Ազգային Ժողովում ներկայացվել է սոցիալական պաշտպանության ոլորտի 2015թ. գործունեության հաշվետվությունը

Մայիսի  26-ին ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացրել է  «ՀՀ-ում 2015թ. պետական բյուջեի կատարման մասին»  տարեկան հաշվետվությունը:

2015 թվականն առանձնացավ սոցիալական պաշտպանության համակարգում նորաստեղծ համակարգերի կառուցվածքային ու բովանդակային փորձարկմամբ, գործող համակարգերի զարգացմամբ ու ամրապնդմամբ: Չնայած համաշխարհային աննպաստ զարգացումներին, այնուամենայնիվ, հաջողվեց երկրում աղքատությունը նվազեցնել՝ 32 տոկոսից հասցնելով 30 տոկոսի, ինչում իրենց զգալի դերն ունեցան սոցիալական պաշտպանության ծրագրերը:

Կենսաթոշակային ոլորտում հիմնական թիրախը շարունակում է մնալ կենսաթոշակառուների շրջանում աղքատության նվազեցումը: Արմատապես փոխվել է զբաղվածության ոլորտում վարվող պետական քաղաքականությունը՝ հիմքում դնելով աշխատանք փնտրող անձանց աշխատանքով ապահովելու և աշխատանքի միջոցով եկամուտ ստանալու գաղափարախոսությունը:

Հաշմանդամության բնագավառում ջանքերն հիմնականում ուղղված են եղել սահմանված իրավունքների իրացմանը և հավասար հնարավորությունների ապահովմանը, երեխաների իրավունքների մասով, այլընտրանքային խնամքի ծառայությունների զարգացման միջոցով, երեխայի` ընտանիքում ապրելու իրավունքի իրացմանը:
Շարունակվել են ինտեգրված սոցիալական ծառայությունների ներդրման, դրանց որակական աճի ու ամրապնդման աշխատանքները:

Բյուջեի կատարման հաշվետվության մեջ ամբողջությամբ ներկայացված են ոլորտի թվային ցուցանիշները, այդ մասին ասաց նաև գլխավոր գանձապետը, ուստի թվային մանրամասներ չեմ ներկայացնի: Միայն այն, որ 2015թ. ՀՀ պետական բյուջեի փաստացի ծախսերի 27.2%-ն ուղղվել է սոցիալական պաշտպանության ոլորտին` 383.7 մլրդ դրամ: Նախարարության և սոցիալական ապահովության պետական ծառայության միջոցով ֆինանսավորվող 94 ծախսային ծրագրերի իրականացման համար նախատեսվել էր 360.0 մլրդ դրամ, տարվա ընթացքում կատարված փոփոխությունների արդյունքում ճշտված բյուջեն կազմել է 353.4 մլրդ դրամ /պակակասեցվել է՝ 6.6 մլրդ դրամ/, որի դիմաց փաստացի ֆինանսավորումը կազմել է 352.8 մլրդ դրամ կամ ճշտված բյուջեի 99.8%-ը: Տնտեսվել է շուրջ 0.6 մլրդ դրամ:
2014 թվականի համեմատ սոցիալական պաշտպանության ծախսերն ավելացել են 12%-ով կամ 41.2 մլրդ դրամով` հիմնականում պայմանավորված աշխատանքային կենսաթոշակների և կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման ծախսերի աճով:

Բացի այդ, 2015թ. նախարարության համակարգի կազմակերպություններին մարդասիրական օգնության կարգով տրամադրվել են 432.4 մլն դրամի ֆինանսական և ապրանքանյութական արժեքներ:

1.     Աշխատանք և զբաղվածություն

2015թ. շարունակվել են զբաղվածության ոլորտում իրականացվող օրենսդրական բարեփոխումները: Փոփոխություններ են կատարվել ինչպես «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքում, այնպես էլ վերջինիս կիրակումն ապահովող` ՀՀ կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N534-Ն որոշման մեջ, ինչը պայմանավորված է զբաղվածության ոլորտը կարգավորող օրենսդրության կիրարկման ընթացքում ի հայտ եկած մի շարք խնդիրների լուծման, աշխատաշուկայում անմրցունակ անձանց իրավունքների շրջանակն առավել հստակեցնելու անհրաժեշտությամբ: Փոփոխություններով ամբողջականացվել են զբաղվածության կարգավորման պետական ծրագրերի ընթացիկ մոնիթորինգի ցուցանիշները, ըստ տարածքային կենտրոնների` կանոնակարգվել է ծրագրերի բաշխման գործընթացը, պարզեցվել և բարելավվել են որոշ ծրագրերի իրականացման ընթացակարգերը, սահմանվել են ՀՀ 2016թ. պետական բյուջեով նախատեսված երկու նոր ծրագրի իրականացման մեխանիզմները` ուղղված անասնապահությամբ (տավարաբուծություն, ոչխարաբուծություն, խոզաբուծություն, թռչնաբուծություն) զբաղվելու համար աջակցության տրամադրմանը, ինչպես նաև վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպմանը:

Տավուշի մարզում գործազրկության միջին հանրապետականից բարձր մակարդակով, սահմանամերձ համայնքների մեծ թվաքանակով, վերջին շրջանում ակտիվացած ռազմական գործողությունների հետևանքով մարզի համայնքներին հասցված նյութական վնասներով պայմանավորված՝ ՀՀ կառավարության 2015թ. հոկտեմբերի 15-ի N 1202-Ն որոշմամբ հաստատվել է ՀՀ Տավուշի մարզում` վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման փորձնական ծրագրի իրականացման կարգը, որը  հնարավորություն է տվել մարզի 44 սահմանամերձ համայնքի շուրջ 400 գործազուրկի ընդգրկվելու վարձատրվող հասարակական աշխատանքներում:

«Զբաղվածության մասին» ՀՀ օրենքով ներդրված զբաղվածության քաղաքականության նոր մոդելի ներքո ներկայումս շարունակում է գործել զբաղվածության պետական կարգավորման 13 ակտիվ ծրագիր, որոնցից հինգը ներդրվել է 2014թ. երկրորդ կիսամյակին:

