Երեխաների խնամքի ցերեկային ծառայություններ՝ Սյունիքի, Լոռու և Գեղարքունիքի մարզերում

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պատվիրակման միջոցով շարունակում է խնամքի ցերեկային ծառայություններ տրամադրել երեխաներին։

Վերոնշյալ գործընթացը Սյունիքի (Գորիս), Լոռու (Տաշիր) և Գեղարքունիքի (Սևան) մարզերում իրականացնելու նպատակով նախարարությունը 2021 թվականի համար հատկացրել է շուրջ 25 մլն 770 հազար դրամ։

Հատկացվող գումարի շրջանակում ապահովվում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մինչև 18 տարեկան շուրջ 366 երեխայի ֆիզիկական, մտավոր կարողությունների ու կյանքի հիմնական հմտությունների զարգացումը։ Սոցիալական աշխատանք է տարվում ընտանիքի, համայնքի և շահեկից կառույցների հետ՝ երեխաների՝ ընտանիքում ապրելու, զարգանալու, կրթություն ստանալու համար անհրաժեշտ ծառայությունների տրամադրման և այլընտրանքային շուրջօրյա խնամքի կանխարգելման նպատակով:

Երեխաներին և նրանց ընտանիքներին տրամադրվում է նաև առողջապահական, սոցիալական հարցերի շուրջ իրավաբանական խորհրդատեղեկատվական աջակցություն՝ խթանելով երեխաների ընտանիքում ապրելու հիմնարար իրավունքների իրացումը, ինչպես նաև կանխելով նրանց մուտքը հաստատություններ:

Սյունիքի, Լոռու և Գեղարքունիքի մարզերում անհրաժեշտ ծառայությունների տրամադրման գործընթացն իրականացվում  է «Լիարժեք կյանք» հասարակական կազմակերպության միջոցով։

ԿԻՍՎԵԼ