Ստորագրվեց համատեղ ծրագիր

2009թ. հուլիսի 31-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Գ. Պետրոսյանը, ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տնօրեն Ս. Մնացականյանը, ՄԱԿ-ի մշտական համակարգող Կ. Վիդալը, ՄԱԿ-ի մի շարք գործակալությունների հայաստանյան գրասենյակների ղեկավարներ ստորագրեցին համատեղ ծրագիր:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ՄԱԿ-ի հայաստանյան թիմի աջակցությամբ երկրի 11 մարզերում, այդ թվում` Երևանում, 2009թ. հուլիսից իրականացնելու է 4248 տնային տնտեսությունների վրա ֆինանսական ճգնաժամի ազդեցության մակարդակի նախնական իրավիճակի հետազոտություն: Ազգային գործընկերներն են ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունն ու ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտը, որի մանդատը նախարարությանը և այլ պետական գերատեսչություններին փաստերի վրա հիմնված առաջարկությունների տրամադրումն է` սոցիալական պաշտպանության ոլորտի քաղաքականության և ծրագրերի մշակման նպատակով:
Ծրագրի հիմնական արդյունքները կլինեն.

  • ազգային սոցիալական մոնիտորինգի արդյունավետ ու գործուն համակարգի ստեղծումը, որը որոշում ընդունող մարմիններին հնարավորություն կտա ոչ միայն վերլուծել տնային տնտեսությունների կարիքավորության ներկա իրավիճակը, այլև առաջիկա մեկ և կես տարիներին իրականացնել պարբերական մշտադիտարկում
  • ֆինանսական ճգնաժամի հետևանքով Հայաստանում ստեղծված աղքատության ու եկամուտների անհավասարության նվազեցումը:

Ծրագրի իրականացումը մեծապես կնպաստի ճգնաժամի սոցիալական հետևանքների բացահայտմանը, կանխարգելմանն ու հաղթահարմանը:
“ՄԱԿ-ի և ՀՀ կառավարության միջև վերջերս ստորագրվել է “ՄԱԿ-ի զարգացման աջակցության շրջանակը 2010-2015թթ.” համագործակցության ծրագիրը: Խոցելի տնային տնտեսությունների վրա ճգնաժամի ազդեցության գնահատման միասնական ծրագիրը և Հազարամյակի զարգացման նպատակների շրջանակներում Հայաստանի առաջընթացի վերաբերյալ զեկույցը, որը շուտով կամփոփենք, կհանդիսանան ամուր հիմք առաջիկա 6 տարիների ընթացքում ՄԱԿ-ի զարգացման աջակցության շրջանակի իրագործման համար, որն ուղղված է խոցելի խմբերին` աղքատներ, կանայք, երեխաներ, հաշմանդամներ, տարեցներ և փախստականներ: Համատեղ ծրագիրը ևս մեկ օրինակ է ընդհանուր նպատակի համար Հայաստանում ՄԱԿ-ի համակարգի միասնական աշխատանքի”- իր խոսքում նշեց ՄԱԿ-ի մշտական համակարգող Կ. Վիդալը:
“Կառավարությունը ձեռնարկել է անհրաժեշտ քայլեր` պահպանելու սոցիալական ծախսերի համար բյուջեից հատկացվող գումարները: Սակայն հարկ է միջոցներ ձեռք առնել` տնտեսական ճգնաժամով պայմանավորված խնդիրները կանխարգելելու, համապատասխան լուծումներ տալու և ոլորտի հետագա զարգացումն ապահովելու համար: Վստահ եմ, որ մեր համագործակցությունը կշարունակի նպաստել սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումների գործընթացին և առկա ռեսուրսների նպատակային օգտագործմանը”,- նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Գ. Պետրոսյանը:

ԿԻՍՎԵԼ