Համագործակցության հուշագիր՝ նախարարության և Ամունդի-ԱԿԲԱ ընկերության միջև

Հայաստանում սոցիալական բնակարանային ապահովման ոլորտում առաջնահերթ խնդիրների վերաբերյալ ռազմավարության մշակման նպատակով՝ համագործակցության հուշագիր է ստորագրվել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ ընկերության միջև։

Կարևորելով գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցային շրջանակի ընդլայնումն՝  Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հուշագրի կնքումը սոցիալական պաշտպանության ոլորտում ևս մեկ կարևոր քայլ է համարել։

Հուշագրի շրջանակում կողմերը պատրաստակամություն են հայտնել իրականացնել ուսումնասիրություն, որի հիման վրա կմշակվի Հայաստանում սոցիալական բնակարանային համակարգի ներդրման ռազմավարությունն ու հնգամյա միջոցառումների ծրագիրը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը համապատասխան ուսումնասիրություն կատարելու նպատակով հանձն է առել ընտրել ազգային փորձագետներ։ Ամունդի-ԱԿԲԱ ընկերությունն, իր հերթին, պատրաստակամություն է հայտնել տրամադրել անհրաժեշտ ֆինանսական միջոցներ փորձագետների ներգրավման համար։ 

Հիշեցնենք, որ հուշագիրը կնքվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու Ֆրանսիա Հայաստան առևտրաարդյունաբերական պալատի միջև համագործակցության շրջանակում։

ԿԻՍՎԵԼ