2015թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ` զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոններում հաշվառվել է աշխատանք փնտրող 89.0 հազար անձ, որոնց թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 22,6%-ով: Գործազուրկի կարգավիճակ ստացած անձանց թիվը կազմում է 76.7 հազար, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 16.4%-ով: Կանանց տեսակարար կշիռը գործազուրկների ընդհանուր թվում կազմում է 69,2%: Գործազուրկների 3,3%-ը (2492 անձ) հաշմանդամություն ունեցող անձինք են, իսկ 23.9%-ը (18372 անձ)` 16-29 տարեկան երիտասարդներ: Աշխատաշուկայում անմրցունակ անձի կարգավիճակ ստացած գործազուրկների թիվը կազմում է 66796: 2015թ. տարածքային կենտրոնները հավաքագրել են 7225 թափուր աշխատատեղ, որոնցից 346-ը նոր ստեղծվող են: Թափուր աշխատատեղի հայտ ներկայացրած գործատուների թիվը 3215 է: 2015թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ տարածքային կենտրոններում առկա թափուր աշխատատեղերի թիվը կազմում է 1770:

2015թ. զբաղվածության պետական ծրագրով նախատեսված էր ծրագրերում ընդգրկել 13938 անձ, իսկ 2015թ. զբաղվածության պետական ծրագրերում փաստացի ընդգրկվել է 11107 անձ:  Դիտարկվող ժամանակահատվածում տարածքային կենտրոնների միջնորդությամբ զբաղված է դարձել  աշխատանք փնտրող 16598 անձ, որոնցից 6285-ը ապահովվել է սեզոնային աշխատանքով, 398-ը` ժամանակավոր աշխատանքով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` տարածքային կենտրոնների միջնորդությամբ զբաղված դարձած անձանց թիվը աճել  է 9.4%-ով (հավելված 2):

«Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2015թ. միջոցառումներ է իրականացրել երեք հիմնական ուղղությամբ՝ մեթոդաբանական ձեռնարկների մշակում, կադրերի վերապատրաստում և իրազեկում: 2015թ. վերապատրաստվել է  մասնագիտական կողմնորոշման համակարգի 300 մասնագետ: Սեմինար-քննարկումների միջոցով իրականացվել են իրազեկման աշխատանքներ, որոնց մասնակցել է 300 անձ:

2015թ. հունիսի 22-ին ընդունվել է «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որով լուծում է տրվել իրավակիրառական պրակտիկայում ի հայտ եկած խնդիրներին, հստակեցվել են ՀՀ աշխատանքային օրենսդրության ոչ հստակ կամ տարաբնույթ ընկալման տեղիք տվող առանձին դրույթներ, ինչպես նաև առանձին դրույթներ համապատասխանեցվել են Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի և ԱՄԿ-ի կոնվենցիաների պահանջներին:

Մշակվել և ընդունվել է ՀՀ կառավարության 2015թ. սեպտեմբերի 25-ի «Հայաստանի  Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 11-ի N 1599-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 1106-Ն որոշումը, որով ամենամյա երկարացված արձակուրդի իրավունք է տրվել նաև գիտական և գիտատեխնիկական կազմակերպությունների գիտական աշխատողներին:

Հստակեցումներ են կատարվել սոցիալական փաթեթի հատկացման գործընթացում:

Կանոնակարգվել են պետական և տեղական ինքնակառավարման մարմին չհանդիսացող բյուջետային հիմնարկների աշխատողների` բարձրլեռնային վայրերում աշխատանքի համար լրացուցիչ վարձատրություն ստանալուն առնչվող  խնդիրները (ՀՀ կառավարության 2015թ. հոկտեմբերի 22-ի N 1222-Ն որոշում):

2015թ. օգոստոսին ՀՀ կառավարության, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի և Հայաստանի գործատուների հանրապետական միության միջև կնքվել է Հանրապետական նոր կոլեկտիվ պայմանագիրը, որի շրջանակներում շարունակվել է համագործակցությունը սոցիալական գործընկերության հանրապետական մակարդակում:

2.    Կենսաթոշակային ապահովություն

ՀՀ կառավարության գործունեության ծրագրով նախատեսված` կենսաթոշակառուների շրջանում աղքատության նվա­զեցման շարունակական ծրագրեր իրականացնելու միջոցառումների շրջանակում 2015թ. հունվարի 1-ից բարձրացվեցին աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը` նախկին  14000 դրամի փոխարեն` 16000 դրամ, աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքները. առաջին տասը տարվա համար` 800 դրամ, տասը տարին գերազանցող յուրաքանչյուր տարվա համար՝ 500 դրամ (համապատասխանաբար` 700 դրամի և 450 դրամի փոխարեն): Արդյունքում` նախորդ տարվա համեմատությամբ միջին աշխատանքային կենսաթոշակի չափն ավելացավ 5000 դրամով (մոտ 14 տոկոսով)` կազմելով շուրջ 41000 դրամ:

2015թ. հունվարի 1-ից սահմանվեցին. ծերության նպաստի չափը`  16000 դրամ (նախկին 14000 դրամի փոխարեն), հաշմանդամության նպաստի չափերը` 1-ին խմբի հաշմանդամի և հաշմանդամ երեխա ճանաչված անձի համար՝ 21500 դրամ (նախկին 19600 դրամի փոխարեն), 2-րդ խմբի հաշմանդամի համար՝ 19000 դրամ (նախկին 16800 դրամի փոխարեն), 3-րդ խմբի հաշմանդամի համար՝ 16000 դրամ (նախկին 14000 դրամի փոխարեն) և կերակրողին կորցնելու դեպքում նպաստի չափը` 16000 դրամ (նախկին 14000 դրամի փոխարեն), իսկ երկու ծնողին կորցրած՝ 18 տարին չլրացած երեխայի (կամ առկա ցերեկային ուսուցմամբ սովորող զավակի) դեպքում՝ 80000 դրամ (նախկին 70000 դրամի փոխարեն):

Զինվորական կենսաթոշակների չափերը բարձրացվեցին 2015 թվականի հուլիսի 1-ից` զինվորական կեսնաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը սահմանվեց 16000 դրամ (14000 դրամի փոխարեն), իսկ  զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը` 1500 դրամ (1300 դրամի փոխարեն): Երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի միջին չափը նախորդ տարվա համեմատությամբ ավելացավ մոտ 15 տոկոսով:

