Եռօրյա աշխատաժողով՝ նախարարության ու ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչների մասնակցությամբ

ԱՍՀՆ ու ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ տեղի է ունեցել եռօրյա աշխատաժողով, որի ընթացքում քննարկվել է «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Աշխատաժողովը կազմակերպվել է Միջազգային հանրապետական ինստիտուտի աջակցությամբ, որին մասնակցել են ԱԺ պատգամավորներ, նախարարության պաշտոնատար անձինք:

Կարևորելով օրենսդիր և գործադիր մարմինների արդյունավետ և փոխշահավետ համագործակցությունը՝ նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանն ընդգծել է, որ համատեղ իրականացված օրենսդրական փոփոխությունները իրապես կնպաստեն գործատու-աշխատող իրավահարաբերությունների դինամիկ զարգացմանը. «Մեր գործընկերների կողմից արդեն իսկ ներկայացված առաջարկներն ու դիտարկումները ևս մեկ անգամ քննարկելով՝ ակնկալում ենք մինչև տարեվերջ ունենալ այնպիսի փաստաթուղթ, որը կպաշտպանի ոչ միայն գործատուի և աշխատողի իրավունքներն, այլև նոր կարգավորումների միջոցով կբարելավվի աշխատանքային հարաբերություններն ամրագրող օրենսդրական դաշտը»:

 Աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը մանրամասնել է նախագծում իրականացված բովանդակային և խմբագրական փոփոխություններն՝ աշխատանքային հարաբերություններում և իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած խնդիրների վերաբերյալ: Վերջինս ներկայացրել է աշխատողների, գործատուների, կանանց և երեխաների, կոլեկտիվ աշխատանքային հարաբերությունների, արհմիությունների գործունեության, սոցիալական գործընկերության ամրապնդման հետ կապված նոր կարգավորումները:

ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը ևս ընդգծել է նմանօրինակ հանդիպումների արդյունավետությունը, որոնք ևս կբարելավեն աշխատանքային իրավահարաբերությունների կարգավորման մեխանիզմները:

Քննարկվող նախագիծն ուղարկվել է նաև Աշխատանքի միջազգային կազմակերպություն (ԱՄԿ)՝ ստանալով շուրջ 25 առաջարկ, որոնք հիմնականում վերաբերել են սոցիալական գործընկերությանը: Մասնակիցները ամբողջությամբ վերանայել են Աշխատանքային օրենսգրքի բոլոր դրույթները, տեղում ներկայացրել իրենց դիտարկումներն ու առաջարկները:

Հանդիպման ընթացքում նախարարության կողմից ներկայացվել է նաև Աշխատանքային օրենսգրքում և Հանրային ծառայության մասին օրենքում մշակված ևս մեկ փոփոխության նախագիծ, որը պայմանավորված է Հայաստանում կորոնավիրուսային հիվանդությամբ ստեղծված արտակարգ իրավիճակով և ուղղված է աշխատողների առողջ ու անվտանգ աշխատանքային միջավայրի ապահովմանը:

ԿԻՍՎԵԼ