«Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքը կնպաստի 10% հետվճարի ծրագրի լիարժեք իրականացմանը

2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ կմտնի «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի՝ վճարային քարտերով գործարքներ կատարելու պահանջների մասին դրույթը, համաձայն որի՝ տնտեսվարող սուբյեկտները պարտավոր են ունենալ վճարային քարտերի կամ վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող այլ վճարային գործիքներ (POS-տերմինալներ) և հաճախորդի պահանջով` անկախ գումարի չափից ընդունել անկանխիկ վճարում:

Սա նշանակում է, որ հուլիսի 1-ից վճարային գործիքներ կիրառելու պարտավորություն ունեցող բոլոր սուբյեկտները, բացառությամբ կրպակների, պարտավոր են քաղաքացու ցանկությամբ ընդունել վճարումը քարտի միջոցով՝ կանխիկի փոխարեն։

Նոր օրենքի կիրառումն, անկանխիկ գործարքների ծավալը մեծացնելուց զատ, կնպաստի նաև անկանխիկ գործարքների դեպքում 10% հետվճարի ծրագրի լիարժեք իրականացմանը։

Սա հնարավորություն կտա կենսաթոշակառուներին և նպաստառուներին հուլիսի 1-ից իրացնել անկանխիկ գործարքներ կատարելու իրենց իրավունքը՝ հաջորդ ամիս ստանալով 10% հետվճար (բայց ոչ ավելի քան 5,000 դրամ)։

Հիշեցնենք, որ ծրագրին արդեն իսկ միացել են ՎՏԲ Հայաստան բանկը, Արդշինբանկը, Հայբիզնեսբանկը։ Բոլոր այն քաղաքացիներն, ովքեր ցանկություն ունեն փոխել իրենց կենսաթոշակներն ու նպաստները տրամադրող կազմակերպությունը, հնարավորություն ունեն մոտենալ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ և համապատասխան կազմակերպությունն ընտրել իրենց ցանկությամբ։  

ԿԻՍՎԵԼ