Նախարարն ընդունել է Անն Լույոյին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյին։

Բարձր գնահատելով հայ-ֆրանսիական համագործակցությունը՝ Նարեկ Մկրտչյանն ընդգծել է 2020թ․ պատերազմի ընթացքում Ֆրանսիայի Հանրապետության կողմից տրամադրված մարդասիրական օգնության կարևորությունն ու իրադարձություններին արագ արձագանքելու պատրաստակամությունը։

«Մենք պատմականորեն սերտ և բարեկամական հարաբերություններ ունենք և բարձր ենք գնահատում Ֆրանսիայի կառուցողական դիրքն ու տարբերակիչ դիրքորոշումը պատերազմի ընթացքում և հետպատերազմյան ժամանակահատվածում տիրող իրավիճակի շուրջ: Քանի որ ԱՍՀՆ-ն հետպատերազմյան ժամանակահատվածում սոցիալական մարտահրավերներին պատասխանող հիմնական գերատեսչությունն է, ցանկանում ենք շարունակել համագործակցությունը Ֆրանսիայի հետ սոցիալական ծրագրերի իրականացման գործում»,- նշել է Նարեկ Մկրտչյանը։

Հանդիպման ընթացքում նախարարը ներկայացրել է սոցիալական պաշտպանության ոլորտում սահմանված մի շարք առաջնահերթություններ՝ սոցիալական բնակարանաշինության, աշխատանքի և զբաղվածության ոլորտում բարեփոխումների իրականացման և մի շարք այլ հարցերի վերաբերյալ․ այս համատեքստում կարևորվել է ֆրանսիական փորձի ուսումնասիրությունն ու, ըստ անհրաժեշտության, դրա ներդրումը։

Անն Լույոն շնորհակալություն է հայտնել նախարարության կողմից իրականացվող ծրագրերի ամփոփ և համապարփակ ներկայացման համար՝ ևս մեկ անգամ վերահաստատելով Ֆրանսիայի կառավարության կողմից հետագա համագործակցության պատրաստակամությունը։

«Ֆրանսիան Հայաստանի մեծ բարեկամ երկիր է, և մեր երկրների միջև երկկողմ հարաբերությունները գերազանց մակարդակի են։ Մենք ուրախ ենք, որ Ֆրանսիա-Հայաստան առևտրաարդյունաբերական պալատի և մյուս կառույցների հետ ջերմ հարաբերությունները շարունակվում են։ Մենք նույնպես պատրաստակամ ենք աջակցել նախատեսվող սոցիալական ծրագրերի իրականացման գործում»,- նշել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը։

ԿԻՍՎԵԼ