Աշխատավայրում և ուսումնական հաստատությունում խելամիտ հարմարեցումների ապահովում՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար․ նախագիծը ներկայացվել է հանրային քննարկման

Հաշմանդամություն ունեցող անձանց՝ աշխատավայրում և ուսումնական հաստատությունում խելամիտ հարմարեցումների իրավունքն ապահովելու նպատակով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Խելամիտ հարմարեցումներ ապահովելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը (հղումը՝ https://bit.ly/3v0erKF

Նախագծով սահմանվում են հաշմանդամություն ունեցող անձանց խելամիտ հարմարեցումների ապահովման սկզբունքները, դիմելու ընթացակարգն, ինչպես նաև ինտերակտիվ երկխոսության իրականացման, խելամիտ հարմարեցումների վերանայման ու վերահսկողության հետ կապված հարաբերությունները։

Խելամիտ հարմարեցումների համար կարող է դիմել յուրաքանչյուր անձ, ով՝

  • ունի հաշմանդամությամբ պայմանավորված ֆունկցիոնալության երկարաժամկետ կամ կարճաժամկետ սահմանափակում, որն էականորեն սահմանափակում է անձի կողմից իր աշխատանքային պարտականությունների պատշաճ կատարումը կամ ուսումնական գործընթացին մյուսների հետ հավասար հիմունքներով մասնակցությունը,
  • խելամիտ հարմարեցումներ ապահովելու դեպքում կկարողանա բավարար չափով կատարել գործողությունները, որոնք պարտավոր է կատարել։

Քաղաքացին կարող է դիմել հետևյալ դեպքերում՝

  • աշխատանքային հայտարարությամբ աշխատանքի մրցույթին դիմած անձը, աշխատանքի ընդունման գործընթացի ընթացքում,
  • աշխատողն՝ աշխատանքային պայմանագրով նախատեսված պարտականությունները կատարելիս, ներառյալ փորձաշրջանի ընթացքում, աշխատավայրում ուսուցման, աշխատանքում առաջխաղացման նպատակով և այլն,
  • դիմորդը՝ «Կրթության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածով սահմանված ուսումնական հաստատություններ ընդունելության գործընթացի ամբողջ ընթացքում,
  • սովորողը՝ «Կրթության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածով սահմանված ուսումնական հաստատություններում սովորելու ամբողջ ընթացքում,
  • սովորողը՝ «Կրթության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածով սահմանված ուսումնական հաստատությունները սահմանված ընթացակարգով ավարտելու ընթացքում։

 Խելամիտ հարմարեցումների տեսակները ներառում են օրինակ՝

  • ոչ տեխնոլոգիական բնույթի հարմարեցումներ – հարմարեցումներ, որոնց համար լրացուցիչ ծախս չի պահանջվում։ Օրինակ՝ աշխատաժամանակի ճկուն ժամանակացույց, որևէ գործողություն կատարելու համար լրացուցիչ ժամանակի տրամադրում, աշխատանքային պարտականությունների վերանայում,
  • ցածր տեխնոլոգիական լուծումներ պահանջող հարմարեցումներ– հարմարեցումներ, որոնք չեն առաջացնի լրացուցիչ դժվարություներ, հեշտությամբ կարող են ներդրվել գրեթե յուրաքանչյուր միջավայրում։ Օրինակ՝ դռան բռնակի փոխարինում մատչելի դռան բռնակով, խոշորացույցի տրամադրում,
  • բարձր տեխնոլոգիական լուծումներ պահանջող հարմարեցումներ– հարմարեցումներ, որոնց դեպքում օգտագործվում են առաջադեմ կամ բարդ սարքավորումներ։ Օրինակ՝ աջակցող տեխնոլոգիաներ և սարքեր՝ ներառյալ ծրագրային ապահովում,
  • աջակցություն որևէ գործողություններ կատարելիս, օրինակ՝ օգնող անձինք, ուղեկցողներ, ժեստերի լեզվի թարգմանիչ, թարգմանիչներ՝ կույր և խուլ անձանց համար, ծառայող կամ ուղեկցող կենդանիներ։

Նախագիծը մշակելիս ուսումնասիրվել է մի շարք պետությունների, այդ թվում՝ ԱՄՆ-ի, Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների փորձերը, մասնավորապես` Լատվիայի, Իսլանդիայի, Լիխտենշտեյնի և Նորվեգիայի քաղաքականությունները և ընթացակարգերը։ Հաշվի է առնվել նաև Հավասարության մարմինների եվրոպական ցանցի «Խելամիտ հարմարեցումներ հաշմանդամություն ունեցող անձանց համար. բացահայտելով դրա գործնական իրականացման մարտահրավերները» ուսումնասիրությունը։

Նախագծի վերաբերյալ կարծիքներ և առաջարկներ կարող եք ներկայացնել՝ անցնելով այս հղմամբ՝ https://bit.ly/3v0erKF

ԿԻՍՎԵԼ