Նախարար Նարեկ Մկրտչյանը ընդունել է Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ռեկտոր Սալվա Սանդրա Նակուզիին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը նախարարությունում այսօր ընդունել է Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ռեկտոր Սալվա Սանդրա Նակուզիին։

Կողմերը քննարկել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, որոնք հնարավորություն կտան իրականցնել կրթության որակի բարձրացմանն ուղղված համատեղ միջոցառումներ, այդ թվում՝ ուսանողների մասնագիտական հմտությունների զարգացման, նրանց պրակտիկայի կազմակերպման, շրջանավարտների զբաղվածության ապահովման և մի շարք այլ ուղղություններով։

Դիտարկվել են նախարարության ներկայացուցիչների մասնակցությամբ կլոր սեղաններ, թեմատիկ սեմինարներ կազմակերպելու, համատեղ հետազոտական աշխատանքներ իրականացնելու, համալսարանի կարիերայի կենտրոնի հետ աշխատելու հնարավորությունը։

Հաշվի առնելով այն, որ համալսարանն ունի երեխաների և պատանիների համար նախատեսված կրթական, գիտական և մշակութային ծրագրեր, քննարկվել է նաև կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների կարողությունների հզորացմանն ուղղված միջոցառումների իրականացումը։

Զրույցի ընթացքում անդրադարձ է արվել նաև 2021 թվականին նախարարության և Հայաստանում ֆրանսիական համալսարան հիմնադրամի միջև ստորագրված հուշագրին, «Գրանթ Թորնթոն»-ի, ինչպես նաև Ֆրանսիա Հայաստան առևտրաարդյունաբերական պալատի հետ արդյունավետ համագործակցություններին։

ԿԻՍՎԵԼ