Գործարկվել է միանվագ դրամական աջակցության համար դիմումների ընդունման online.ssa.am կայքը

Գործարկվել է online.ssa.am  կայքը, որի միջոցով կարող եք տեղեկանալ՝ արդյոք հանդիսանո՞ւմ եք ՀՀ կառավարության կողմից կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված սոցիալական ծրագրերի շահառու, թե ոչ:

Խոսքը, մասնավորապես, ‹‹Կորոնավիրուսի հետևանքով աշխատանքից ազատված ծնողներին հրատապ դրամական աջակցություն» ծրագրով  (N 418-Լ որոշում) և ‹‹Կորոնավիրուսի հետևանքով աշխատանքից ազատված անձանց միանվագ աջակցություն» ծրագրով (N 460-Լ որոշում) նախատեսված միանվագ դրամական օգնություն ստանալու գործընթացի մասին է:

Կայքի համապատասխան դաշտում հայատառ մուտքագրելով ձեր տվյալները՝
կարող է տեղեկանալ աջակցության ծրագրի տվյալ ցուցակում ներառված լինել կամ չլինելու մասին։

Ծրագրերի շահառու հանդիսանալու դեպքում՝ կտեսնեք նաև այն բանկի անվանումը, որտեղ փոխանցվել է ձեզ համար նախատեսված գումարը: Անձը հաստատող փաստաթղթով անհրաժեշտ է մոտենալ տվյալ բանկի ցանկացած մասնաճյուղ և ստանալ միանվագ աջակցությունը:

Նշենք, որ գումարը բանկում հասանելի կլինի երեք ամիս, եթե այդ ընթացքում գումարի նկատմամբ պահանջ չառաջադրեք, այն հետ կվերադարձվի ՀՀ պետական բյուջե:

Նշենք, որ ‹‹Կորոնավիրուսի հետևանքով աշխատանքից ազատված ծնողներին հրատապ դրամական աջակցություն» (4-րդ միջոցառում) ծրագրի շահառուների ցանկը, ամբողջական չէ և պարբերաբար թարմացվում է:

Ուստի, Ձեր տվյալները ցանկում չգտնելու պարագայում, փորձեք դրանք վերստուգել որոշ ժամանակ անց:

ԿԻՍՎԵԼ