Վերապատրաստման դասընթացներ՝ մարդկանց թրաֆիքինգի և շահագործման հետ կապված երևույթների կանխարգելման վերաբերյալ մասնագիտական կարողությունների զարգացման նպատակով

Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման հետ կապված երևույթների կանխարգելման և դրանից բխող խնդիրների արդյունավետ լուծման մեխանիզմների վերաբերյալ մասնագիտական կարողությունների զարգացման նպատակով՝ Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի կողմից իրականացվում են Միասնական սոցիալական ծառայության աշխատակիցների, ինչպես նաև համայնքային սոցիալական աշխատողների վերապատրաստման դասընթացներ։

«Սոցիալական աշխատանքը թրաֆիքինգի ենթարկված անձանց հետ՝ կանխարգելում, միջամտություն և վերականգնում» ծրագրի շրջանակում մասնակիցները ծանոթանում են մարդկանց թրաֆիքինգի և շահագործման իրավական կարգավորումներին, բացահայտման և կանխարգելման մեխանիզմներին։

Կարևորելով սոցիալական աշխատողների դերը դժվարին իրավիճակում հայտնված մարդկանց կարիքները գնահատելու և աջակցելու գործում՝ ԱՍՀ նախարարության հավասար հնարավորությունների ապահովման վարչության պետ Քրիստինա Հովհաննիսյանը դասընթացների մեկնարկին ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի արդյունքները, վիճակագրական տվյալները, շահագործման հիմնական ցուցիչները, նպաստող գործոններն ու ռիսկերը, թրաֆիքինգի զոհերի նույնացման համակարգն ու նրանց տրվող աջակցության տեսակները։

Միասնական սոցիալական ծառայության Երևանի և մարզերի տարածքային կենտրոնների աշխատակիցներն ու համայնքային սոցիալական աշխատողները դասընթացների շրջանակում ծանոթնում են երկու մոդուլի՝ ներածական և մասնագիտական։ Առաջին մոդուլի քննարկման ընթացքում նրանք համապատասխան գիտելիքներ կստանան մարդկանց թրաֆիքինգի և շահագործման երևույթի և սոցիալական աշխատողի անմիջական միջամտության շրջանակի վերաբերյալ։ Երկրորդ մոդուլի աշխատանքների հիմքում սոցիալական աշխատողի գործունեությանն առնչվող մասնագիտական ունակությունների և հմտությունների բարձրացումն է։

Վերապատրաստման դասընթացները լինելու են շարունակական։

Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ պետդեպարտամենտի և ԱՄՆ ՄԶԳ ֆինասավորմամբ և Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպության կողմից իրականացվող «Միասին ընդդեմ մարդկանց թրաֆիքինգի» և «Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրի շրջանակում՝ Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի կողմից։

ԿԻՍՎԵԼ