Նախարարն ընդունել է Եվրոպայի Խորհրդի համագործակցության ծրագրերի բաժնի ղեկավար Լիլյա Գրետարսդոտտիրին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է Եվրոպայի Խորհրդի համագործակցության ծրագրերի բաժնի ղեկավար Լիլյա Գրետարսդոտտիրին։

Ընդգծելով ԵԽ դերը սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումների գործընթացում՝ Նարեկ Մկրտչյանը բարձր է գնահատել համատեղ իրականացվող աշխատանքների արդյունավետությունը։ Նախարարը շեշտել է ընտանիքում բռնության դեմ պայքարի կազմակերպման 2021-2023թթ․ միջոցառումների ծրագրի մշակման, ընտանիքում բռնության դեպքերի տվյալների բազայի ստեղծման, ինչպես նաև ընտանիքում բռնության կանխարգելման և դեպքերի բացահայտման աշխատանքներում Եվրոպայի Խորհրդի ներգրավվածության կարևորությունը։

«Սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումների գործընթացում ԵԽ մեր կարևորագույն գործընկերներից է: Մենք բարձր ենք գնահատում Հայաստան-Եվրոպայի Խորհուրդ 2019-2022թթ․ գործողությունների ծրագրի շրջանակում ցուցաբերվող աջակցության կարևորությունն ինչպես օրենսդրական բարեփոխումների իրականացման, այնպես էլ վերապատրաստումների կազմակերպման միջոցով»,- նշել է նախարարը։

Անդրադառնալով 2020թ․ ռազմական գործողությունների հետևանքով Հայաստանում ժամանակավորապես բնակվող արցախցիներին ուղղված աջակցության ծրագրերին՝ Նարեկ Մկրտչյանը  կարևորել է տեղահանված անձանց արժանապատիվ կենսապայմանների ապահովումը։ Այս համատեքստում նախարարը կարևորել է նաև միջազգային գործընկերների հետ համատեղ իրականացված և իրականացվող աշխատանքների դերը։

Լիլյա Գրետարսդոտտիրը շնորհակալություն է հայտնել ԱՍՀՆ կողմից սահմանված առաջնահերթությունների, իրականացվող ծրագրերի ներկայացման համար՝ ևս մեկ անգամ վերահաստատելով ԵԽ կողմից հետագա համագործակցության պատրաստակամությունը։ Վերջինիս խոսքով՝ ԵԽ պատրաստակամ է ծրագրեր իրականացնել Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց աջակցելու նպատակով։

Հանդիպման ընթացքում կողմերը հույս են հայտնել, որ համագործակցության շրջանակի ընդլայնումը հնարավորություն կընձեռի անհրաժեշտ աշխատանքներ իրականացնել սոցիալական պաշտպանության ոլորտի այլ ուղղություններով ևս։

ԿԻՍՎԵԼ