Նախարարի տեղակալները հանդիպել են «Ակցիա սովի դեմ» կազմակերպության Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակի ղեկավարի հետ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալներ Ռուբեն Սարգսյանն ու Աննա Ժամակոչյանն աշխատանքային հանդիպում են ունեցել «Ակցիա սովի դեմ» կազմակերպության Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Մարսելլա Մաքսֆիլդի հետ։

Հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են համատեղ ջանքերի ներդրման անհրաժեշտությունն արցախցիների կայուն զբաղվածության ապահովման և սոցիալական աջակցության տրամադրման գործում։

Նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը շնորհակալություն է հայտնել Մարսելլա Մաքսֆիլդին՝ երկարամյա համագործակցության և «հումանիտար աջակցության առաքելությանը հավատարիմ մնալու համար»․

 «Նախատեսում ենք, որպեսզի Հայաստանի հանրային, պետական կացարաններում ժամանակավորապես բնակվող խոցելի անձինք կարողանան տեղափոխվել անհատական կացարաններ։ Անհրաժեշտ է զորակցել նրանց, աշխատանքի տեղավորման ծրագրեր իրականացնել, որպեսզի կարողանան ինքնուրույն դառնալ»,- նշել է Աննա Ժամակոչյանը։

Մարսելլա Մաքսֆիլդն առանցքային է համարել օգնության կարիք ունեցող անձանց ժամանակին ձեռք մեկնելու առաքելությունը․այժմ էլ կազմակերպությունը նախատեսում է Երևանում, Արարատի և Կոտայքի մարզերում ժամանակավորապես բնակվող արցախցիներին տրամադրել սննդի փաթեթներ, հիգիենայի և մանկական խնամքի պարագաններ:

 «Մեզ համար ամենակարևորը մարդիկ են։ Կարծում ենք՝ մարդասիրական և հումանիտար աջակցության տրամադրման գործում չկան սահմաններ և չկա քաղաքականություն․ կան մարդիկ, ովքեր կարիքի մեջ են»,- ընդգծել է «Ակցիա սովի դեմ» կազմակերպության Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակի ղեկավարը։

Ռուբեն Սարգսյանը կարևորել է արցախցիների մշտական զբաղվածության ապահովմանն ու ինքնազբաղվածության ծրագրերի խթանմանն ուղղված քայլերը։ Նախարարի տեղակալը նշել է, որ զբաղվածության ոլորտում նախատեսվող բարեփոխումներն աստիճանաբար կբարձրացնեն արցախցիների կյանքի որակը։

ԿԻՍՎԵԼ