Մայիսի 13-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմին ներկայացրեց նորանշանակ նախարար Գևորգ Պետրոսյանին

Մայիսի 13-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմին ներկայացրեց նորանշանակ նախարար Գևորգ Պետրոսյանին: “Պարոն Պետրոսյանն ունի գիտական փորձ, երիտասարդ քաղաքական գործիչ է, որին ընձեռնվել է հնարավորություն` ղեկավարելու մեր երկրի սոցիալական ոլորտը: Ճգնաժամն ավելի է բարդացրել աղքատության խնդիրը և մենք ձեզ հետ պատք է լրացուցիչ ջանքեր գործադրենք այն հաղթահարելու համար”,-նշեց Վարչապետը:
Շնորհակալություն հայտնելով Արսեն Համբարձումյանին կարճատև, սակայն արդյունավետ պաշտոնավարման առիթով, Վարչապետը նշեց,-“Ի դեմս պարոն Համբարձումյանի կունենանք ընդդիմախոս, որը մեզ կօգնի այսուհետ ևս լուծել ոլորտի առջև ծառացած խնդիրները”:
Արսեն Համբարձումյանը շնորհակալություն հայտնեց համատեղ աշխատանքի համար, ընդգծելով, որ իր պաշտոնավարման ժամանակահատվածում փորձել է անել առավելագույնը` գիտակցելով, որ սոցիալական պաշտպանության ոլորտի առանցքը Մարդն է:
Գևորգ Պետրոսյանը, շնորհակալություն հայտնելով, միաժամանակ շեշտեց, որ իր նկատմամբ ցուցաբերված վստահությունը մեծ պատիվ է` զուգորդված պատասխանատվության հետ: “Հասկանում եմ, որ ամենաչնչին բացթողումն այս ոլորտում ավելի մեծ արձագանք է գտնում, քան մյուսներում”-, ասաց նորանշանակ նախարարը: Հաջողություններ մաղթելով նախարարին և աշխատակիցներին` Վարչապետը հույս հայտնեց, որ այս փոփոխությունը չի խաթարի նախարարության գործունեությունը և նոր նախարարը կանի հնարավորը` ոլորտի շարունակականությունն ապահովելու համար:

ԿԻՍՎԵԼ