ՀՀ կառավարությունը, ՄԱԿ-ը, միջազգային ֆինանսական հաստատությունները քննարկում են ճգնաժամի ազդեցությանը դիմակայելու ուղիները

Երևան, 14 ապրիլի, 2009թ. – ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, ՄԱԿ-ի, Համաշխարհային բանկի (ՀԲ) և Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան գրասենյակները կազմակերպեցին համաժողով` “Համաշխարհային տնտեսական ճգնաժամի սոցիալական ազդեցությունը Հայաստանի վրա” թեմայով: Համաժողովի նպատակն էր` քննարկել համաշխարհային տնտեսական և ֆինանսական ճգնաժամի հետևանքներն ու միջոցներ փնտրել խոցելի խմբերի վրա ճգնաժամի ազդեցությունը մեղմելու համար:
Համաժողովը բացեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա ներկայացրեց ՀՀ կառավարության քայլերը` ուղղված սոցիալական ոլորտի վրա ճգնաժամի ազդեցությունը մեղմելուն: Իրենց ղեկավարած կառույցների մոտեցումները ներկայացրեցին նաև ՄԱԿ-ի մշտական համակարգող տկն. Կոնսուելո Վիդալը, Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար պրն. Արիստոմենե Վարուդակիսը և Արժույթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցիչ տկն. Նինկե Օմեսը:
Միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները նշեցին, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը կարող է լուրջ ազդեցություն ունենալ Հայաստանի տնտեսության վրա և ազդել Հազարամյակի զարգացման նպատակներին մինչև 2015թ. հասնելու երկրի կարողության վրա: ՄԱԿ-ի, ՀԲ-ի, ԱՄՀ-ի պաշտոնյաները համաժողովի ժամանակ հնչեցրեցին այն միտքը, որ ճգնաժամի ազդեցությունն արդեն իսկ զգացվում է Հայաստանի տնտեսության և բնակչության սոցիալական վիճակի վրա:
Այնուհետև “Համաշխարհային տնտեսական ճգնաժամի սոցիալական ազդեցությունը Հայաստանի վրա” թեմայով ներկայացմամբ հանդես եկավ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Համբարձումյանը: Ըստ ոլորտների վերլուծելով ներկա վիճակը, նախարարը մանրամասն ներկայացրեց սպասվող ռիսկերը և ձեռնարկվելիք քայլերը, այդ թվում` դոնոր կազմակերպություններից ակնկալվող աջակցությունը:
Միջազգային փորձի վերաբերյալ ելույթներով հանդես եկան ՀԲ-ի տնտեսագետ Լիր Էրսադոն, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի մշտական ներկայացուցիչ Լեյլի Մոշիրի Ջիլանին և Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Էլիզաբեթ Դանիելյանը:
Ամփոփելով համաժողովի աշխատանքները, պրն. Համբարձումյանը նշեց,- “Ձեռնարկված և ձեռնարկվող միջոցառումներին զուգահեռ պետք է կարողանանք բարձրացնել համակարգի կառավարման արդյունավետությունը, մոբիլիզացնենք առկա ռեսուրսներըը, իրականացնենք ընթացիկ մոնիթորինգ: Կարծում եմ, որ ձեռնարկված քայլերը հնարավորություն կտան չեզոքացնել եղած ռիսկերը”:

ԿԻՍՎԵԼ