Միջազգային չափանիշներին համապատասխան ֆունկցիոնալ պրոթեզավորում՝ պատերազմում վիրավորում ստացած անձանց համար

2020 թ․ պատերազմի հետևանքով վնասվածք (վիրավորում) ստացած անձանց այսուհետ կտրամադրվեն առավել ֆունկցիոնալ, միջազգային չափանիշներին համապատասխան պրոթեզներ։ Նախագիծն այսօր քննարկվել է Կառավարության նիստում։

Նոր ընթացակարգի նպատակն է բարելավել հայրենիքի պաշտպանության համար առողջությունը վտանգած կամ հաշմանդամություն ձեռք բերած անձի կյանքը՝ նոր մշակույթ ձևավորելով վերջիններիս կարիքին համապատասխան ծառայությունների մատուցման բնագավառում։

Գործող կարգավորումների համաձայն՝ պրոթեզավորման կարիք ունեցող անձինք բուժատեխնիկական հանձնաժողովից ստացած համապատասխան եզրակացության հիման վրա ձեռք են բերում պետական հավաստագիր, որի միջոցով էլ իրականացվում է պրոթեզավորումը։

Պրոթեզի տրամադրումն այսուհետ իրականացվելու է՝ հաշվի առնելով շահառուի անհատական կարիքները վերջինիս գտնվելու վայրում՝ դիտարկելով նաև միջավայրը, նրա գործունեության ակտիվությունը։

Նոր նախագծով՝ պրոթեզների տրամադրման գործընթացում գնային սահմանափակում չի նախատեսվում։ Յուրաքանչյուր շահառուի համար իրականացվելու է իր կարիքներին համապատասխան ծախս։

Նախատեսվում է առկա բուժատեխնիկական հանձնաժողովը համալրել բազմամասնագիտական այլ կարողություններ ունեցող մասնագետներով, անհրաժեշտության դեպքում՝ նրանց հրավիրվել նաև արտերկրից։

Պրոթեզավորումն իրականացնող կազմակերպությունների նկատմամբ ևս նախատեսվում է չափանիշների փոփոխություն․ մասնավորապես՝ համապատասխան մասնագետների ներգրավում, շահառուներին՝ պրոթեզը կիրառելու հմտությունների ուսուցում, խորհրդատվություն, հետագա սպասարկում։

ԿԻՍՎԵԼ