Բազմազավակ ընտանիքներին լրացուցիչ պետական երաշխիքների և աջակցության տրամադրման նոր ծրագրեր են նախատեսվում

Ժողովրդագրական իրավիճակի բարելավումը որպես առաջնահերթություն դիտարկելով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նախաձեռնել է  բազմազավակ ընտանիքներին լրացուցիչ պետական երաշխիքների և աջակցության տրամադրման նոր ծրագրեր, որոնք հնարավորություն կտան հստակեցնել բազմազավակ ընտանիքների սոցիալական կարգավիճակն ու երաշխիքները, բարձրացնել նրանց տրվող պետական աջակցության արդյունավետությունը, խրախուսել ընտանիքում չորրորդ և հաջորդ երեխայի ծնունդը։

Այդ նպատակով՝  նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Բազմազավակ ընտանիքների մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի համաձայն՝ չորս և ավելի երեխա ունեցող ընտանիքներին կտրամադրվի աջակցության հետևյալ տեսակները՝

✅ դրամական աջակցություն,

✅ առողջության ապահովագրություն,

✅ բնակարանային պայմանների բարելավման աջակցություն,

✅ բնակարանի/տան տրամադրում,

✅ կրթության վճարի փոխհատուցում,

✅ պատմական և մշակութային կենտրոններ այցելությունների վճարի փոխհատուցում,

✅ աշխատող բազմազավակ ծնողներին ամենամյա լրացուցիչ արձակուրդի տրամադրում:

Այսպիսով՝ բազմազավակության խրախուսման այս ծրագիրը կնպաստի ծնելիության խթանմանը, բազմազավակ ընտանիքների թվի ավելացմանը, նրանց առաջնահերթ կենսական պահանջմունքների բավարարմանն ու ժողովրդագրական կայունության ապահովմանը։

Նախագծի վերաբերյալ կարծիք և առաջարկ ներկայացնելու համար խնդրում ենք անցնել հղումով՝ https://www.e-draft.am/projects/3084

ԿԻՍՎԵԼ