Ռուբեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Ռուսլան Բեկետաևի հետ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանն  ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էկոնոմիկայի և ֆինանսական քաղաքականության հարցերով կոլեգիայի անդամ, նախարար Ռուսլան Բեկետաևին։ Հանդիպմանը մասնակցել է նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը։

Քննարկման ընթացքում կողմերն անդրադարձել են աշխատանքային միգրանտների սոցիալական պաշտպանությանը, կենսաթոշակի վճարմանն, ԵԱՏՄ տարածքում ապրանքների, ծառայությունների և աշխատանքի ազատ տեղաշարժի ապահովմանն առնչվող մի շարք հարցերի։  

Ներկայացնելով սոցիալական պաշտպանության ոլորտում նախարարության կողմից իրականացվող զբաղվածության ծրագրերը՝ Ռուբեն Սարգսյանն առաջնային է համարել աշխատանքային միգրանտների իրավունքների պաշտպանության ապահովումը։

«Աշխատանքային իրավունքների պաշտպանությունը մեր օրակարգային հարցերից է։ Մեզ համար կարևոր է պաշտպանել աշխատողներին՝ անկախ նրանից, թե որ երկրում են գտնվում։ Այս գործում կարևորում ենք նաև «Աշխատանք՝ առանց սահմանների» հարթակի դերը, որն, իր հերթին, նպաստում է նրանց աշխատանքային իրավունքների պատշաճ իրականացմանը»,- նշել է Ռ․ Սարգսյանը։    

Ռուսլան Բեկետաևը ևս կարևորել է աշխատանքային միգրանտների զբաղվածության և վերջիններիս իրավունքների պաշտպանության համատեղ ապահովումն՝ ընդգծելով «Աշխատանք՝ առանց սահմանների» հարթակի դերը․ «Այս հարթակի շնորհիվ շուրջ 2000 քաղաքացի ապահովվել է աշխատանքով, իսկ 45,000 աշխատանք փնտրող անձ օգտագործում է այս համակարգը։ Կարծում եմ՝ համագործակցության արդյունքում առաջիկայում ևս կշարունակենք նշանակելի հաջողություններ արձանագրել»։

Հանդիպման ընթացքում կողմերը պատրաստակամություն են հայտնել գործնականում ընթացք տալ քննարկված ծրագրերին։

ԿԻՍՎԵԼ