Հանրային քննարկում՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական պաշտպանության 2022-2026 թթ. ռազմավարության նախագծի վերաբերյալ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի աջակցությամբ տեղի է ունեցել հանրային քննարկում՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական պաշտպանության 2022-2026 թթ. ռազմավարության նախագծի վերաբերյալ։

Միջոցառման շրջանակում ներկայացվել են ռազմավարության գերակայությունները, նախատեսվող ծրագրերն ու ակնկալվող արդյունքները։  

Անդրադառնալով ռազմավարության մշակման անհրաժեշտությանն ու սահմանված նպատակներին՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը նշել է, որ սա առաջին փորձն է՝ մշակելու առկա մարտահրավերներին արձագանքող և ՀՀ Կառավարության առաջնահերթություններից ու Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններից բխող, սոցիալական պաշտպանության ոլորտի համալիր ռազմավարական փաստաթուղթ։

Այս համատեքստում նախարարն ընդգծել է կանխարգելման քաղաքականության իրականացման կարևորությունը, որը քաղաքացիներին հնարավորություն կտա շրջանցել կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու ռիսկը և սեփական  հմտությունների ու կարողությունների զարգացման միջոցով ապահովել իրենց ընտանիքի բարեկեցությունը։

«ՀՀ աշխատանքի և սոցիալական պաշտպանության ռազմավարության հիմնային սկզբունքներից է մարդկային կապիտալի շարունակական զարգացման ապահովումը՝ քաղաքացիների մրցունակության բարձրացման, մասնագիտական ներուժի իրացման ու ընտանիքի բարեկեցության ապահովման միջոցով։ Մեզ համար կարևոր է մարդու նախածննդյան շրջանից մինչև կյանքի ավարտն ընկած յուրաքանչյուր կենսափուլի համար առաջարկել համապատասխան միջոցառումներ և ծրագրեր՝ վերջիններիս տարիքին և կարիքին համապատասխան»,- նշել է նախարարը։

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցչի տեղակալ Սիլվիա Մեստրոնին ևս, անդրադառնալով ԱՍՀՆ հետ համատեղ իրականացված աշխատանքներին, նշել է, որ դեռևս 2021 թվականի դեկտեմբերից ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը ներգրավված է եղել ռազմավարության մշակման աշխատանքներում․

«Նախարարության հետ համագործակցությամբ արվել է ամենը, որ ռազմավարության մշակման գործընթացը լինի թափանցիկ և մասնակցային։ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի համար նույնպես կարևոր է մարդու կյանքի յուրաքանչյուր փուլում բացահայտել առկա հիմնախնդիրները և համապատասխան միջոցներ ձեռնարկել՝ դրանց հաղթահարման ուղղությամբ։ Հավասար հնարավորությունների իրավունքի ապահովումն ու սոցիալական պաշտպանությունը պետք է ուղղված լինի բոլորին՝ հատկապես խոցելի ընտանիքներին և նրանց երեխաներին»։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խորհրդական Վիկտորյա Այդինյանը ներկայացրել է ռազմավարությամբ սահմանված նպատակները, աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում սահմանված հիմնախնդիրներն ու դրանց լուծման տեսլականն, ինչպես նաև սոցիալական պաշտպանության համակարգի արդյունավետության շարունակական առաջընթացի ապահովմանն ուղղված ծրագրերը։  

Հանրային քննարկումը շարունակվել է նախարարի տեղակալների հետ հարցուպատասխանի ձևաչափով, որի ընթացքում մասնակիցները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկները։

ԿԻՍՎԵԼ