Բարեփոխումներ՝ Արցախի Հանրապետության առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրում

Արցախի Հանրապետության առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի պայմաններում և ընթացակարգում փոփոխություններ են իրականացվել։

Ըստ այդմ, եթե արցախցին ձեռք բերի կամ կառուցի անհատական բնակելի տուն ՀՀ սահմանամերձ բնակավայրում, ապա պետության կողմից կստանա լրացուցիչ աջակցություն։ Արցախում, ՀՀ մարզերում և Երևանում անշարժ գույքի ձեռքբերման կամ կառուցման պայմաններում փոփոխություններ չեն իրականացվել։

Այսպիսով՝

•        սահմանամերձ բնակավայրում հիփոթեքային վարկով բնակելի անշարժ գույք ձեռք բերելու դեպքում՝ կտրամադրվի աջակցություն հիփոթեքային վարկի մայր գումարի ամսական վճարների մարման համար հանրագումարային մինչև 14 մլն դրամ (բայց ոչ ավելի, քան ամսական 207 հազար դրամ), իսկ տոկոսագումարների մարման համար՝ մինչև 13%, հանրագումարային մինչև 11,085 մլն դրամ (բայց ոչ ավելի, քան ամսական 152 հազար դրամ),

•        սահմանամերձ բնակավայրում անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում՝ կտրամադրվի աջակցություն հիփոթեքային վարկի մայր գումարի ամսական վճարների մարման համար հանրագումարային մինչև 16 մլն դրամ (բայց ոչ ավելի, քան ամսական 237 հազար դրամ), իսկ տոկոսագումարների մարման համար՝ մինչև 13%, հանրագումարային մինչև 12,668 մլն դրամ (բայց ոչ ավելի, քան ամսական 174 հազար դրամ)։

Իրականացված փոփոխությունների շրջանակում կսուբսիդավորվի նաև ձեռք բերվող կամ կառուցվող անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման համար գանձված գումարը։

Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը 5 աշխատանքային օրվա ընթացքում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը կտրամադրի շահառուների վերջնական տվյալները, որից հետո կսկսվի հավաստագրերի տրամադրման գործընթացը։

Հիշեցնենք, որ ծրագրի շահառուներն Արցախի Հանրապետության առանձին շրջաններում 2020 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ բնակված կամ Արցախի Հանրապետությունում հաշվառված, առնվազն վերջին երեք ամիսներին փաստացի բնակված կամ վերջին երեք տարում փաստացի բնակված և Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով տեղահանված ընտանիքներն են (այդ թվում՝ մեկ անձից բաղկացած), այդ թվում՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո տվյալ ընտանիքում ծնված երեխան, բացառությամբ այն ընտանիքների, որոնք որևէ ծրագրի շրջանակում գործուղվել են Արցախի Հանրապետություն մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը և վերջին երեք ամիսներին բնակվել են այնտեղ։

Միասնական սոցիալական ծառայության հետ համագործակցող բանկից կամ վարկային կազմակերպությունից հիփոթեքային վարկ ստանալու դեպքում՝ պետությունը հավաստագրի միջոցով երաշխավորում է վարկային ժամանակացույցին համապատասխան մայր գումարի և տոկոսագումարի սուբսիդավորում, մասնավորապես՝

•  Երևանում ամսական վճարների մարման համար հանրագումարային մինչև 8 մլն դրամ մայր գումարի և դրա նկատմամբ հաշվեգրվող մինչև 8% տոկոսագումարի գծով,

•   ՀՀ մարզային բնակավայրերում ամսական վճարների մարման համար հանրագումարային մինչև 10 մլն դրամ մայր գումարի և դրա նկատմամբ հաշվեգրվող մինչև 10% տոկոսագումարի գծով,

•  Արցախի Հանրապետությունում ամսական վճարների մարման համար հանրագումարային մինչև 12 մլն դրամ մայր գումարի և դրա նկատմամբ հաշվեգրվող մինչև 12% տոկոսագումարի գծով։

Դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է մուտք գործել Միասնական սոցիալական ծառայության www.socservice.am կայքի «Առցանց դիմումներ» բաժնի «Արցախի Հանրապետության առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագիր․ առցանց դիմումներ» պատուհան և լրացնել պահանջվող տվյալները (հղումը՝ https://bit.ly/37WXffK):

Ստացված դիմումները կհամադրվեն Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից տրամադրված ցանկի հետ, որի արդյունքում նույնականացված շահառուները կստանան հավաստագրեր։

ԿԻՍՎԵԼ