխատանք փնտրող անձանց ցուցաբերվող աջակցությունը:

2014 թվականի հաջորդ բարդ նախաձեռնություններից մեկը վերաբերում էր «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքին, որը ևս պարունակում էր խնդրահարույց կետեր, սակայն հաջողվեց վերջնական փոփոխությունները կատարվել բոլոր կողմերի համար բավականին ընդունելի տարբերակով, խնդիրը ստացավ իր նպատակային  լուծումը, իսկ մյուս կողմից հնարավոր եղավ  պահպանել նաև առաջարկվող  նոր քաղաքականությունը՝ փոփոխության լավագույն մասը՝հղիության և ծննդաբերության նպաստ հատկացնել նաև չաշխատող կանանց: Այս օրենքի վերջնական ձևավորման գործում հաշվի առնվեցին հանրային քննարկումների ընթացքում առաջ քաշված առաջարկությունները, այդ թվում նաև լրագրողների կողմից: Արդյունքում՝ տեղի ունեցավ պետական միջոցների բաշխման հասցեականության բարձրացում՝ լրացուցիչ ընդգրկելով ևս մոտ 30,000 չաշխատող կանանց, բայց ոչ` աշխատողների հատկացումները նվազեցնելու հաշվին:

Վերոհիշյալ թեմաները մանրամասն ներկայացնելուց բացի, նախարար Ասատրյանն  անդրադարձավ սոցիալական ոլորտի այլ (հաշմանդամություն, երեխաների խնամք, սոցիալական բնակարանային ֆոնդ, սոցիալական աջակցություն և այլն) ճյուղերում ևս իրականացված մի շարք կարևոր համակարգաստեղծ փոփոխությունների՝ շեշտելով, որ այս տարի ընթացիկ բազմաթիվ խնդիրներին զուգահեռ նախարարությանը հաջողվել է մշակել կարևորագույն հայեցակարգեր, ռազմավարություններ՝ որոնք ուղղված են ապագային և առաջիկա տարիներին զգալիորեն մեծացնելու են սոցիալական ոլորտում պետական աջակցության չափն ու  բարելավելու են պետության կողմից քաղաքացիներին տրամադրվող ծառայությունների որակը:

Նախարարը պատասխանեց լրագրողներին հետաքրքրող հարցերին՝ խոստանալով գալիք տարվա ընթացքում ավելի հաճախ հանդիպել նրանց և շարունակել բաց քննարկումների ու հանրային լսումների 2014 թվականից որդեգրված  քաղաքականությունը՝ սոցիալական ոլորտի ցանկացած փոփոխությունից առաջ:

Արտեմ Ասատրյանը նախարարության աշխատակազմի անունից շնորհավորեց բոլորի Ամանորն ու մաղթեց բարկեցիկ, երջանիկ և խաղաղ տարի, իսկ փոքրիկ հուշանվերները լրագրողների համար պատրաստել էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մանկական խնամքի հաստատությունների սաները:

ԿԻՍՎԵԼ