ԱՍՀ նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանն աշխատանքային այցով Վիեննայում է

Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի դաշինքի 23-րդ համաժողովի շրջանակում՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանն աշխատանքային այցով գտնվում է Վիեննայում։   

Այցի շրջանակում նախարարի տեղակալն ունեցել է մի շարք հանդիպումներ պետական և մասնավոր հատվածների ներկայացուցիչների, այդ թվում՝ Ավստրիայում ՀՀ դեսպանության դիվանագետների հետ:

Ապրիլի 17-ին Տաթևիկ Ստեփանյանը քննարկում է ունեցել Ավստրիայի սոցիալական հարցերի, առողջապահության, խնամքի և սպառողների պաշտպանության դաշնային նախարարության եվրոպական, միջազգային և սոցիալական քաղաքականության գծով գլխավոր տնօրենի տեղակալ Ուլրիկե Նոյֆանգի ու գերատեսչության երկարաժամկետ խնամքի, հաշմանդամության և բարեկեցության հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Ալեքսանդր Միկլաուտցի հետ։

Կողմերն անդրադարձել են երկու երկրների սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող և նախատեսվող բարեփոխումներին, մասնավորապես՝ հաշմանդամություն ունեցող անձանց, տարեցներին և երեխաներին տրամադրվող ծառայությունների կառուցվածքին, դրանց ֆինանսավորման մեխանիզմներին և մոնիթորինգի իրականացման գործընթացին։

Վիեննայի սոցիալական ֆոնդի օմբուդսմեն Նարեկ Պետրոսյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր՝ սոցիալական ծառայությունների պատվիրակման ու տրամադրման մեխանիզմների, այդ գործընթացում Մարդու իրավունքների պաշտպանի ներգրավման, անձնական օգնականի ծառայության, ինչպես նաև աշխատաշուկայում հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավման ավստրիական փորձի վերաբերյալ։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել «Սոցիալական աջակցության մասին» նոր օրենքի ընդունմանը զուգահեռ՝ փորձագիտական աջակցություն տրամադրել ծառայությունների հավաստագրման և նոր չափորոշիչների ստեղծման վերաբերյալ։ Կողմերն ընդգծել են նաև շարունակական հանդիպումներ իրականացնելու և երկու երկրների սոցիալական ծառայությունների կառուցվածքն առավել մանրամասն ուսումնասիրելու անհրաժեշտությունը։

ԿԻՍՎԵԼ