Նարեկ Մկրտչյանն ու Հերիքնազ Տիգրանյանը երեխաների պաշտպանության միջազգային օրը տոնել են Խարբերդի մասնագիտացված մանկատանը

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ-ում այսօր տեղի է ունեցել տոնական միջոցառում, որին մասնակցել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, ոլորտային գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ։ 

Տոնական միջոցառման շրջանակում կազմակերպվել է էքսպո ցուցահանդես, բեմականացվել թատերական ներկայացում․ նախարարության ենթակայությամբ գործող հաստատությունների սաներն ու որոշ համայնքների փոքրիկ ներկայացուցիչներ ցուցադրել են իրենց ձեռքի աշխատանքները։

Շնորհավորելով փոքրիկներին տոնի առթիվ՝ նախարար Նարեկ Մկրտչյանը մաղթել  է նրանց խաղաղ ու անհոգ մանկություն և ընդգծել, որ երեխաների հիմնահարցերի ոլորտում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացվող քաղաքականությունն ուղղված է վերջիններիս համար հավասար հնարավորությունների ապահովմանը։ Այս գործում նախարարը կարևորել է նաև ոլորտում առկա բացերի և խնդիրների վերհանման ու դրանց կարգավորման ուղղությամբ ջանքերի համատեղումը։ Նախարարի խոսքով՝ այս օրը ևս մեկ հնարավորություն է խրախուսել այն մասնագետներին,  ովքեր իրենց գործունեության շրջանակում կարևոր տեղ են հատկացնում երեխաների իրավունքների պաշտպանությանը և անում են հնարավորը, որ երեխաները մեծանան առողջ միջավայրում։

 ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը ևս, շնորհավորելով երեխաներին տոնի առթիվ, շեշտել է, որ նրանց պետք է սեր, ջերմություն և հոգատարություն տալ ամեն օր։ Վերջինս կարևորել է նաև երեխաների՝ ֆիզիկական և հոգեբանական բռնությունից զերծ միջավայրում ապրելու իրավունքի ապահովումն ու հասարակության մեջ լիարժեք ինքնադրսևորումը։

Միջոցառման շրջանակում նախարար Նարեկ Մկրտչյանը երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում նշանակալի ներդրում ունեցած ոլորտային աշխատակիցների և գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներին պարգևատրել է շնորհակալագրերով։

Միջոցառումը կազմակերպվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ՝ Վորլդ Վիժն Հայաստան հասարակական կազմակերպության աջակցությամբ՝ Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Ընտանեկան միջավայր և համայնքային ծառայությունների Հայաստանի երեխաների համար» ծրագրի շրջանակում։

ԿԻՍՎԵԼ