Աջակցություն՝ քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորած և գերեվարված անձանց ընտանիքներին

2020 թ․ ռազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում զոհերի ընտանիքներին և հաշմանդամություն ձեռք բերած քաղաքացիներին տրամադրվող սոցիալական աջակցության ծրագրի շահառուների շրջանակն ընդլայնվել է։

Այսուհետ կարող են միջոցառման շահառու դառնալ և աջակցություն ստանալ քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորած, ինչպես նաև գերեվարված անձանց ընտանիքների անդամները, որոնց կտրամադրվի 1,000,000 դրամ միանվագ աջակցություն։ Նրանք ծրագրին կարող են դիմել մինչև 2021 թվականի դեկտեմբերի 1-ը՝ դիմում ներկայացնելով e-request.am միասնական հարթակի կամ նախարարության պաշտոնական կայքէջի՝ mlsa.am-ի «Գրեք նամակ» բաժնի միջոցով:

Նույն ծրագրին քաղաքացիական անձանց շրջանում զոհերի ընտանիքներն ու հաշմանդամություն ձեռք բերած քաղաքացիական անձինք կարող են դիմել մինչև 2021 թ․մայիսի 1-ը՝ ապրիլի 1- փոխարեն։

Հիշեցնենք, որ Արցախի պաշտպանության ընթացքում քաղաքացիական անձանց շրջանում զոհերի ընտանիքներին և հաշմանդամություն ձեռք բերած Հայաստանի և Արցախի քաղաքացիներին միանվագ աջակցություն է տրամադրվում՝

1) 1-ին խմբի հաշմանդամություն ձեռք բերած քաղաքացիներին՝ 3,000,000 դրամ,

2) 2-րդ խմբի դեպքում՝ 2,000,000 դրամ,

3) 3-րդ խմբի դեպքում՝ 1,000,000 դրամ,

4) Հաշմանդամ երեխայի կարգավիճակ ձեռք բերելու դեպքում՝ 3,000,000 դրամ,

5) Զոհված քաղաքացիական անձանց ընտանիքներին՝ 5,000,000 դրամ։

ԿԻՍՎԵԼ