2016թ. հունվարի 1-ի դրությամբ հաշվառված է եղել 525391 կենսաթոշակառու և սոցիալական նպաստ ստացող, որից 463107‑ը` աշխատանքային կենսաթոշակառու, 62284-ը` նպաստառու, 2318-ը` շարքային կազմի զինծառայության հետ կապված կենսաթոշակ ստացող (թիվը չի ներառում ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ ոստիկանության (ՆԳՆ), ՀՀ դատախազության, այլ համակարգերի կենսաթոշակառուներին), 171-ը` պետական պաշտոն զբաղեցրած անձինք:

Առանձին կատեգորիայի կենսաթոշակառուների (զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների) սոցիալական պաշտպանվածության մակարդակը բարձրացնելու նպատակով, 2015թ. հունվարի 1-ից, Հայրենական մեծ պատերազմում և Արցախյան ազատամարտում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին մինչ այդ նշանակված 2 կենսաթոշակից մեկի`  զինվորական կենսաթոշակի փոխարեն նշանակվել է պարգևավճար, որի չափը նախկին կենսաթոշակի չափը գերազանցել է հիմնականում 40-50 տոկոսով: Արդյունքում` շուրջ 6300 անձանց զինվորական կենսաթոշակի փոխարեն վճարվել է դրա չափն էականորեն գերազանցող պարգևավճար: Միաժամանակ, սահմանվեց, որ զոհված զինծառայողի ընտանիքի՝ աշխատանքային կենսաթոշակ ստացող անդամը պարգևավճարի իրավունք է ձեռք բերում` անկախ աշխատելու համգամանքից: Այս դեպքում վերականգվել է շուրջ 76 շահառուի պարգևավճար ստանալու իրավունքը:

2015թ. մայիսի 1-ից կրկնապատկվել է Հայրենական մեծ պատերազմի վետերանների ամենամսյա պատվովճարի չափը` 25000 դրամից դառնալով 50000 դրամ:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ 2015թ. ապրիլի 1-ից քառապատկվել է Արևմտյան Հայաստանում և Օսմանյան Թուրքիայի այլ վայրերում մինչև 1915 թվականը (ներառյալ) ծնված և Հայոց ցեղասպանությունը վերապրած հայերին տրվող ամենամսյա դրամական օգնության չափը` 25000 դրամից դառնալով 100000 դրամ:

Օրենսդրական փոփոխություններին զուգահեռ` կատարելագործվում են կենսաթոշակների և նպաստների նշանակման և վճարման գործընթացները: Պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանում և այլ պետական մարմինների կողմից վարվող տեղեկատվական համակարգերում առկա տեղեկատվությունների պարբերական համադրումներով և համապատասխան միջոցառումների ձեռնարկմամբ հնարավորինս կանխվում են ոչ իրավաչափ վճարումները և միջոցներ են ձեռնարկվում ավելի վճարված կենսաթոշակների գումարները ՀՀ պետական բյուջե վերադարձնելու համար:

Այս միջոցառումների և օրենսդրական փոփոխությունների շնորհիվ` ձևավորված խնայողությունների հաշվին հնարավոր եղավ ոչ միայն ապահովել մեկ միլիարդ դրամից ավելի խնայողություն, այլև պարգևավճարների և պատվովճարների չափերի բարձրացումները ֆինանսավորել նախարարությանը հատկացված բյուջետային ռեսուրսների շրջանակում:

Միաժամանակ, կատարվում են տարբեր տեղեկատվական համակարգերի (այդ թվում` այլ պետական մարմինների կողմից վարվող) միջև տվյալների առցանց փոխանակումն ապահովելու աշխատանքներ, ինչն էականորեն կբարելավի շահառուներին մատուցվող ծառայությունների որակը:

3.    Սոցիալական աջակցություն

·     Պետական նպաստներ

2015թ. պետական նպաստների բնագավառում կատարված փոփոխությունները նույնպես նպատակ են ունեցել մեծացնել ծրագրերի հասցեականությունը` պահպանելով սոցիալական աջակցության տրամադրման սկզբունքները:

Շարունակվել են պետական նպաստների, այդ թվում` ընտանիքների անապահովության գնահատման համակարգում առցանց եղանակով ստացվող տվյալների շրջանակի ընդլայնման աշխատանքները: Նշվածն արտացոլվել է այդ համակարգում հաշվառված և ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունք ձեռք բերած ընտանիքների, ինչպես նաև նպաստի իրավունք ձեռք բերած ընտանիքների թվում երեխա ունեցող ընտանիքների թվի հարաբերակցություններում:

Այսպես, եթե 2011թ. դեկտեմբերին ընտանեկան նպաստ էր ստանում շուրջ 84000 ընտանիք, ապա 2015թ. դեկտեմբեր ամսվա ընթացքում նպաստառու (ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացող) ընտանիքների թիվը կազմել է շուրջ 106300:

2015թ. ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված շուրջ 136000 ընտանիքից ընտանեկան կամ սոցիալական նպաստ է ստացել ամսական, միջին հաշվով, 105408-ը` հաշվառված ընտանիքների շուրջ 77,6%-ը, իսկ եռամսյակային հրատապ օգնություն, միջին հաշվով, 8598 ընտանիք կամ հաշվառվածների 6.3%-ը, նպաստի միջին չափը կազմել է 30350 դրամ: Ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքներին տրվել է միանվագ դրամական օգնություն. երեխայի ծննդյան կապակցությամբ` 5181 ընտանիքի, երեխայի առաջին դասարան ընդունվելու կապակցությամբ` 10903 ընտանիքի, ընտանիքի անդամի մահվան կապակցությամբ` 170 ընտանիքի (հավելված 3):

Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ է տրվել ամսական շուրջ 13000 ընտանիքի: Հստակեցվել են մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստին առնչվող իրավակարգավորումները` նպատակ ունենալով նաև միասնականացնել երեխայի ծննդյան կապակցությամբ տրամադրվող նպաստների նշանակման և վճարման գործընթացների իրականացման գործիքակազմերը:

