Նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտին, մասնավորապես՝ հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրներին, ՀՀ քաղաքացիներին՝ Բելառուսում վերականգնողական ծառայությունների տրամադրմանը, Հայաստանում պրոթեզների արտադրության համատեղ ձեռնարկության ստեղծմանն առնչվող մի շարք հարցեր։ Շեշտվել է նաև փորձի փոխանակման անհրաժեշտությունը՝ սոցիալական բնակարանային ֆոնդի ձևավորման և կառավարման, խոցելի խմբերին բնակարանների հատկացման ու վերահսկման մեխանիզմների վերաբերյալ։  

Ընդգծելով հայ-բելառուսական հարաբերությունների կարևորությունը՝ Նարեկ Մկրտչյանն էական է համարել երկկողմ համագործակցության ուղղությունների ընդլայնումն աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում։ Նախարարի խոսքով՝ երկու երկրների ոլորտային հարաբերություններում առկա է զգալի ներուժ, որը պետք է շարունակել ճիշտ օգտագործել և ուղղել՝ ի շահ ժողովուրդների բարեկեցության․

«Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պատրաստակամ է անհրաժեշտ ջանքեր ներդնել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի իրականացման ուղղությամբ։ Կարծում ենք՝ Բելառուսի Հանրապետության աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարարության հետ միջգերատեսչական հուշագրի մշակումն ու կնքումը մեր համագործակցության ուղղությունները կդարձնի առավել կանոնակարգված և արդյունավետ»։  

Ալեքսանդր Կոնյուկը ներկայացրել է հաշմանդամություն ունեցող անձանց ուղղված ծառայությունների, մասնավորապես՝ պրոթեզավորման գործընթացի իրականացման վերաբերյալ բելառուսական փորձը և կարևորել 2020 թ․ արցախյան պատերազմի մասնակիցներին ուղղված սոցիալ-վերականգնողական (հոգեբանական) ծառայությունների տրամադրման անհրաժեշտությունը։

Հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել իրականացնելու անհրաժեշտ քայլեր՝ ոլորտային համագործակցության ընդլայնման նպատակով։

ԿԻՍՎԵԼ