Նարեկ Մկրտչյանն ու Մարտին Էռնեկյանը քննարկել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության հնարավորությունները

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերության գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանին, «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության գլխավոր տնօրեն Մարսելո Վենդեին և փոխտնօրեն Սերգեյ Ավետիսյանին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երիտասարդների մասնագիտական կողմնորոշմանը, զբաղվածության ապահովմանը, ընտանիքների հզորացմանն առնչվող մի շարք հարցեր, դիտարկվել է նաև սոցիալական պատասխանատվության ծրագրերի իրականացման հնարավորությունը, այդ թվում՝ «Զվարթնոց» օդանավակայանին կից Փարաքար խոշորացված համայնքում։ Ձեռք բերված պայմանավորվածություններին ընթացք տալու համար քննարկվել է նաև համատեղ հուշագրի կնքման ձևաչափը։

Նախարար Մկրտչյանը ներկայացրել է այս պահին նախարարության կողմից իրականացվող բարեփոխումները՝ շեշտելով, որ ցանկացած սոցիալական ուղղվածության ծրագրի հիմքում նախարարությունը կարևորում է կրթական բաղադրիչի առկայությունը։ Այս համատեքստում շեշտվել է երիտասարդներին արտերկրում կրթություն ստանալու և ձեռքբերած գիտելիքն ու փորձը երկրին ծառայեցնելու հնարավորության ընձեռնման կարևորությունը։ Մարտին Էռնեկյանը համագործակցության պատրաստակամություն է հայտնել և նշել, որ Էռնեկյան ընտանիքը եղել է և շարունակում է լինել հայ ժողովրդի կողքին։

Նախարարը շնորհակալություն է հայտնել հյուրերին և նշել նաև, որ Մարսելո Վերդեի հետ կայացած նախորդ հանդիպումից հետո 44-օրյա պատերազմի մի խումբ մասնակիցների հնարավորություն է ընձեռվել աշխատանքի անցնել «Զվարթնոց» օդանավակայանում։

Հանդիպման ավարտին նախարարը հյուրերին նվիրել է «Խարբերդի մասնագիտացված մանկատան» երեխաների կողմից պատրաստված փայտե ինքնաթիռներ։

ԿԻՍՎԵԼ