Շարունակվում է համագործակցությունը Բուլղարիայի աշխատանքի պետական տեսչության հետ

2009թ. մայիսի 11-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Համբարձումյանն ընդունեց Բուլղարիայի Հանրապետության աշխատանքի պետական տեսչության պետ Գալաբ Դոնևի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում նախարարը ոչ միայն կարևորեց երկու տեսչությունների շուրջ հինգ տարվա պատմություն ունեցող համագործակցությունը, այլև նշեց, որ Բուլղարիայի` հարյուրամյա պատմություն ունեցող աշխատանքի պետական տեսչության փորձի ուսումնասիրումը հրաշալի հնարավորություն է ինչպես ՀՀ աշխատանքի պետական տեսչության կայացման, այնպես էլ եվրոպական համապատասխան կառույցներին ինտեգրվելու գործում:
Նախարարն առաջարկեց կազմակերպել քննարկումներ տեղեկատվական համակարգերի, կադրերի վերապատրաստման, աշխատանքի տեսչության գործունեությունը կանոնակարգող իրավական դաշտի վերաբերյալ: “Կարծում եմ երկկողմ հարաբերությունները որակապես նոր աստիճանի բարձրացնելու համար նպատակահարմար է ստորագրել փոխըմբռնման հուշագիր”,-իր խոսքում նշեց նախարարը:
Բուլղարական պատվիրակության ղեկավարը մանրամասնորեն ներկայացրեց Բուլղարիայի աշխատանքի պետական տեսչության գործունեությունը, կատարած աշխատանքներն ու ձեռքբերումներն ինչպես երկրի ներսում, այնպես էլ տարածաշրջանում: “Մենք տպավորված ենք ձեր տեսչության գործունեությամբ և պատրաստ ենք մեր փորձը փոխանցել հայ գործընկերներին: Մենք ևս գտնում ենք, որ համապատասխան փաստաթղթի ստորագրումը հնարավորություն կտա խորացնել մեր համագործակցությունը` դարձնելով այն առավել արդյունավետ”- հանդիպման վերջում նշեց Գալաբ Դոնևը:

ԿԻՍՎԵԼ