Ժողովրդագրական վիճակի բարելավման նպատակով 2015թ. շարունակվել են  նախորդ տարի սկսված օրենսդրական փոփոխությունները` ուղղված երեխայի ծննդյան կապակցությամբ տրամադրվող պետական աջակցության ձևերի ու ծավալների արդյունավետության բարձրացմանը:

Մասնավորապես, էական փոփոխություններ են կատարվել երեխայի ծննդյան միանվագ վճար նշանակելուն և վճարելուն առնչվող իրավահարաբերություններում: Արդյունքում` երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակվում է նաև մահացած երեխա ծնվելու դեպքում, վերացվել է նպաստ նշանակելու համար ծնողի և նոր ծնված երեխայի՝ ՀՀ-ում նույն բնակության վայրում համատեղ հաշվառված լինելու պահանջը, պարզեցվել են նպաստ նշանակելու համար դիմում ներկայացնելու, նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելու կարգերը: Հիմք ընդունելով դրամագլխի օգտագործման ուղղությունների, ինչպես նաև քաղաքացիների դիմումների վերլուծությունները` ընդլայնվել են ընտանեկան դրամագլխի միջոցներն օգտագործելու ուղղությունները` դրանք կարող են օգտագործվել հաշվետիրոջ ծնողին կամ որդեգրողին գյուղատնտեսության ոլորտում տրամադրված վարկի տոկոսագումար վճարելու և մայր գումար մարելու համար,  ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված հեռավոր, սահմանամերձ, բարձրլեռնային, լեռնային, մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղական բնակավայրերում բնակարան կամ բնակելի տուն, կամ այլ անշարժ գույք գնելու համար:

·   Նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993թ. հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների փոխհատուցում

2014թ. ապրիլի 23-ի ՀՀ կառավարության N 460-Ն որոշման համաձայն` նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993թ. հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման իրավունք է տրվել ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված, «0»-ից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքների` մինչև 1931թ. դեկտեմբերի 31-ը (ներառյալ) ծնված անդամներին (վճարվել է 3516 ավանդատուի), ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակից անձանց (վճարվել է 294 ավանդատուի), մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող` Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքներում` բնակչության պետական ռեգիստրում 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված անձանց (վճարվել է 4441 ավանդատուի):

·  Սոցիալական բնակարաններ

Մինչև 2015թ. սեպտեմբերի 10-ը շարունակվել է ՀՀ կառավարության 2014թ. օգոստոսի 1-ի N 894-Ն որոշման համաձայն բնակելի տարածություն ստանալու իրավունք ունեցող սոցիալապես անապահով և հատուկ խմբերին դասված անձանց կացարաններ տրամադրելու գործընթացը, որից հետո նշված որոշումն ուժը կորցրած է ճանաչվել, և այս գործընթացը շարունակվել է ՀՀ կառավարության 2015թ. սեպտեմբերի 10-ի N 1069-Ն որոշման պահանջներին համապատասխան: Տարվա ընթացքում կացարաններ են տրամադրվել  սոցիալապես անապահով և հատուկ խմբերին դասված 6 անձի:

· Ինտեգրված սոցիալական ծառայություններ

2015թ. շարունակվել է մեկ պատուհանի սկզբունքով գործող 19 համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների (այսուհետ` ՀՍԾՏԿ) աշխատանքը, որոնք տեղակայվել են վերանորոգված, համապատասխան տեղեկատվական տեխնոլոգիաներով զինված շենքերում: Անհրաժեշտ աշխատանքներ են տարվում (համապատասխան տարածքներ ամրացնելու, անհատույց օգտագործման իրավունքով տարածքներ հատկացնելու, նախագծանախահաշվային, վերանորոգման և այլն) ևս շուրջ 15 ՀՍԾՏԿ-ներ տեղակայելու ուղղությամբ: ՀՍԾՏԿ-ն դիմումներն ընդունում է միասնական ընդունարանում, ունի փաստաթղթաշրջանառության միասնական համակարգ:

Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման իրավական հիմքի ապահովման նպատակով 2015թ. ընդունվել են «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող` ՀՀ կառավարության շուրջ երկու տասնյակ որոշում և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամաններ:

Շարունակվում են ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման համար անհրաժեշտ մեթոդաբնությունն ամբողջականացնելու աշխատանքները:

·  Հաշմանդամների և տարեցների հիմնահարցեր

Հաշմանդամության բնագավառում իրականացրած քաղաքականությունն ու պետական նպատակային ծրագրերն ուղղված են հաշմանդամություն ունեցող անձանց հասարակական կյանքին լիակատար ներառմանը՝ հավասար իրավունքներ և հավասար հնարավորություններ ապահովելու միջոցով:

Շարունակվում են հաշման­դամության սահմանման` Առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆունկցիաների միջազգային դասակարգման սկզբունքների վրա հիմնված մոդելի ներդրման աշխատանքները:

Բժշկասոցիալական փորձաքննության գործընթացի, դրա արդյունքում կայացրած որոշումների օբյեկտիվությունը և որոշման նկատմամբ վստահությունը, ինչպես նաև դրանց հրապարակայնությունն ու թափանցիկությունն ապահովելու նպատակով, համապատասխան իրավական ակտերով, բժշկասոցիալական փորձաքննության գործընթացին մասնակցելու հնարավորություն են ստանում ինչպես ոլորտային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, այնպես էլ  փորձաքննություն անցնող անձի ընտրած բուժող բժիշկը կամ այլ բժիշկ-մասնագետներ:

Հաշմանդամություն ունեցող անձանց վերականգնման ուղղությամբ միջոլորտային համագործակցությունն ամրապնդելու և վերականգնողական անհատական ծրագրում ընդգրկված` հաշմանդամություն ունեցող անձանց մատուցվող ծառայություննների  արդյունավետությունը և հասցեականությունը գնահատելու և բարձրացնելու նպատակով մշակվել և 2015 թվականի դեկտեմբերի 24-ին ընդունվել է  ՀՀ կառավարության «Հաշմանդամություն ունեցող անձանց վերականգնողական անհատական ծրագրի կազմման  և իրականացման կարգը հաստատելու մասին» N 1535-Ն որոշումը։

