Նախարարի տեղակալներն ընդունել են Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչներին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալներ Դավիթ Խաչատրյանը, Աննա Ժամակոչյանը և Ռուբեն Սարգսյանն աշխատանքային հանդիպում են ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության նորանշանակ ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակության ներկայացուցիչների հետ։

Ներկայացնելով աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում սահմանված առաջնահերթություններն ու իրականացվող բարեփոխումները՝ նախարարի տեղակալները բարձր են գնահատել գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ իրականացվող աշխատանքների արդյունավետությունը։   

Նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը ներկայացրել է կենսաթոշակային ոլորտում կատարվող ընթացիկ աշխատանքները, մասնավորապես՝ ՀՀ կառավարության 2021-2026 թթ․ ծրագրում նախանշված թիրախներին և ցուցանիշներին հասնելուն ուղղված միջոցառումները, ինչպես նաև կուտակային կենսաթոշակային համակարգում լավարկման մեխանիզմներ ներդնելու հնարավորությունները։ Քննարկվել են նաև ոլորտի ֆիսկալ մասին վերաբերող մի շարք հարցեր և դրանց հաղթահարման ուղիները։

Հանդիպման ընթացքում նախարության ներկայացուցիչների կողմից անդրադարձ է կատարվել Աշխատանքային օրենսգրքի փոփոխություններին, Զբաղվածության ռազմավարության մշակման ընթացքին, գործազրկության ապահովագրության մոդելի ներդրման աշխատանքներին։ Այս համատեքստում շեշտադրվել է կանանց տնտեսական զորեղացմանն ուղղված նախագծերի կարևորությունը։

Ներկայացնելով սոցիալական աջակցության ոլորտում իրականացվող և նախատեսվող փոփոխությունները՝ կարևորվել է անապահովության գնահատման նոր համակարգի ներդրման, աշխատաշուկայում խոցելի խմբերի մրցունակության բարձրացման ուղղությամբ աշխատանքների շարունակականության ապահովումը։

Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչները ևս կարևորել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ ունեցած գործընկերային հարաբերությունների դերը և պատրաստակամություն հայտնել անհրաժեշտ ջանքեր ներդնել համագործակցության ընդլայնման ուղղությամբ։ Հանդիպման արդյունքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ՝ աշխատանքային ձևաչափով ընթացիկ ծրագրերի շուրջ քննարկումներ իրականացնելու ուղղությամբ:

ԿԻՍՎԵԼ