Նախարարի տեղակալները հանդիպել են հ/կ ներկայացուցիչներին և կամավորներին

Պատերազմական ու դրան հաջորդող ամիսների ընթացքում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նախաձեռնել է ճգնաժամային իրավիճակներում արագ արձագանքման մեխանիզմներ, մասնավորապես՝ թեժ գծի արդիականացման և կարիքի արագ գնահատման համակարգի մշակման աշխատանքներ։

Դրանցում իրենց ներդրումն են ունեցել նաև մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և անհատ կամավորներ։ Նրանք ընդգրկվել են թեժ գծի սպասարկման՝ կացարանների հայտերի լրացման, կարիքների գնահատման, օգնության բաշխման ու նմանօրինակ տարբեր աշխատանքներում։

Բարձր գնահատելով կատարված աշխատանքը՝ նախարարի առաջին տեղակալ Տաթևիկ Ստեփանյանն ու նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը հանդիպել են հասարակական կազմակերպությունների ու նախարարության աշխատանքներում ներգրավված կամավորների՝ շնորհակալություն հայտնելու նրանց պատրաստակամության, կատարած անգնահատելի աշխատանքի և աջակցության համար։

Փոխնախարարները կարևորել են պատերազմի ընթացքում նախարարության առաքելության իրականացման գործում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ու կամավորների ներդրած ջանքերը․ «Արցախից եկած մեր հայրենակիցներից որևէ մեկը դրսում չի մնացել, որևէ մեկն իրեն անուշադրության մատնված չի զգացել, և դա նաև Ձեր շնորհիվ։ Ճգնաժամային դրությունը բացահայտեց մեր ունեցած ռեսուրսները, ինքնակազմակերպվելու ունակությունը։ Խնդիրներ էլի լինելու են, բայց վստահ ենք՝ մեր համատեղ ջանքերով կկարողանանք դրանց հետևանքները մեղմել ու դրական արդյունք արձանագրել»։

Նախարարի տեղակալները հույս են հայտնել, որ քաղաքացիների լավագույն շահին ուղղված այսօրինակ համագործակցությունները կլինեն շարունակական։

ԿԻՍՎԵԼ