Հանրային քննարկում՝ «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ և  Միջազգային հանրապետական ինստիտուտի աջակցությամբ՝ այսօր տեղի է ունեցել «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ հանրային քննարկում։ Ներկայացվել է  Աշխատանքային օրենսգրքում նախատեսվող փոփոխությունների նախագիծը, քննարկվել դրանց վերաբերյալ ներկայացված առաջարկները։

Հանդիպմանը մասնակցել են Մարդու իրավունքների պաշտպանի, Գործատուների հանրապետական միության, Արհմիությունների կոնֆեդերացիայի և աշխատանքային իրավունքի պաշտպանության ոլորտում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների մի շարք ներկայացուցիչներ։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանն իր ելույթում կարևորել է իրականացվելիք փոփոխությունների անհրաժեշտությունն՝ ընդգծելով քննարկանը մասնակից կառույցների հետ արդյունավետ համագործակցության դերը: Նախարարի տեղակալի խոսքով՝ հաշվի առնելով առաջարկների մեծ փաթեթն ու նախատեսվող փոփոխությունների ծավալը որոշվել է քննարկել դրանք մեկ անգամ ևս։

Քննարկման ընթացքում նախարարության Աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը ներկայացրել է Աշխատանքային օրենսգրքում նախատեսվող փոփոխությունների նախագիծը՝ մանրամասնել գործատուներին և աշխատողներին, կանանց և երեխաներին, ինչպես նաև կոլեկտիվ աշխատանքային հարաբերություններին վերաբերող դրույթները։

Նախագիծն ուղարկվել է Աշխատանքի միջազգային կազմակերպությանը (ԱՄԿ)՝ ստանալով 25 առաջարկ, որոնք մեծամասամբ վերաբերել են գործադուլին, կոլեկտիվ պայմանագրերին և սոցիալական գործընկերությանը։

ԿԻՍՎԵԼ