2015թ. իրականացվող պետական նպատակային ծրագրերի շրջանակներում  հաշմանդամներին անվճար տրամադրվել են պրոթեզաօրթոպեդիկ պարագաներ, ձայնաստեղծ սարքեր, աչքի պրոթեզներ,  սայլակներ, լսողական սարքեր և այլ վերականգնողական պարագաներ: Շարունակվել է տեսողությունը կորցրած անձանց համար հատուկ տառատեսակներով գրքերի և տետրերի տպագրման  և «Խոսող գրքերի»  ձայնագրության ծրագիրը (հավելված 4):

«Արթմեդ» բժշկական վերականգնողական կենտրոնում բժշկասոցիալական  և հոգեկան առողջության վերականգնման ծառայություն է ստացել 818 անձ:

Համաֆինանսավորման միջոցով պետական աջակցություն է ցուցաբերվել «Փրկություն հասարակական կազմակերպությանը` մտավոր խնդիրներով հաշմանդամություն ունեցող 50 դեռահասի և երիտասարդի սոցիալ-վերականգնողական ծառայություններ մատուցելու համար:

2015թ. դեկտեմբերի 30-ի դրությամբ հաշմանդամների հաշվառման հանրապետական շտեմարանում հաշվառվել է հաշմանդամություն ունեցող 200084 անձ, որից 7903-ը՝ հաշմանդամ երեխա: 2015թ. առողջապահական կազմակերպություններն առաջին անգամ բժշկասոցիալական փորձաքննություն անցնելու նպատակով ուղեգրել են 17593 անձի, որը նախորդ տարվա համեմատ նվազել է 46-ով: Նրանց 4.2%-ի համար սահմանվել է հաշմանդամության 1-ին խումբ, 23.1%-ի համար՝ 2-րդ խումբ, 66.3%-ի համար՝ 3-րդ խումբ, իսկ 6.4%-ի համար՝ «հաշմանդամ երեխա» կարգավիճակ: Առաջին անգամ հաշմանդամ է ճանաչվել 15667 անձ, որը նախորդ տարվա համեմատ նվազել է 14-ով: Առաջնակի մերժումների տոկոսը կազմել է 10.9%, որը նախորդ տարվա համեմատ աճել է 0.3%-ով: Վերափորձաքննվել է 55580 անձ (սա նախորդ տարվա համեմատ նվազել է 713-ով), որոնց 2.9%-ը վերափորձաքննությամբ հաշմանդամ չի ճանաչվել, որը նախորդ տարվա համեմատ աճել է 0.2%-ով:

2015թ. շարունակվել են տարեցների սոցիալական պաշտպանության բարելավման աշխատանքները:

1210 կենսաթոշակառու շուրջօրյա խնամքի և սոցիալական սպասարկման ծառայություններ է ստանում նախարարության համակարգի 5 տուն-ինտերնատում, այդ թվում` հոգեկան առողջության խնդիրներ ունեցող 120 անձ շուրջօրյա խնամքի ծառայություններ է ստանում  2015թ. հուլիսի 1-ից գործող` հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց «Ձորակ» խնամքի կենտրոնում, իսկ հանրապետության բոլոր տուն-ինտերնատներում (5 պետական և 4 ոչ պետական), անկախ իրավական-կազմակերպական ձևից, խնամվում է 1350 կենսաթոշակառու:

Ավարտվել է Երևանի N 1 տուն-ինտերնատի` անկողնային հիվանդների նոր բաժանմունքի շինարարությունը: Բոլոր տուն-ինտերնատներում տարվա ընթացքում կատարվել են մասնակի վերանորոգման աշխատանքներ:

Երևան քաղաքում տնային պայմաններում սպասարկվում է 1500 միայնակ տարեց ու հաշմանդամ քաղաքացի: Տնային պայմաններում և ցերեկային խնամքի կենտրոններում, անկախ կազմակերպաիրավական ձևից, սոցիալական սպասարկման ծառայություններ է ստանում շուրջ 6000 կենսաթոշակառու:

Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող 30 անձ սոցիալ-հոգեբանական վերականգնման ծառայություններ է ստանում Վարդենիսի հոգեկան առողջության ցերեկային կենտրոնում:

Սոցիալական սպասարկման և խնամքի ծառայություններ են պատվիրակվել «Առաքելություն Հայաստան» բարեգործական ՀԿ-ին և «Վանաձորի տարեցների տուն» հիմնադրամին, համապատասխանաբար` 4200 և 55 շահառուի համար:

Համաֆինանսավորվել է hայ-դանիական «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող` ժամանակավոր կացարանում անօթևան մարդկանց շուրջօրյա խնամքի տրամադրման ծրագիրը, որի շրջանակներում ապաստան և սնունդ է տրամադրվում շուրջ 100 անօթևան մարդու:

·  Ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցեր

2015թ. շարունակվել է «Հայաստանի հանրապետությունում երեխայի իրավունքների պաշտպանության 2013-2016թթ. ռազմավարական ծրագրով» նախատեսված միջոցառումների իրականացումը: Մասնավորապես` կատարվել են կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների կյանքի որակի բարելավման և սոցիալական պաշտպանության երաշխիքների ապահովման, նրանց մատուցվող այլընտրանքային ծառայությունների ցանցի զարգացման, երեխաների խնամքի և պաշտպանության հաստատություններում մատուցվող ծառայությունների որակի բարելավման աշխատանքներ: Այդ նպատակով մշակվել են մի շարք օրենսդրական նախագծեր (ՀՀ կառավարության, ՀՀ վարչապետի որոշումներ և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամաններ):

