2016 և 2020 թթ․ ռազմական գործողությունների մասնակիցների կրթության և զբաղվածության ապահովման նպատակով՝ համագործակցության եռակողմ հուշագիր է ստորագրվել

Կարևորելով 2016 և 2020 թթ․ ռազմական գործողությունների մասնակիցների կրթության, աշխատաշուկայում մրցունակության բարձրացման և զբաղվածության ապահովման ուղղությամբ պետություն-մասնավոր հատված ջանքերի համախմբումը՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման» և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամների միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել։

Հուշագրի շրջանակում կողմերը պարտավորվել են ստեղծել առցանց հարթակ, որի միջոցով կհամակարգվի պետության, հասարակական կազմակերպությունների, հիմնադրամների և մասնավոր հատվածի աշխատանքները։ Հարթակը հնարավորություն կտա նույնականացնել շահառուներին, համադրել տարբեր կառույցների կողմից նրանց տրամադրվող ծառայությունները և գնահատված կարիքի հիման վրա ուղղորդել նպատակային աջակցություն ստանալու:

Հարթակում ընդգրկված կառույցները շահառուներին կառաջարկեն ծառայություններ՝ ուղղված զբաղվածության ապահովմանը, կրթության և ուսուցման կազմակերպմանն ու անցկացմանը, սոցիալ-հոգեբանական աջակցությանը, կարիերայի ուղղորդմանը։

Հարթակը պարբերական հրապարակումների միջոցով տեղեկատվություն կտրամադրի նաև շահառուներին ուղղված պետական և մասնավոր աջակցությունների ու ծրագրերի մասին, կներառի հաջողության պատմություններ և այլն։

Հուշագրին միացել են 25-ից ավելի կազմակերպություններ, որոնք նշված ուղղություններով ներկայումս իրականացնում են տարբեր ծրագրեր:

ԿԻՍՎԵԼ