Շուրջ 39 մլն 850 հազար դրամ՝ աուտիզմ ունեցող անձանց Երևանում սոցիալ-հոգեբանական ծառայություններ տրամադրելու համար

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պատվիրակման միջոցով շարունակում է սոցիալ-հոգեբանական ծառայություններ տրամադրել աուտիզմ ունեցող անձանց։

Երևանում շահառուներին անհրաժեշտ ծառայություններ է մատուցում «Աուտիզմ ազգային հիմնադրամը», որին պետական բյուջեից 2021 թվականի համար տրամադրվում է շուրջ 39 մլն 850 հազար դրամ։

Ծրագրի շրջանակում բազմամասնագիտական թիմի կողմից նախ իրականացվում է շահառուների կարիքների և կարողությունների գնահատում, ապա անհրաժեշտ աշխատանքներ են տարվում խոսքի և հաղորդակցման, տեսա-տարածական ընկալման, ճանաչողական հմտությունների զարգացման և գիտելիքների ձևավորման ուղղությամբ։

Ցերեկային կենտրոնում մասնագետները ձևավորում և զարգացնում են աուտիզմ ունեցող անձանց ինքնասպասարկման, կենցաղավարման և ինքնուրույն կյանք վարելու հմտությունները։ Ապահովվում է նաև շահառուների զբաղվածությունը՝ տարբեր խմբակներում կազմակերպվող դասընթացների միջոցով, տրամադրվում է մասնագիտական կողմնորոշման ծառայություններ, կազմակերպվում մշակութային միջոցառումներ։  

ԿԻՍՎԵԼ