Ասուլիս` ՀՀ կառավարությունում

Դեկտեմբերի 4-ին ՀՀ կառավարությունում մամլո ասուլիսով հանդես եկավ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արտեմ Ասատրյանը, թեման` “Կենսաթոշակային բարեփոխումներ 2011թ.”:
Հայաստանի Հանրապետությունում ներկայումս գործում է բաշխողական կենսաթոշակային համակարգ, որը ֆինանսավորվում է զբաղված քաղաքացիների և նրանց գործատուների ընթացիկ մուծումների հաշվին: Պարտադիր սոցիալական վճարները կուտակվում են ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի հաշվին և ամբողջովին ուղղվում ընթացիկ կենսաթոշակների վճարմանը: Գործում է ՙհիմնադրամի ֆինանսական հաշվեկշռվածության՚ սկզբունքը, ըստ որի` վճարվելիք կենսաթոշակները պետք է համարժեք լինեն հավաքագրված սոցվճարներին: Այսինքն` ներկայիս աշխատողներն ապահովում են ներկայիս անաշխատունակ անձանց կենսաթոշակները: 2009թ. կենսաթոշակային ծախսերը կազմում են ՀՆԱ-ի 5.8 տոկոսը և պետական բյուջեի սոցիալական հատվածի ծախսերի ամենամեծ բաղադրիչը` 1.7 անգամ գերազանցելով կրթության և 3.2 անգամ` առողջապահության վրա կատարվող ծախսերը: Փորձագիտական հաշվարկները ցույց են տալիս, որ նվազագույն սպառողական զամբյուղի արժեքի չափով կենսաթոշակ վճարելու համար կենսաթոշակային ծախսերը պետք է ավելացվեն գրեթե 2 անգամ: Այսպիսով, ակնհայտ է դառնում, որ կենսաթոշակների հետագա բարձրացումը “մեծ” բեռ է դառնալու պետական բյուջեի համար: Չմոռանանք, որ գործադիրը մինչ ճգնաժամը որդեգրել էր ամեն տարի ավելացնել կենսաթոշակները, նպաստները և սոցիալական այլ վճարները:
Ըստ փոխնախարարի` իրավիճակն ավելի կսրվի երկրի ժողովրդագրական անբարենպաստ միտումներին զուգընթաց: Իսկ վերջինս կսկսվի արդեն 2011 թվականից: Վերջին 20 տարիներին ծնելիությունը կրճատվել է: Հայաստանի Հանրապետությունն արձանագրում է “բնակչության ծերացում”: Նաև` փաստացի սոցվճարումներ կատարողների թիվն արդեն 2011թ. ավելի քիչ է լինելու, քան կենսաթոշակ ստացողներինը: Կենսաթոշակների ցանկացած միանվագ բարձրացում “միջին և երկարաժամկետ հեռանկարում չի լուծելու համակարգի ֆինանսական կայունության և կենսաթոշակների ադեկվատության ապահովման ռազմավարական խնդիրները”: Կառավարությունը, գիտակցելով խնդրի լրջությունը, նախաձեռնում է կենսաթոշակային գործող համակարգի արմատական բարեփոխումներ, որոնց հիմնական ուղղություններն ու սկզբունքները, կառուցվածքային շրջանակը և այն ապահովող միջոցառումների ցանկը հաստատվել են 2008թ. նոյեմբերին` ՀՀ կենսաթոշակային բարեփոխումների ծրագրով: Փոխնախարարն իր խոսքւոմ մեջբերեց միջազգային փորձը, որը ցույց է տալիս, որ կենսաթոշակների վճարման հարցում ֆինանսական անկայունության իրավիճակում հայտնված երկրները առաջացած խնդիրները լուծում են երեք պարտադիր անցումներ կատարելու միջոցով: Այն է` 1/ անցում սերունդների համերաշխության սկզբունքով ֆինանսավորվող կենսաթոշակային բաշխողական համակարգից դեպի ինքնաֆինանսավորվող կուտակային համակարգ: 2/ Անցում բանաձևերի հիման վրա հաշվարկվող և քաղաքական որոշումներով սահմանվող կենսաթոշակի մոդելից դեպի իրական եկամուտների հիման վրա սահմանված վճարների մոդելը: 3/ Անցում պետության կողմից անմիջապես կառավարվող կենսաթոշակային համակարգից դեպի պետության կողմից կարգավորվող և վերահսկվող մասնավոր կենսաթոշակային համակարգի: Առաջարկվող այս անցումները զուգահեռաբար կատարելու մեխանիզմները տարբեր են: Բայց դրանք բոլորն էլ, ըստ բանախոսի, ընդգրկվում են մեկ ընդհանուր բազմաստիճան կենսաթոշակային համակարգում: Մեր համակարգը խարսխված է գործող բաշխողական համակարգի վրա, որն, ըստ էության, լրացվել է երկու նոր` պարտադիր և կամավոր կուտակային աստիճաններով: Այս ձևն ընտրվել է հետևյալ պատճառներով` նախ` անհրաժեշտ է պահպանել պետական բաշխողական կենսաթոշակային համակարգն այն չափով, ինչ չափով այն սպասարկում է ներկայիս կենսաթոշակառուներին, նաև` պետք է սպասարկի կենսաթոշակային տարիքին մոտեցող այն բնակչությանը, որն արդեն իսկ որոշակի կենսաթոշակային իրավունքներ էր “կուտակել” աշխատանքային փորձի տարիներով: Եվ հետո` կենսաթոշակային բաշխողական համակարգը պետք է պահպանվի ընդմիշտ /սակայն` ավելի փոքրածավալ/, որովհետև այն պետք է ապահովի նվազագույն սպառողական զամբյուղին համարժեք հիմնական կենսաթոշակով երկրի բոլոր կենսաթոշակային տարիքի քաղաքացիներին` անկախ այն հանգամանքից, թե որ աստիճանի մասնակիցներ են նրանք /կենսաթոշակային համակարգի/:
Բազմաստիճան կենսաթոշակային համակարգը /բաշխողական և կուտակային/ ներառում է.