Նախարարության համակարգում գործող` երեխաների շուրջօրյա խնամք իրականացնող բնակչության սոցիալական պաշտպանության ընդհանուր տիպի և հատուկ (մասնագիտացված)  վեց հաստատությունում (մանկատներում) իրականացվել է առանց ծնողական խնամքի մնացած շուրջ 660 երեխայի խնամքը,  այդ թվում` շուրջ 450 երեխայի խնամքը` երեք հատուկ (մասնագիտացված) հաստատությունում: Թեև երեխաների շուրջօրյա խնամք իրականացնող բնակչության սոցիալական պաշտպանության ընդհանուր տիպի հաստատություններում շարունակում է նվազել խնամվող երեխաների թիվը, այդուհանդերձ սոցիալ-տնտեսական ծանր պայմաններով պայմանավորված` ավելացել է առողջական խնդիրներ ունեցող երեխաների թիվը  հատուկ (մասնագիտացված հաստատություններում:

Նախարարության համակարգի` երեխաների խնամքի և պաշտպանության 8 գիշերօթիկ հաստատությունում մինչև 2015թ. հուլիս ամիսը խնամվել է սոցիալապես անապահով, ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանիքների դպրոցահասակ շուրջ 700 երեխա, որոնց խնամքը տարանջատվում է կրթությունից:  Բարեփոխումներով պայմանավորված` 2015թ. հուլիս ամսից Երևանի երեխաների խնամքի և պաշտպանության  թիվ 1 գիշերօթիկ հաստատությունը վերակազմակերպվել է «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոնի: Ներկայում 7 հաստատությունում շուրջօրյա խնամք է ստանում  630 երեխա:

Նախարարության համակարգի` երեխաների սոցիալական հոգածության ցերեկային 3  կենտրոնները ծառայություններ են տրամադրել  կյանքի դժվարին իրավիճակում հայտնված,  6-18 տարեկան շուրջ 270 երեխայի և նրանց ընտանիքներին: «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության` երեխաների 4 ցերեկային կենտրոնում (Դիլիջան, Իջևան, Նոյեմբերյան, Բերդ) ծառայություններ են մատուցվել դժվար իրավիճակում հայտնված  առնվազն 250 երեխայի:

«Երևանի երեխաների «Զատիկ» սոցիալական աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ը կյանքի դժվարին իրավիճակում հայտնված,  3-18 տարեկան շուրջ 15 երեխայի տրամադրել է մինչև 6 ամիս ժամկետով շուրջօրյա խնամք:

Առանց ծնողական խնամքի մնացած  շուրջ 20  երեխա խնամվել է խնամատար ընտանիքներում:

Հաստատություններից երեխաներին կենսաբանական ընտանիքներ վերադարձնելու (բեռնաթափում և կանխարգելում) միջոցառման շրջանակում ՀՀ Լոռու մարզում, 2014 թվականից` նաև ՀՀ Շիրակի մարզում, կենսաբանական ընտանիք է վերադարձել 40 երեխա, կանխարգելվել է 60 երեխայի մուտքը հաստատություններ: Միջոցառման շրջանակում ընտանիքներին տրամադրվել է բնաիրային օգնության փաթեթ` սննդի զամբյուղ, հագուստ և կոշիկ, գրենական պիտույքներ և դասագրքեր, էներգետիկ ծառայությունների փոխհատուցում:

«Հայաստանի Հանրապետության մանկատների շրջանավարտներին աջակցություն և խորհրդատվություն» ծրագրի շրջանակներում «Վանաձորի մանկատուն» ՊՈԱԿ-ի և «Գավառի մանկատուն»  ՊՈԱԿ-ի  18-23 տարեկան 12 շրջանավարտի տրամադրվել է միանվագ դրամական օգնություն, իրականացվել են մասնագիտական կողմնորոշման աշխատանքներ, ուսուցում, վերապատրաստում, բժշկական և իրավաբանական օգնության տրամադրման աջակցություն:

Տարվել  են նաև կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման,  թրաֆիքինգի կանխարգելման  և դրա զոհերին աջակցելու աշխատանքներ:

4.    Ժողովրդագրություն

2015թ. կատարած աշխատանքները բխել են ՀՀ ժողովրդագրական քաղաքականության ռազմավարության և դրա իրականացումն ապահովող միջոցառումների դրույթներից` հաշվի առնելով անցած տարիներին հանրապետությունում արձանագրված ժողովրդագրական զարգացումները:

ՀՀ ժողովրդագրական իրավիճակը բնութագրող ցուցանիշները շարունակում են մնալ մտահոգիչ և խնդրահարույց: 2015թ. առաջին 9 ամիսներին ժողովրդագրական զարգացման հիմնական ցուցանիշները դրսևորել են տարբեր միտումներ: Այսպես, նշված ժամանակահատվածում հանրապետության մշտական բնակչությունը նվազել է 6.6 հազարով,  գրանցվել է 30666 ծնունդ, որը 792 ծնունդով պակաս 2014թ. նույն ժամանակահատվածում գրանցված ցուցանիշից: Ծնունդների թվի նվազմանը զուգահեռ` բնակչության բնական աճի մյուս բաղադրիչները դրսևորել են հետևյալ միտումները` արձանագրվել է մահացության 20900 դեպք (նվազում 150-ով), ամուսնության 13120 դեպք (նվազում 1228-ով), ամուսնալուծության 2799 դեպք (նվազում 746-ով):

Հաշվի առնելով ժողովրդագրական ոչ բարենպաստ զարգացումները` մշակվել է «Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2016-2018թթ. ազգային ծրագիրը և ծրագրի իրականացումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին՝ ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որում ներառված միջոցառումները միտված են լինելու`

·         ծնունդների նյութական խրախուսմանը,

·         մահացության, այդ թվում` մանկական և մայրական, կրճատմանը,

·      բնակարանի կարիք ունեցող անձանց բնակարանով ապահովմանը` բնակարանով ապահովման պետական նպատակային ծրագրի (սոցիալական բնակարանային ֆոնդի) ներդրման և իրականացման միջոցով,

·     տարիքային տարբեր խմբերին պատկանող հղի կամ մայրացած կանանց աջակցությանը,

·    երիտասարդ և բազմազավակ ընտանիքների աջակցության և զարգացման այլընտրանքային մոտեցումների և տարբերակների ներդրմանը` ժողովրդագրական զարգացման ազգային հիմնադրամի ստեղծմամբ:

Ժողովրդագրական քաղաքականության համար գիտահետազոտական հենքի ապահովման նպատակով կատարվել է «Հայաստանի Հանրապետությունում ամուսնալուծությունների և դրանց հնարավոր պատճառների հետազոտություն» ուսումնասիրությունը:

