Տեղի են ունեցել «Իրավունքներն՝ իմ աչքերով» խորագրով հանրային իրազեկման միջոցառումներ

Երեխաների հիմնարար իրավունքների իմացության և պաշտպանության կարևորությունն ընդգծելու նպատակով՝ նախարարության կողմից իրականացվել  են «Իրավունքներն՝ իմ աչքերով» խորագրով հանրային իրազեկման միջոցառումներ։

Խարբերդի  մասնագիտացված մանկատանը նախարարության ենթակայությամբ գործող երեխաների խնամքի ցերեկային և շուրջօրյա հաստատությունների սաները տարբեր հեքիաթների բեմականացման, թատերական ներկայացումների միջոցով ներկայացրել են իրենց գիտելիքներն իրավունքների մասին։ Հերոսների անունից խոսել են ընտանիքում ապրելու, կրթվելու, առողջ ապրելակերպի, աշխատելու, ազատ արտահայտվելու և այլ իրավունքների մասին։

Գավառի մանկատանը նույն հաստատությունների սաների համար կազմակերպվել էր «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղը, որի ընթացքում հարցերի և պատասխանների միջոցով նրանք ևս մեկ անգամ բարձրաձայնել են իրենց իրավունքների մասին, այնուհետև միջոցառման հյուրերին ներկայացրել այդ խորագրով արված լուսանկարները․ միջոցառման մասնակիցները պարգևատրվել են հավաստագրերով և գեղարվեստական գրքերով։

ԱՍՀ նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը շահագրգիռ պետական կառույցների ներկայացուցիչներ և այլ հյուրեր մասնակցել  են միջոցառումներին և ոգևորել երեխաներին՝ նշելով, որ իրավունքների իմացությունը յուրաքնաչյուր քաղաքացուն օգնում է դառնալ ավելի պատրաստված ու պաշտպանված։

Նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը շեշտել է, որ երեխաների ոգևորությունն ու հրաշալի մասնակցությունը այս միջոցառումներին սոցիալական պաշտպանության ոլորտի նվիրյալների ամենօրյա աշխատանքի արդյունքն է․ «Ես ցանկանում եմ միշտ Ձեզ տեսնել վառվռուն աչքերով, գոհունակ և ուրախ։ Հավատացնում եմ, որ մենք ջանք ու եռանդ չենք խնայելու ձեր առօրյան ու կյանքն առավել ապահով ու բովանդակային դարձնելու համար, մենք Ձեր կողքին ենք իրականացնելու Ձեր ամենանվիրական երազանքներն ու նպատակները»։

Նմանատիպ միջոցառումներ կազմակերպվել են նաև տարբեր մարզերում, որոնք  հնարավորություն են տվել խոսել ինչպես իրավունքների, այնպես էլ պարտականությունների մասին։

ԿԻՍՎԵԼ