Նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը մասնակցել է Աշխատուժի զարգացման առաջին ազգային համաժողովին

Հայաստանում աշխատուժի զարգացման ծրագրի (AWDA) շրջանակում տեղի է ունեցել Աշխատուժի զարգացման առաջին ազգային համաժողովը՝ պետական և մասնավոր սեկտորի, միջազգային կազմակերպությունների ու կրթական հաստատությունների շուրջ 200 ներկայացուցիչների մասնակցությամբ։

Միջոցառման ընթացքում ներկայացվել ու քննարկվել են «Աշխատաշուկայի անհամապատասխանության և հմտությունների բացերի քարտեզագրման» հետազոտության արդյունքները՝ շեշտելով վերջինիս կարևորությունը մասնագիտական կրթության և աշխատաշուկայի անհամապատասխանության կրճատման, ինչպես նաև զբաղվածության ազգային ծրագրերի իրականացման գործում։ Մասնավորապես՝ ընդգծվել է երիտասարդների, կանանց և հաշմանդամություն ունեցող անձանց մասնագիտական հմտությունների զարգացմանն ու տարբեր ոլորտներում վերջիններիս զբաղվածության ապահովմանն ուղղված միջոցառումների կարևորությունը։

Իր ելույթում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանն անդրադարձել է ԱՍՀՆ կողմից աշխատանքի և զբաղվածության ոլորտի ընթացիկ բարեփոխումներին՝ շեշտելով, որ կառուցվածքային գործազրկության, բնակչության սոցիալական աջակցության խնդիրների և ցածր արտադրողականությամբ աշխատատեղերի պայմաններում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը որդեգրել է մարդկային կապիտալի ձևավորման և շարունակական զարգացման նոր քաղաքականություն՝ միտված աշխատանքի ու բարձր արտադրողականությամբ զբաղվածության խթանմանը, կարիքին և իրավունքին համահունչ սոցիալական աջակցության համակարգի կայացմանը։

Վերջինիս խոսքով՝ նախարարության նոր ռազմավարության նախագծի շրջանակում առավել կարևորվում է մասնագիտության գիտակցված ընտրությունը, զբաղվածության խթանումը, աշխատանքի խրախուսումը, ինչպես նաև կարիերայի զարգացման, վերապատրաստման ու հմտությունների զարգացման արդյունավետ համակարգերի ներդրումը․

«Զբաղվածության ռազմավարությունը, որը կմշակվի ՄԱԶԾ աջակցությամբ և կընդունվի 2022 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, բաղկացած կլինի ռազմավարական փաստաթղթից, ռազմավարական նախաձեռնություններից և կատարման պլանից: Ակնկալում ենք, որ այս փուլում AWDA-ն ևս կաջակցի անհրաժեշտ աշխատանքների իրականացմանը»։

Համաժողովի ավարտին մասնակիցները պատրաստակամություն են հայտնել համատեղել ջանքերը՝ քննարկված հարցերի շուրջ շարունակական աշխատանքներ իրականացնելու ուղղությամբ։   

«Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագիրը (AWDA) ֆինանսավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից և իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի ու կոնսորցիումի գործընկերների՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Հայ օգնության ֆոնդի և ՍԻՎԻՏՏԱ Հայաստանի կողմից։

ԿԻՍՎԵԼ