Դիլիջանում կստեղծվի սոցիալական ձեռնարկատիրության և մասնագիտական ուսուցման կենտրոն՝ այսօր կայացել է պայմանագրի ստորագրման արարողությունը

Այսօր Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում տեղի է ունեցել Ճապոնիայի դեսպանության և «Հայաստանի համայնքների միություն» ՀԿ միջև դրամաշնորհային ծրագրի պայմանագրի ստորագրման արարողությունը։

Սոցիալական ուղղվածության այս ծրագրի համաձայն՝ խոցելի, մասնավորապես` հաշմանդամություն ունեցող անձանց համար Դիլիջանում կստեղծվի սոցիալական ձեռնարկատիրության և մասնագիտական ուսուցման կենտրոն։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանն իր ելույթում անդրադարձել է սոցիալական պաշտպանության ոլորտում Ճապոնիայի կառավարության աջակցությամբ իրականացվող դրամաշնորհային և վերապատրաստման ծրագրերի կարևորությանը՝ շեշտելով մարդկային կապիտալի ձևավորմանն ու զարգացմանը, նաև ձեռնարկատիրության խթանմանն ուղղված ծրագրերի դերը:

«Ներառական մասնագիտական ուսուցմանն ու հարմարեցմանն ուղղված ծրագրերը կարևոր երաշխիք են աշխատաշուկայում անմրցունակ անձանց ինքնուրույն կյանքի հմտությունների զարգացման, ինքնիրացման և ի վերջո՝ կայուն զբաղվածության ապահովման համար։ Այս առումով հաշմանդամություն ունեցող անձանց` աշխատաշուկայում ինտեգրման խնդիրը ՀՀ զբաղվածության քաղաքականության առանցքային հիմնախնդիրներից է»,- նշել է նախարարի տեղակալը։

Ռուբեն Սարգսյանը հույս է հայտնել, որ Դիլիջանում hիմնվելիք կենտրոնը կնպաստի աշխատաշուկայում անմրցունակ անձանց հետ տարվող հետևողական աշխատանքների իրականացմանը՝ մասնագիտական հմտությունների ձեռքբերման և կայուն աշխատանք գտնելու նոր հնարավորությունների ստեղծման միջոցով:

Նախարարի տեղակալը հայտնել է նախարարության պատրաստակամությունն աջակցելու ծրագրի իրականացմանը։

Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան կարևորել է սոցիալական ձեռնարկությունների մասնակցությունը կայուն ապագա ստեղծելու գործում՝ դրանք բնորոշելով որպես քաղաքացիների բարեկեցությունը խթանող հիմնական կազմակերպություններ:

«Զբոսաշրջային մեծ ներուժ ունեցող Դիլիջանում ստեղծվելիք Լանդրոմատ ՍՁ սրճարանը նպատակ ունի կայուն զբաղվածության հնարավորություններ ստեղծել հաշմանդամություն ունեցող անձանց համար: Այս եզակի կենտրոնը կծառայի և՛ որպես սոցիալական ձեռնարկատիրության օրինակ, և՛ որպես գիտելիքների փոխանակման ու վերապատրաստման կենտրոն: Արդյունքում, ծրագիրը կունենա տարեկան ավելի քան 360 շահառու»,- նշել է դեսպանը։

«Հայաստանի համայնքների միություն» ՀԿ տնօրեն Էմին Երիցյանը վստահություն է հայտնել, որ նախաձեռնությունը հաջողություն կունենա, քանի որ ծրագրում ընդգրկված են ոլորտի ամենափորձառուները։

«Ծրագիրը հավակնում է դառնալ մոդելային․ Տավուշում, Դիլիջանում գործելու դեպքում՝ պետական, տեղական և մասնագիտական մարմինների միջև համագործակցությունը կարող է դառնալ մուլտիպլիկատիվ և տարածվել այլ շրջաններում»,– հավելել է հասարակական կազմակերպության տնօրենը։

Հանդիպման ավարտին կողմերը ակտիվ համագործակցության պատրաստակամություն են հայտնել՝ հույս հայտնելով, որ ծրագիրը արդյունավետ քայլ կլինի Հայաստանի կայուն համայնքային զարգացման համար։

ԿԻՍՎԵԼ