Նախարարի տեղակալը մասնակցել է Աշխատանքի միջազգային համաժողովի 109-րդ նստաշրջանին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը Հայաստանի պատվիրակության անունից այսօր ելույթ է ունեցել Աշխատանքի միջազգային համաժողովի 109-րդ նստաշրջանում։

Երկարատև ու արդյունավետ համագործակցության համար շնորհակալություն հայտնելով Աշխատանքի միջազգային կազմակերպությանը՝ Ռուբեն Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանի կառավարությունը հավատարիմ է բոլոր այն բարեփոխումներին, որոնք ուղղված են միջազգային չափանիշներին համապատասխան աշխատանքային իրավունքների, կայուն զբաղվածության և պատշաճ աշխատանքի խթանմանը։

Առցանց ձևաչափով կազմակերպված միջոցառման ընթացքում նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանի սոցիալ-տնտեսական միջավայրի վրա COVID-19 համավարակի և Արցախյան պատերազմի ազդեցությունը, որոնք իրենց հերթին առաջացրել են ոլորտային առաջնահերթությունների վերանայման հրատապ անհրաժեշտություն։ Աշխատանք ու կենսապահովման հնարավորությունները կորցրած անձանց համար Կառավարությունն իրականացնում է ծրագրեր, որոնք ուղղված են տուժած գործազուրկ բնակչության զբաղվածության խթանմանը: Փոփոխություններ են իրականացվել նաև Աշխատանքային օրենսգրքում, որպեսզի արտակարգ իրավիճակներում և դրանից հետո կանխվեն աշխատողների իրավունքների խախտումները։

Ռուբեն Սարգսյանը անդրադարձել է նաև Հայաստանի կառավարության, ԱՄԿ-ի և սոցիալական գործընկերների կողմից 2019թ․ ստորագրված «Արժանապատիվ աշխատանք» հնգամյա ծրագրի շրջանակում իրականացված բարեփոխումներին։ Մասնավորապես, Առողջապահության և աշխատանքի տեսչությանը շնորհվել է աշխատանքային օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ պետական ​​ամբողջական վերահսկողություն իրականացնելու լիազորություն, մշակվել է Աշխատանքային օրենսգրքում լայնածավալ փոփոխություններ նախատեսող նախագիծ, ՀՀ կառավարության և սոցիալական գործընկերների միջև ստորագրվել է նոր կոլեկտիվ պայմանագիր, ինչպես նաև  ԱՄԿ-ի աջակցությամբ աշխատանքներ են իրականացվել աշխատանքային վեճերի արտադատական կարգավորման ինստիտուտի ներդրման ուղղությամբ:

Համաժողովի վերջում նախարարի տեղակալը հույս է հայտնել, որ ԱՄԿ անդամների հետևողական աշխատանքն ու ընդհանուր ջանքերը հետագայում ևս հնարավորություն կտան լուծել գլոբալ մարտահրավերները` պատշաճ կերպով ապահովելու սոցիալական արդարություն, պատշաճ աշխատանք և բարեկեցիկ հասարակություն:

Աշխատանքի միջազգային կազմակերպությունը աշխատանքային հարաբերությունների կարգավորման հարցերով զբաղվող ՄԱԿ-ի մասնագիտացված հաստատություն է, որի նպատակն է սոցիալական արդարության սկզբունքների և միջազգայնորեն ճանաչված մարդու իրավունքների ու աշխատանքային իրավունքների խթանումը։

ԿԻՍՎԵԼ