Նարեկ Մկրտչյանն ընդունել է ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պարտականությունները կատարող Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին և ԱՄՆ ՄԶԳ գրասենյակի տնօրեն Ջոն Ալելոյին։

Նախարարի պաշտոնակատարը կարևորել է Միացյալ նահանգների հետ համագործակցությունն աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում՝ ընդգծելով, որ ԱՄՆ որդեգրած արժեքները հոգեհարազատ են նաև Հայաստանի համար։

«Միացյալ նահանգների հետ մեր համագործակցությունը շարունակվում է աշխատանքային իրավունքների, երեխաների հիմնահարցերի, մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի ուղղությամբ։ Անդրադառնալով վերջինիս՝ կցանկանայի շեշտել ԱՄՆ պետքարտուղարի հրապարակած ամենամյա զեկույցը, որի համաձայն՝ նախորդ տարվա համեմատությամբ Հայաստանի դիրքերը բարելավվել են։ Մենք պատրաստակամ ենք և վերահաստատում ենք մեր հանձնառությունը՝ շարունակելու այս ուղղությամբ արդյունավետ աշխատանքները»,- նշել է Նարեկ Մկրտչյանը։

Դեսպան Լին Թրեյսին ևս, կարևորելով մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարում իրականացվող քայլերն, անդրադարձել է նաև աշխատանքային թրաֆիքինգին, մասնավորապես՝ ստվերային բիզնեսում աշխատող անձանց իրավունքների ոտնահարմանը․«Շնորհավորում եմ Հայաստանին մարդկանց թարֆիքինգի դեմ պայքարի սանդղակի երկրորդ խմբում իր դիրքերը բարելավելու կապակցությամբ։ Հայաստանի կառավարությունը մեծ ջանքեր է գործադրել՝ աշխատելով նաև դեսպանության տարբեր ստորաբաժանումների հետ, ինչի շնորհիվ այս առաջընթացն ու դիրքերի բարելավումը հնարավոր է դարձել։ Լավ աշխատանքը միշտ գնահատվում է, և պետք է շարունակել նույն տեմպով,  որպեսզի առաջխաղացումը պահպանվի»։

ԱՄՆ ՄԶԳ գրասենյակի տնօրեն Ջոն Ալելոն անդրադարձել է հետպատերազմական իրավիճակում տեղահանված արցախցիներին վերաբերող ծրագրերին և կարիքների հասցեական տրամադրմանը։ Նա շեշտել է՝ առաջին անհրաժեշտության աջակցության ցուցաբերումից զատ, ՄԶԳ գրասենյակի կողմից ևս այժմ դիտարկվում են  երկարաժամկետ աջակցության հնարավորությունները։

 «Մենք նաև նախատեսում ենք իրականացնել ծրագիր և օգնել աշխատանք գտնել հաշմանդամություն ունեցող անձանց։ Աշխատուժի զարգացմանն ուղղված ծրագիր ևս նախատեսվում է, այդպիսով՝ կփորձենք ծածկել մասնագիտական պահանջարկի մասով առկա բացերը, ապահովել ուսուցումներ այնպիսի մասնագիտությունների համար, որոնց պահաջարկը գործատուներն ունեն»,- ասել է Ջոն Ալելոն։

Հանդիպման ընթացքում քննարկվել են համատեղ իրականացված և նախատեսվող ծրագրերը, նախանշվել դրանց գործնականում դրանց իրականացման հնարավորությունները։  

ԿԻՍՎԵԼ