  • “0” աստիճանը, կամ սոցիալական կենսաթոշակը: Այս աստիճանը նախատեսված է այն անձնանց համար, որոնք իրենց կյանքի ընթացքում չեն աշխատել, կամ աշխատել են 10-ից քիչ տարի, կամ աշխատել են, բայց ոչ ֆորմալ տնտեսությունում: Այս աստիճանում վճարվող սոցիալական կենսաթոշակը լինելու է նվազագույն սպառողական զամբյուղին համարժեք: Սոցիալական կենսաթոշակն անշեղորեն աճելու է, որպեսզի 2016թ.-ին կազմի նվազագույն սպառողական զամբյուղի փաստացի արժեքին հավասար: Սոցիալական կենսաթոշակի  ֆինանսավորումն իրականացվելու է պետական բյուջեի հաշվին: Կենսաթոշակային համակարգի այս աստիճանը ապահովում է ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված ծերերի պաշտպանության իրավունքը:
  • “1” աստիճանը, կամ աշխատանքային կենսաթոշակը: Այս աստիճանը նախատեսված է 40-ից բարձր տարիքի աշխատողների ապագա կենսաթսշակները վճարելու համար: Այս աստիճանում վճարվող աշխատանքային կենսաթոշակը բաղկացած է լինելու 2 մասից՝ հիմնական կենսաթոշակից և աշխատանքային ստաժի տարիների դիմաց վճարվող գումարից: Հիմնական կենսաթոշակը հավասար է լինելու սոցիալական կենսաթոշակի արժեքին, իսկ 2018թ-ից սկսած՝ հասցվելու է սոցիալական կենսաթոշակի 120%-ին: Միջին հաշվով 25 տարվա աշխատանքային ստաժ ունեցողների աշխատանքային կենսաթոշակը 2 անգամ գերազանցելու է սոցիալական կենսաթոշակը, իսկ 35-45 տարի աշխատանքային ստաժի դեպքում աշխատանքային կենսաթոշակը կկազմի նվազագույն սպառողական զամբյուղի 2.5-3.5 անգամ ավելի արժեքը: Աշխատանքային կենսաթոշակը ֆինանսավորվելու է պետական բյուջեից՝ միասնական եկամտային հարկի հաշվին, որը կներդրվի աշխատանքային եկամուտներից ներկայումս կատարվող սոցիալական վճարների և եկամտահարկի միացման միջոցով: Այս կենսաթոշակը ստանալու իրավունք ունեն ՀՀ այն քաղաքացիները, որոնք ունեն 10 և ավելի աշխատանքային ստաժ, այսինքն՝ 10 և ավելի տարի վճարել են եկամտահարկ:
  • “2” աստիճանը, կամ պարտադիր կուտակային կենսաթոշակը: Այս աստիճանը նախատեսված է մինչև 40 (ներառյալ) տարեկան երիտասարդների ապագա կենսաթոշակները վճարելու համար: 2-րդ աստիճանում վճարվող կուտակային կենսաթոշակը ձևավորվելու է անձի կողմից աշխատանքային կյանքի ընթացքում կատարված վճարումների (խնայողությունների) հաշվին: Փաստորեն, կուտակային կենսաթոշակի ֆինանսավորման աղբյուրը՝ անհատական եկամուտն է (աշխատավարձը), որի  5%-ը փոխանցվելու է անձնական կենսաթոշակային (կուտակային) հաշվին: Միաժամանակ, պետությունը կրկնապատկելու է այդ գումարը՝ պետական բյուջեից անձնական վճարին համարժեք փոխանցում կատարելով: Ընդհանուր առմամբ, մասնակցի անձնական կենսաթոշակային հաշվին յուրաքանչյուր ամիս կուտակվելու է իր եկամտի 10%-ը: Կուտակված միջոցները ներդրվելու են եկամտաբեր ակտիվներում ու ապահովելու են լրացուցիչ եկամուտ: Դրանք չեն կարող օգտագործվել այլ անձնաց կենսաթոշակները վճարելու համար, բայց կարող են ժառանգվել հարազատներին: 2-րդ աստիճանի մասնակիցները ստանում են նաև իրավունք իրենց վճարված միասնական հարկի դիմաց հիմնական կենսաթոշակ ստանալու, ինչպես նաև մինչև կուտակային աստիճան տեղափոխվելը աշխատած տարիների ստաժի դիմաց համապատասխան փոխհատուցման: Հիմնական կենսաթոշակն ու մինչև նոր համակարգի անցնելը կուտակված ստաժի արժեքը ֆինանսավորվելու են ՀՀ պետական բյուջեից:
    Պարտադիր կուտակային կենսաթոշակի իրավունք ունեն նաև 40-ից բարձր տարիքի անձինք, որոնք կարող են մասնակցել նշված սխեմային նույն 5% կենսաթոշակային վճար կատարելով: Սակայն իրենց համար պետական համաֆինանսավորում չի նախատեսվում, քանի որ այս տարիքային խումբը պետական բյուջեից ստանալու է թե՜ հիմնական, թե՜ աշխատանքային կենսաթոշակը լիարժեքորեն:
  • “3” աստիճանը, կամ կամավոր կուտակային կենսաթոշակը: Այս աստիճանը նախատեսված է բոլոր այն անձնանց համար, ովքեր ցանկանում են լրացուցիչ կենսաթոշակներ ստանալու նպատակով մասնակցել մասնավոր ֆինանսական կառույցների (ապահովագրական ընկերությունների և/կամ կենսաթոշակային ֆոնդերի) կողմից առաջարկվող զանազան կենսաթոշակային կուտակային սխեմաներին: “3” աստիճանին կարող են մասնակցել բոլոր աշխատողներն՝ անկախ տարիքից: Կենսաթոշակային վճարների դրույքաչափերը և կենսաթոշակների վճարման պայմանները այս դեպքում հաստատվում են պայմանագրային հիմունքներով:

Բազմաստիճան կենսաթոշակային համակարգը ներդրվելու է 2011թ.-ի հունվարի 1-ից: Կենսաթոշակային բարեփոխումների ինստիտուցիոնալ շրջանակը ապահովելու նպատակով արդեն իսկ մշակվել են 5 կարևորագույն օրենքների նախագծեր: Դրանք են. “Պետական կենսաթոշակների մասին”, “Կուտակային կենսաթոշակների մասին”, “Եկամտային հարկի մասին”, “Եկամտային հարկի և կենսաթոշակային վճարների անձնավորված հաշվառման մասին” և “Ներդրումային ֆոնդերի մասին” օրինագծերը:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կենսաթոշակային բարեփոխումների իրականացումը պահանջելու է արմատական վերափոխումներ մարդկանց և տնտեսվարող սուբյեկների մտածելակերպի, գործելաոճի և վարքագծի առումով, ՀՀ կառավարությունը նախապես սկսելու է բնակչության լուսաբանման, հանրային իրազեկման և քաղաքացիական հասարակության մասնակցության լայնածավալ գործընթաց: Վերջինս նպատակ է ունենալու. ներկայացնել հանրությանը կենսաթոշակային բարեփոխումների կարևորությունն ու հիմնական էությունը և ապահովել կուտակային նոր համակարգի շահառուների պատրատվածությունն ու մասնակցությունը բարեփոխումների իրականացման փուլում:
Կառավարությունը խստորեն հետևելու է, որպեսզի հանրային իրազեկման գործընթացը լինի թափանցիկ, ընդգրկի երկրի բոլոր տարածաշրջանները, լինի համակարգված և հասանելի բնակչության բոլոր խավերի համար, ապահովված լինի ճշմարիտ և ըմբռնելի ուղղերձներով, քաղաքացիների մոտ չստեղծի կեղծ սպասումներ և անհիմն սպասելիքներ: Միաժամանակ կուտակային համակարգի մասնակիցների համար կիրականացվեն ֆինանսական գիտելիքի զարգացման և խորհրդատվական ծառայությունների մատուցման  համապատասխան ծրագրեր` կենսաթոշակային նոր համակարգին նրանց առավելագույնս նախապատրաստելու նպատակով:

ԿԻՍՎԵԼ