Ի՞նչ անել, եթե քաղաքացին համաձայն չէ բժշկասոցիալական փորձաքննության որոշման հետ

Բժշկասոցիալական փորձաքննություն իրականացվում և անձի հաշմանդամությունը սահմանվում է Միասնական սոցիալական ծառայության բժշկասոցիալական փորձաքննության բաժինների կողմից։

Անձի հաշմանդամությունը ճանաչվում է հիվանդությամբ, վնասվածքով կամ այլ ախտաբանական վիճակներով պայմանավորված՝ օրգանիզմի ֆունկցիաների կայուն խանգարման դեպքում, որը հանգեցրել է կենսագործունեության որևէ տեսակի որևէ աստիճանի սահմանափակման:

ԲՍՓ որոշման հետ չհամաձայնող քաղաքացին կարող է բողոքարկել այն վարչական կարգով՝ դիմելով Միասնական սոցիալական ծառայություն՝ վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում կամ կարող է բողոքարկել այն դատական կարգով:  

ՄՍԾ պետի հանձնարարությամբ՝ անձը վերափորձաքննվում է բժշկասոցիալական փորձաքննության և աջակցող միջոցներով ապահովման վարչության վերափորձաքննության բաժնի կողմից, որի արդյունքում կարող է փոփոխվել տարածքային մարմնի կողմից կայացված որոշումը կամ մնալ անփոփոխ:

Հաշմանդամություն սահմանելու կամ մերժելու վերաբերյալ բժշկասոցիալական փորձաքննական որոշումը եռօրյա ժամկետում տրամադրվում է անձին կամ նրա ներկայացուցչին: Փորձաքննվող անձի կամ նրա ներկայացուցչի գրավոր պահանջի դեպքում տրվում է նաև վարչական վարույթի (բժշկասոցիալական փորձաքննության գործի) պատճենը:

Ծառայության վերափորձաքննության բաժնի կողմից ընդունված որոշման հետ համաձայն չլինելու դեպքում՝ անձը մեկամսյա ժամկետում կարող է այն բողոքարկել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն:

ԿԻՍՎԵԼ