Հանրապետության մարզերի 166 աշակերտ հաճախել է “Մասնագիտական կողմնորոշման ամառային դպրոց”

ՀՀ աշխատաշուկայի պահանջարկի, մասնագիտության ճիշտ ընտրության մասին պատկերացումները լրացնելու և զարգացնելու նպատակով հանրապետության հինգ մարզի 166 աշակերտ մասնակցել է “Մասնագիտական կողմնորոշման ամառային դպրոց” ուսումնական ծրագրին: “Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոն” ՊՈԱԿ-ի (այսուհետ` կենտրոն) աշխատակիցներն ու կամավորները հուլիս-օգոստոս ամիսներին իրականացրել են կենտրոնի կողմից նախօրոք մշակված “Ամառային դպրոց” ուսումնական ծրագիրը, որն իրականացվել է Արագածոտնի, Սյունիքի, Լոռու, Տավուշի, Վայոց ձորի մարզերում: Աշակերտները ծանոթացել են մասնագիտական կողմնորոշման համակարգի կարևորությանը, հնարավորություն են ունեցել ուսումնասիրելու նախընտրելի մասնագիտության առանձնահատկությունները: Նրանց ներկայացվել է մասնագիտության ճիշտ ընտրության կարևորությունը, տրվել է մասնագետ, մասնագիտացում, զբաղմունք, մասնագիտություն, աշխատաշուկա և նմանատիպ այլ տերմինների պարզաբանումներ: Հաշվի առնելով մասնակիցների տարիքային առանձնահատկություններն ու աշակերտների ամառային արձակուրդում գտնվելու հանգամանքը` դասընթացն անցկացվել է գործնական աշխատանքների, վարժությունների, խաղերի ու հարցադրումների միջոցով: Աշակերտներին է ներկայացվել նաև Հայաստանի Հանրապետությունում գործող կրթական համակարգը, մասնագիտական ուսումնական հաստատություններում առկա ուսուցման պայմանները, ինչպես նաև հանրապետությունում պահանջարկ ունեցող մասնագիտությունները, գործազրկության մակարդակը տվյալ մասնագիտությունների համատեքստում: Մասնակիցները հնարավորություն են ունեցել իրենց հակումների և նախասիրությունների հիման վրա պարզելու իրենց համապատասխան մասնագիտությունների և զբաղմունքների շրջանակը: Ծրագրի արդյունքները վկայում են այն մասին, որ մարզի աշակերտներն ընդհանրացված պատկերացում ունեն մասնագիտությունների, ՀՀ աշխատաշուկայի պահանջարկի վերաբերյալ և կարիք ունեն վերանայելու իրենց որոշումները մասնագիտության ընտրության հարցում: Այն հարցին, թե դասընթացից հատկապես ինչը տպավորվեց, աշակերտների մեծամասնությունը նշել էր, որ կարևորում է դասընթացի գործնական և անմիջական բնույթը, տեղեկացվածության բացը լրացնելու հնարավորությունը և մասնագիտական խաղերը:

ԿԻՍՎԵԼ