Աշխատանքային պրակտիկայի ծրագիր՝ Կոտայքի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում բնակվող երիտասարդների ու կանանց համար

Կարևորելով մարզաբնակների աշխատանքային փորձի ձեռքբերումն ու աշխատաշուկայում մրցունակության ապահովումը՝ մեկնարկել է ծրագիր` ուղղված երիտասարդների և կանանց աշխատանքային պրակտիկայի կազմակերպմանը: 

Այն նախատեսված է Կոտայքում, Վայոց Ձորում, Գեղարքունիքում և Սյունիքում բնակվող, մարզերի Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններում հաշվառված գործազուրկ քաղաքացիների համար։ 

Ծրագրի շրջանակում գործատուին վճարվում է յուրաքանչյուր շահառուի ամսական աշխատավարձը՝ 100,000 դրամի չափով (դրանից հաշվարկվող եկամտային հարկը, դրամաշնորհային վճարը, օրենքով սահմանված դեպքերում՝ սոցիալական վճարը), ինչպես նաև յուրաքանչյուր շահառուի աշխատանքային փորձի ձեռքբերման գործընթացը կազմակերպող մասնագետի վճարը՝ 34,000 դրամի չափով:

Թիրախային խմբեր կազմելիս, ըստ առաջնահերթության, նախապատվությունը տրվում  է հեռավոր գյուղական և սահմանամերձ բնակավայրերի երիտասարդներին,  հաշմանդամություն ունեցող անձանց, տեղահանված բնակիչներին, ընտանիքում երկու և ավելի անչափահաս երեխաներ ունեցողներին:

Ծրագիրն իրականացվում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության ու «Հայ առաջադեմ երիտասարդություն» հասարակական կազմակերպության միջև ստորագրված փոխգործակցության հուշագրի շրջանակում՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի ֆինանսական աջակցությամբ։

ԿԻՍՎԵԼ