Եռօրյա դասընթաց՝ գենդերային հավասարության, ընտանեկան և կանանց նկատմամբ բռնության կանխարգելման թեմաներով

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ Եվրոպայի խորհրդի հետ համատեղ, իրականացրել է վերապատրաստման եռօրյա դասընթաց՝ գենդերային հավասարության, ընտանեկան և կանանց նկատմամբ բռնության կանխարգելման վերաբերյալ։

Դասընթացի շրջանակում զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչները հնարավորություն են ունեցել ծանոթանալ կանանց նկատմամբ դրսևորվող խտրականության դեպքերին, գենդերային կարծրատիպերի դրսևորումներին ու բռնության ենթարկված կանանց մասնակցությամբ հարցազրույց անցկացնելու առանձնահատկություններին։

Նախարարության մարդկանց թրաֆիքինգի և կանանց հիմնահարցերի բաժնի պետ Սոֆի Բոստանչյանը, կարևորելով նախարարության կողմից կանանց և տղամարդկանց միջև հավասար իրավունքների ու հասարակական կյանքի բոլոր ոլորտներում լիարժեք մասնակցության ապահովումը, ընդգծել է, որ գենդերային հավասարությունը լիարժեք վերաբերում է և՛ կանանց, և՛ տղամարդկանց։

«Այս թեմայի լուսաբանման, բռնության պատճառների խորքային վերլուծության համար անհրաժեշտ է նրբանկատ մոտեցում, իրավական շրջանակի և փաստերի մասին պատշաճ իրազեկում։ Հետևաբար, զանգվածային լրատվամիջոցները մեր կարևոր գործընկերներն են գենդերային հավասարության խթանման և կանանց նկատմամբ բռնության կանխարգելման գործում»,- նշել է Սոֆի Բոստանչյանը։

Առցանց քննարկումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով, որի ընթացքում մասնակիցները բարձրաձայնել են ոլորտային մի շարք հարցեր։

ԿԻՍՎԵԼ