5.  Մոնիթորինգ և գնահատում

Նախարարությունը ՀՀ սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող ծրագրերի արդյունավետության բարձրացման, ՀՀ պետական բյուջեի միջոցների նպատակային օգտագործման, ինչպես նաև  ոլորտում իրականացվող ծրագրերից շահառուների բավարարվածության  աստիճանի  գնահատման, առկա խնդիրների բացահայտման և կոռուպցիոն ռիսկերի նվազեցման նպատակով կարևորում է ոլորտում իրականացվող մոնիթորինգի և գնահատման գործընթացը:

Ոլորտում իրականացվող ծրագրերի մոնիթորինգի և գնահատման միասնական համակարգի ներդրման գործընթացի շրջանակում, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի համապատասխան հրամանով հաստատված` նախարարության միջոցով իրականացվող ծրագրերի (բնակչությանը տրամադրվող սոցիալական ծառայությունների) մոնիթորինգի և գնահատման իրականացման կարգի և գնահատման մեթոդաբանության համաձայն, կատարված մոնիթորինգի և հավաքագրված տեղեկատվության հիման վրա իրականացվել է «Զբաղվածության կարգավորման 2014թ. պետական ծրագրի», ինչպես նաև դրանում ներառված 10 ծրագրերի գնահատում, որի արդյունքները ներկայացվել են բոլոր շահագրգիռ կողմերի քննարկմանը։ Կազմվել է մոնիթորինգի և գնահատման արդյունքների ամփոփ հաշվետվություն, որի հիման վրա լրամշակվել է «Զբաղվածության կարգավորման 2016թ. պետական ծրագիրը»։ Համաձայն ՀՀ կառավարության 2014թ. սեպտեմբերի 11-ի N 981-Ն որոշման` մոնիթորինգի և գնահատման ամփոփ հաշվետվությունը տարեկան ծրագրի հետ սահմանված ժամկետում ներկայացվել է ՀՀ կառավարություն։

Մշակվել են նաև ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի բնագավառում իրականացվող 10 ծրագրի մոնիթորինգային անձնագրերը և ցուցանիշները, հստակեցվել են դրանց հավաքագրման աղբյուրները: Այդ ծրագրերից 3-ի շրջանակում համապատասխան կազմակերպություններում իրականացվել են ընթացիկ մշտադիտարկումներ, կատարվել են շահառուների կարծիքի ուսումնասիրություններ, ընթացքում են ծրագրերի գնահատման  աշխատանքները:

ԱՄՆ ՄԶԳ կենսաթոշակային բարեփոխումների ծրագրի շրջանակում շարունակվում է նաև «Աշխատանքային կենսաթոշակ» և «Կենսաթոշակային ապահովության, ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների, պարգևավճարների, պատվովճարների և այլ ծրագրերի վճարման հետ կապված ծառայություններ» ծրագրերի մոնիթորինգի և գնահատման գործընթացը:

Սոցիալական աջակցության տարածքային 7, սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային 6 մարմնում, ՀՀ մարզերի զբաղվածության պետական գործակալության 51 մարմնում, նախարարության ենթակայության  9 ՊՈԱԿ-ում և 3 ԲՍՓՀ-ում կատարվել են թեմատիկ ստուգումներ, ուսումնասիրություններ և մոնիթորինգ:

ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչության կողմից համակարգում անցկացված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրված խախտումների կապակցությամբ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ կազմակերպվել են քննարկումներ, իրականացվել են լրացուցիչ ուսումնասիրություններ,  խախտումները վերացնելու և արձանագրված գումարները վերականգնելու նպատակով տրվել են  համապատասխան հանձնարարականներ,  ինչպես նաև ուսումնասիրություն իրականացնող մարմիններին ներկայացվել են  նախարարության պարզաբանումներն ու դիրքորոշումները:

Կատարվել է ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված` «բացակա» անդամ ունեցող ընտանիքների գործերի նպատակային ուսումնասիրություն:

Ուսումնասիրություններ են կատարվել նաև ՀՀ ԱՍՀՆ «114 թեժ գիծ» ծառայության միջոցով, ինչպես նաև այլ գերատեսչություններից (մասնավորապես` ՀՀ Ազգային Ժողովից, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից, Մարդու իրավունքների պաշտպանից, ՀՀ փաստաբանների պալատից և այլն) ստացված գրությունների հիման վրա, որոնց արդյունքում տրամադրվել են մասնագիտական եզրակացություններ:

Կատարվել է ավելի քան 350 նորմատիվ իրավական ակտի նախագծերի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատում:

6.    Տեղեկատվական հոսքերի կառավարում

Շարունակվել են սոցիալական պաշտպանության ոլորտի տեղեկատվական ենթակառուցվածքի սպասարկման ու կատարելագործման աշխատանքները:

«Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոնը սպասարկում ու պարբերաբար արդիականացնում է մեկ տասնյակից ավելի տեղեկատվական համակարգեր:

Վերոնշյալ տեղեկատվական համակարգերում ապահովվել է ինքնաշխատ եղանակով տվյալների կիրառումն ինչպես նշված համակարգերի, այնպես էլ այլ գերատեսչությունների կողմից շահագործվող տեղեկատվական համակարգերի միջև (Ճանապարհային ոստիկանության, Տրանսպորտային միջոցների հաշվառման, Կադաստրի պետական կոմիտեի, Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի, ԱՎՎ և բնակչության պետական ռեգիստրի, ՀՀ ԿԱ ՊԵԿ, ՔԿԱԳ և այլն) տեղեկատվության փոխանակման համակարգի միջոցով՝ ապահովելով տեղեկատվության ստացումն առաջնային աղբյուրից և բացառելով տվյալների կրկնություններն ու անվավեր տվյալները:

Կենտրոնն սպասարկում է նաև սոցիալական պաշտպանության ոլորտի մի շարք վեբկայքեր, այդ թվում՝ www.mlsa.am, www.employment.am, www.hhbsp.am, www.epension.am, www.disabilityarmenia.am, www.114gov.am:

