Մինչև 1,6 մլն դրամ բիզնես դրամաշնորհ՝ 300 նպաստառու ընտանիքներից յուրաքանչյուրի համար

Ընտանիքների կենսամակարդակի բարձրացման նպաստների համակարգում ընդգրկված անձանց համար իրականացվում է «Հայաստանում սոցիալական ներառման և ինքնաբավ կենսապահովման միջոցառումների խթանում» ծրագիրը, որով վերջիններիս հնարավորություն է տրվում անապահովության նպաստի կախյալությունից անցում կատարել ձեռնարկատիրական գործունեության։

Բազմափուլ ընտրություն անցած ընտանիքներից մի խմբի հետ արդեն իսկ կնքվել են մինչև 1,6 մլն դրամաշնորհ տրամադրելու պայմանագրեր։ Այդ գումարով ընտանիքները կստեղծեն սեփական բիզնեսն՝ իրենց կողմից մշակված ծրագրերի հիման վրա։ Մինչ այդ ընտանիքները մասնակցել են դասընթացների, ձեռք են բերել բիզնեսի կառավարման հմտություններ. վերջիններս նախնական փուլում ընտրվել են Միասնական սոցիալական ծառայության սոցիալական աշխատողների և զբաղվածության մասնագետների կողմից՝ հաշվի առնելով ընտանիքի նպաստ համակարգում գրանցված լինելը (28 և ավել միավոր), 3 և ավելի երեխա կամ մինչև 5 տարեկան երեխա։ Դասընթացներին մասնակցել են Հայաստանի հինգ մարզերից (Արարատ, Արմավիր, Կոտայք, Շիրակ, Լոռի) շուրջ 700 ընտանիք, որոնցից դրամաշնորհ կստանա 300–ը։

16 ընտանիքի հետ պայմանագրերի ստորագրման պաշտոնական արարողությանը մասնակցել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիման, Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը, նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը, Միասնական սոցիալական ծառայության պետ Էդուարդ Պետրոսյանը, Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանը։  

Ընդգծելով կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքների կայուն զբաղվածության ապահովման կարևորությունն՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը շեշտել է նմանօրինակ ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը․ «Մեր նպատակն է զբաղվածության ապահովման արդյունավետ ծրագրերի միջոցով մոտիվացնել քաղաքացիներին, խրախուսել և ամուր հիմքեր ստեղծել, որպեսզի ինքնուրույն կարողանան հաղթահարել սոցիալական դժվարություններն ու փոխեն իրենց կյանքը։ Ուրախ եմ, որ կառավարության այս առանցքային բարեփոխման առաջին պիլոտային ծրագրի արդյունքում մասնակիցներին հնարավորություն տրվեց սովորել նոր հմտություններ, ստանալ անհրաժեշտ գիտելիք և գործուն քայլեր ձեռնարկել՝ տնտեսապես կայուն ընտանիքներ ունենալու ուղղությամբ»։  

Մասնակիցներին հայերեն լեզվով ողջունել է նաև Հայաստանում Ճապոնիայի դեսպան Մասանորի Ֆուկուշիման՝ իր ուրախությունը հայտնելով միջոցառման բարեհաջող իրականացման վերաբերյալ․ «Ճապոնիայի կառավարությունը մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահում այնպիսի նախագծերը, որոնք նպատակ ունեն մարդկային կապիտալի հզորացման միջոցով նպաստել Հայաստանում տնտեսական զարգացմանը»։

Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը ևս կարևորել է ծրագիրը՝ նշելով․ «300 շահառու ընտանիք ձեռք է բերում բիզնեսի վերաբերյալ մի շարք հմտություններ և գիտելիք՝ դասընթացավարների ուսուցմամբ և սոցիալական աշխատողների ամենօրյա աջակցությամբ»։

Նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը, շնորհավորելով մասնակիցներին, ընդգծել է նաև Միասնական սոցիալական ծառայության դերը՝ նշելով, որ այս և համանման ծրագրերի միջոցով սոցիալական աշխատողների ու զբաղվածության մասնագետների դերակատարումները կապակցվում են միմյանց հետ։ 

Շնորհավորելով շահառուներին և ներկաներին բիզնես դրամաշնորհների տրամադրման ակտիվ փուլի մեկնարկի կապակցությամբ՝ Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանը շեշտել է․ «Ծրագրի մեկնարկը անցավ մեծ փորձություններով՝ կորոնավիրուսի համավարակ, պատերազմ և, այդուհանդերձ, մեկտեղելով ուժերը, մենք կարողացանք ընտանեկան նպաստ ստացող ընտանիքների համար իրագործել եզակի հնարավորություն ընձեռող այս ծրագիրն՝ աջակցելով նրանց սեփական ուժերով ստեղծել փոքրիկ բիզնես, եկամտի աղբյուր»։

Ծրագիրն իրականացվում է Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի կողմից՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության  գործընկերությամբ, Համաշխարհային բանկի համակարգմամբ՝ Ճապոնիայի կառավարության ֆինանսավորմամբ (Ճապոնիայի սոցիալական զարգացման հիմնադրամի միջոցով 

ԿԻՍՎԵԼ