7.    Անձնակազմի կառավարում

2015թ. նախարարության աշխատակազմն ունի 674 հաստիք, որից 475-ը քաղաքացիական ծառայության պաշտոններ են: Տարվա ընթացքում նախարարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններից համալրվել է 59-ը, վերապատրաստվել՝ 165, ատեստավորվել` 160 քաղաքացիական ծառայող, իրենց զբաղեցրած պաշտոնից ազատվել է 36 քաղաքացիական ծառայող:

8.    Գիտահետազոտական աշխատանքներ և վերապատրաստում

Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի կատարած հետազոտությունները, ուսումնասիրությունները, վերլուծություններն էապես նպաստում են սոցիալական ոլորտի քաղաքականության մշակմանը և կադրերի վերապատրաստմանը:

Ինստիտուտը գիտահետազոտական գործունեության մասով կատարել է 8 թեմատիկ աշխատանք, մի շարք հետազոտություններ և ուսումնասիրություններ: Ուսումնական գործունեության մասով իրականացվել է սոցիալական պաշտպանության ոլորտի ավելի քան  700 մասնագետի վերապատրաստում և որակավորման բարձրացում:

9.    Համագործակցություն միջազգային, ոչ պետական և բարեգործական կազմակերպությունների հետ

Աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտի բարեփոխումներն իրականացվում են միջազգային և բարեգործական կազմակերպությունների հետ սերտ համագործակցությամբ, մասնավորապես`  Միավորված ազգերի կազմակերպության կառույցների (ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամ, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ, ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական հարցերի դեպարտամենտ, ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողով, Աշխատանքի միջազգային կազմակերպություն), Եվրոպայի Խորհրդի, Անկախ Պետությունների Համագործակցության, Համաշխարհային բանկի, Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության, Միգրացիայի միջազգային կազմակերպության, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն», «Սեյվ դը Չիլդրեն», «Վորլդ Վիժն», «Ամքոր», «ԱՌԴԱ», «Շողիկ» և այլ կազմակերպությունների, ինչպես նաև օտարերկրյա պետությունների հետ, կնքվել են պայմանագրեր, փոխըմբռնման հուշագրեր, տարեկան աշխատանքային ծրագրեր, ծրագրային այլ փաստաթղթեր, իրականացվել են մի շարք միջոցառումներ:

Միջազգային պայմանագրերով աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում ՀՀ ստանձնած պարտավորությունների կատարման շրջանակներում պատրաստվել են Աշխատանքի միջազգային կազմակերպության 5 կոնվենցիայի և Եվրոպայի Խորհրդի «Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի» կիրարկման վերաբերյալ ազգային զեկույցներ:

Բարեգործական կազմակերպությունների աջակցությամբ մարդասիրական օգնություն է ցուցաբերվել սոցիալապես անապահով շուրջ 2100 ընտանիքի, ուսումնասիրվել և եզրակացություններ են ներկայացվել ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի ներկայացրած 158 ծրագրի վերաբերյալ:

10.  Փաստաթղթաշրջանառություն

2015թ. կազմակերպվել է նախարարությունում ստացված 30256 պաշտոնական գրությունների, 8862 քաղաքացիներից և իրավաբանական անձանցից ստացված  դիմումների միասնական շարժը: Նախարարությունից ելքագրվել է 8620 փաստաթուղթ` իրավական ակտերի նախագծեր, հանձնարարականների կատարումն ապահովող գրություններ, պարզաբանումներ, քաղաքացիների դիմումների պատասխաններ: Նշված ժամանակահատվածում գրանցվել է նախարարի 192 և նախարարության աշխատակազմի ղեկավարի 72 հրաման:

Տարվա ընթացքում նախարարություն է դիմել 3819 քաղաքացի: Կազմակերպվել է նախարարի, նախարարի տեղակալների, նախարարության աշխատակազմի ղեկավարի 38 ընդունելություն:

11.   Քարոզչություն, հասարակության իրազեկում

Հանրապետական 35 լրատվամիջոցով եղել է ավելի քան 200 հրապարակում, տարածվել 250-ից ավելի մամլո հաղորդագրություն: Անցկացվել 17 մամուլի ասուլիս:

«Արմնյուզ» հեռուստաընկերության «Սոցիալական անդրադարձ» հաղորդաշարի միջոցով պարբերաբար լուսաբանվել են նախարարության գործունեությունը, կատարած աշխատանքներն ու ծրագրերը: 2015թ. սեպտեմբեր ամսից «Կենտրոն» հեռուստաընկերությամբ եթեր է հեռարձակվել նաև «Քեզ արտոնված է» հաղորդաշարը, որը նույնպես լուսաբանել է նախարարության գործունեությունն ու իրականացրած ծրագրերը:

Իրականացվել է տպագիր և էլեկտրոնային մամուլի հրապարակումների ամենօրյա մոնիթորինգ, տարբեր լրատվամիջոցներով հրապարակված շուրջ 300, մասնավորապես  արձագանք պահանջող նյութերի վերաբերյալ պատրաստվել են պարզաբանումներ: Համակարգվել է նախարարության էլեկտրոնային կայքէջի նորացման գործընթացը, ապահովվել է համապատասխան բաժինների` «Տեղեկատվական հարթակ», «Կառուցվածք», «Մեր նախարարները» բովանդակային նյութերի տեղադրումը:

Սոցիալական պաշտպանության ոլորտին վերաբերող բազմաբնույթ հարցերի մասին քաղաքացիներին և լրագրողներին էլեկտրոնային փոստով տրվել է ավելի քան 400, հեռախոսով` շուրջ 300 պարզաբանում: Կազմակերպվել և իրականացվել են մի շարք հանդիպումների, քննարկումների, կլոր սեղանների, հայեցակարգերի և իրավական ակտերի նախագծերի հանրային քննարկման և լուսաբանման աշխատանքներ: Կատարված աշխատանքների արդյունքները նախարարության կողմից իրականացվող քաղաքականության թափանցիկության,  քաղաքացիների հետ հետադարձ կապի, նախարարության բարձր վարկանիշի, սոցիալական գործընկերների հետ համագործակցության շարունակականության ապահովումն է:

ԿԻՍՎԵԼ